«Ձին մարդու արյան մեջ գաղտնագրված հույսն է»
Լույս է տեսել արձակագիր Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը։
Լույս է տեսել արձակագիր Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը – Տիկին Հարությունյան, ձեր վեպի առանցքում հայոց պատմության 20-րդ դարի ամենադրամատիկ էջերից մեկն է` «Զոդ» օպերացիան: Ինչո՞վ էր պայմանավորված այս իրադարձությունը գեղարվեստական գրականության տարածք բերելը։
– Ասեմ, որ վեպը իրագործվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, եւ երբ ես ներկայացնում էի հայտը, դեռ 44-օրյա պատերազմը չէր սկսվել, եւ մեր հայրենասիրությունն ու ցավը այսքան բորբոքված չէին: Թեեւ «Զոդ» օպերացիան մեր ծանր ու հաղթանակով պսակված մարտերից է, ես երկրորդակի իմաստ չեմ դրել թեմայի ընտրության մեջ: Պարզապես գրել եմ մարզի մասին, որտեղ ծնվել եմ, մարդկանց մասին, որոնց ես ճանաչել եմ, որոնց մեջ եղել են իմ անմիջական հարազատները, եւ առհասարակ մարդիկ, ովքեր ապրել են իմ կողքին եւ ուղղակի կամ անուղղակի ազդել են որպես անհատ իմ ձեւավորման վրա: 1918 թ. հայ-թուրքական բախումները հասել են մինչեւ մեր գյուղ՝ Կարճաղբյուր, եւ այն լեռը, որի վրա մերոնք հակահարված են տվել թշնամուն եւ վռնդել, առ օրս կոչվում է «թուրքի դոշեր»: Այդ մարտին մասնակցել է իմ հորական պապը, ինչպես եւ՝ այդ թվերին գյուղում ապրող բոլոր տղամարդիկ: Մորս կողմից՝ նրա հորեղբայրը, ինչպես որ Մարտունու շրջանում ապրող բոլոր տղամարդիկ: «Զոդ» օպերացիայի, ինչպես եւ վեպի, հերոսներից է նաեւ վարդենիկցի Տաղլարի Աղաբեկը, ուսյալ մի զինվորական, որը, ինչպես վեպում, իրականում էլ սպանվել է կոմունիստների դավադիր ձեռքով: Ի դեպ, նրա նկարով սովետական տարիներին հենց նույն գյուղում օղի է արտադրել իմ քեռիներից մեկը՝ Մակեդոնը: Եվ ցավոք, Տաղլարի Աղաբեկի մասին եւս քիչ բան է պահպանվել. այնքանը, ինչքանը կա վեպում: «Զոդ» օպերացիան գրքի մի հատվածն է միայն, որին հաջորդում է այդ տարածքի սովետականացումը, որը ակտիվորեն իրագործել է իմ մորական պապը, իմ մեծ քեռու՝ կոմունիստական ակնառու գործիչ Հենրիկ Սահակյանի կյանքից եւս շատ դեպքեր եմ վերցրել, որոնցով կերտել եմ Մովսեսի կերպարը: Մոլլան եւս իրական է՝ մորս հորական պապը, Խաչոն՝ մորս մորական պապը, նրանց կենսագրությունները կրկնել եմ նույնությամբ… առհասարակ, հերոսների այն նախատիպերի անուններն եմ թողել նույնը, երբ նրանց կենսագրությունից շատ բաներ եմ վերցրել: Երբ հերոսների նախատիպերի կյանքից հատվածներ եմ վերցրել, անունները փոխել եմ: Վեպի գործողությունները ձգվում են մինչեւ կովիդի համաճարակը: Վեպի գլուխներից ամեն մեկը կարելի է համարել առանձին վեպ կամ վիպակ, եւ այնտեղ ապրող հերոսները դրանից չեն կորցնի իրենց ասելիքն ու հմայքը: Եվ ես չէի ուզենա, որ վեպը ընկալվեր այդքան պարզունակ՝ որպես հայի ու թուրքի կռիվ: Ես այնտեղ բազմաթիվ գեղարվեստական հնարքներ եմ կիրառել, դեպքեր ու դիպաշարեր, ժանրեր եմ խառնել իրար, եւ կուզենայի, որ վեպի մասին խոսվեր նախ եւ առաջ որպես գրականության: Խուսափել եմ մարտի ու պատերազմի դաժան տեսարաններ նկարագրելուց՝ զուտ ընթերցողի, ու նաեւ իմ ջղերը խնայելու համար, որովհետեւ տեսնում ենք, թե մարդիկ ինչքան եւ ինչպես են շահարկում պատերազմի գոյությունը, երբեմն պաշտամունք դարձնելով ողբը, ինչ մանրամասներով են գրում բռնության ու դաժանության մասին, այնքան գունագեղ, որքան կերգեին սերը: Եվ ես խուսափեցի ընթերցողին վերջնականապես խելագարեցնելու մտքից: Այո, նաեւ ի ցույց եմ դրել, որ հնարավոր է հաղթել քչաթիվ զորքով: Իհարկե, հաղթանակը սվինների ծայրին է, բայց դեպի ուր ուղղել սվինը՝ որոշում ես դու: Սվինը ես թողել եմ ընթերցողի ձեռքին:
– Տեսեք, դուք կարեւոր հարցեր եք շոշափել, մասնավորապես՝ օպերացիայի մասնակիցների ու նրանց ժառանգների, թոռների ճակատագրերի մասին։ Եթե դիտարկենք օբյեկտիվորեն` ո՞րն է գրքի կարեւորագույն ուղերձն այսօրվա ընթերցողին: Եվ, առհասարակ, այն ինչո՞վ պետք է հետաքրքրի ընթերցողին։
– Մեր ժամանակը շատ են համեմատում անցած դարի քսանականների հետ: Ես ցանկացել եմ ցույց տալ, որ դա այնքան էլ այդպես չէ, մենք հիմա ավելի ուժեղ ենք, որպես պետություն՝ ավելի կազմակերպված, քան այն ժամանակ: Այն տարիներին մեր ժողովուրդը չի ունեցել այսքան հզոր սփյուռք, այսքան գրագետ մարդ, այսքան բնակիչ, այսքան զենք, այսքան պիտանի զինվոր, այսօր մենք չունենք սննդի ու հագուստի, դեղորայքի խնդիր, այսօր չունենք մահացածության այդքան բարձր տոկոս, այն ժամանակ կանայք հասարակական կյանքում այսքան ներգրավված չեն եղել եւ այլն…կարելի է էլի բաներ թվարկել: Բայց մարդիկ հաղթել են նույնիսկ այդ պայմաններում, որովհետեւ մեծ է եղել հայրենիք ունենալու ցանկությունը: Ես պատմում եմ տվյալ մարզի, տարածքի պատմությունը, որ կերտել են այնտեղ ապրող մարդիկ, որոնց շառավիղները մենք ենք: Դաժան, անմարդկային պայմաններում նրանք հայրենիք են կերտել մեզ համար: Եվ այն ընթերցողին պետք է հետաքրքրի այնքանով, որքանով իր հայրենիքի պատմությունը, որոշ դեպքերում անգամ՝ իր իսկ կենսագրությունը: Այս էպոպեայով՝ հայր-զավակ-թոռների մասին պատմելով արձանագրել կամ, ավելի ճիշտ, գույքագրել եմ կյանքը, որպեսզի հասկանալի լինի՝ վերջին հարյուր տարում ինչ արհավիրքների միջով է անցել ցանկացած հայ ընտանիք, եւ ինչ է դա նրան արժեցել: – Ինչպես տեսնում ենք «Անդրանիկի վերջին ձին» վեպում՝ մի ամբողջ գյուղ հերոս է, ինչը ինքնին հետաքրքիր, ինքնատիպ զարգացումների հիմքում է։ Վեպի ամբողջ ընթացքում գործող հերոսներին ուղեկցում է չերեւացող հերոսը՝ Անդրանիկ զորավարի վերջին նժույգը։ Իսկ եթե գանք մեր օրեր՝ որտե՞ղ պետք է փնտրել Անդրանիկ զորավարի վերջին ձին՝ հիշողության մե՞ջ, թե՞… – Այո, այստեղ ես մի փոքր խարդախություն եմ արել՝ երեք գյուղի մարդկանց բնակեցրել եմ մեկ գյուղում՝ Վարդենիկ, Արծվանիստ, Վարդենիս, կատարվող դեպքերը՝ եւս: (Ասենք՝ եկեղեցու մանուկ կնքելու ավազանը, որը Զակու Սարգիսը փրկելու եւ քողարկելու համար տանում-դնում է իր գոմում, որպես անասուններին ջրաման: Իրականում դա արել է իմ հորական պապը՝ Եգորը, երբ կոմունիստները քանդել են մեր՝ Կարճաղբյուրի եկեղեցին: Խաչոյի ամուսնության մասին խոսելիս նշում եմ Իշխանավանք եկեղեցին, որը Վարդենիկում է, որովհետեւ նա ապրել է հենց այդ գյուղում եւ այլն): Դա այն հետագիծն է, որը թողել են իմ պապերը, Անդրանիկի ձիու այն ճանապարհն է, որն անցնում է իմ ճակատագրի միջով: Սիլիկովների համհարզ Աթամը մորս հորեղբայրն էր: Ինչպես պարզվեց հետո, մայրս գլուխ էր գովել, հորեղբայրը պարզապես եղել էր Անդրանիկի զինվորը, ապա միացել Սիլիկովներին: Համհարզ չի եղել: Դեպքերի ժամանակագրությունն ու հերթականությունը պահպանել եմ նույնությամբ: Թեեւ դարձյալ մանր մեղքեր գործել եմ կերպարը կերտելիս, ասենք՝ գերանի մեջ ոչ թե Աթամն է մտել, այլ վարդենիսցի մի մարդ եւ այլն: Զարմանալի է, որ ընդամենը հարյուր տարվա վաղեմությամբ կատարված դեպքերի մասին ոչ մի հստակ տեղեկություն չի պահպանվել: Համենայդեպս, ժողովրդի հիշողության մեջ պահպանվել է ավելին, քան արխիվներում եւ դասագրքերում: Ձեռքիս է եղել նաեւ մորս հորեղբոր տղայի՝ Տելեմաքի գրած գիրքը, հույս ունեի այնտեղ շատ բան գտնել, որովհետեւ ըստ էության ակնկալում էի ականատեսի վկայությունը: Բայց ափսոսանքով տեսա, որ այնտեղ եւս արխվային թղթերի պատճեններ են, իսկ իր հոր վկայությունները, որ ամենաարժեքավորն էին, չկային, հեղինակը գրել էր, որ չի ուզում անդրադառնալ այն ցավալի դեպքերին: Ափսոս: Ունեի նաեւ վերջերս լույս տեսած «Օպերացիա «Զոդ» գիրքը (հեղինակներ՝ Ա. Գրիգորյան, Ա. Բոբոխյան): Ի դեպ, միակ հորինվածքը այդ բազմահերոս վեպում Անդրանիկի ձին է: Վերադառնալով հարցին՝ որտեղ փնտրել: Փնտրում են կորած բանը, եթե այն փոխաբերական իմաստով համարենք մեր փայփայվող ազգային երազանքը, այն կորած չէ: Ձին մարդու արյան մեջ գաղտնագրված հույսն է, անցյալը՝ որպես դատավոր, եթե կուզեք, որպես ահազանգ… Իհարկե, Անդրանիկի ձին, ինչպես գիտեք, ճերմակ է եղել: Ես փոխել եմ ձիու գույնը, որովհետեւ եթե ես լինեի Անդրանիկը, իմ ձին կարմիր կլիներ:
– Այսօր կարծես փոխվել են ընթերցողների պահանջները։ Դուք որպես արձակագիր փորձում եք բավարարե՞լ ընթերցողների պահանջները, թե՞ ձգտում եք թելադրող լինել: – Թող ինձ ներվի այս մեծամտությունը, բայց ես չեմ մտածում ընթերցողի պահանջները բավարարելու մասին: Ես մի թելադրող ունեմ՝ երկնավորը եւ մի պահանջատեր՝ լեզուն: Ընթերցողի հետ ես տիրոջ եւ ծառայի հարաբերությունների մեջ չեմ, դրա համար էլ ոչ մտածում եմ բավարարելու, ոչ էլ թելադրելու մասին: Ինչպես ասել եմ միշտ, ընթերցողը ինձ համար համահեղինակ է, գործընկեր, որի հետ մենք քնարկում կամ վերլուծում ենք կյանքը. նա պետք է մտածի, փնտրի ինձ հետ հավասար, հորինի տողատակերում ասվածը կամ առհասարակ չասվածը: Ես խուսափում եմ մանրամասն նկարագրություններից, հատկապես, երբ դրանք հոգեբանական պահեր են, որովհետեւ ընթերցողն ինձ համար թերհաս երեխա չէ, որ ամեն ինչ ծամես, բերանը դնես: Նա ունի իր կենսափորձը, իր աշխարհայացքը, գրագիտության իր մակարդակը, իր տարիքը, իր հոգեւոր պահանջմունքը, եւ ես փորձում եմ ընդամենը խթանել, որ այդ բոլորը նրա հոգում գործեն ներդաշնակ:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ