«Երազի» Մուշն ու Վտվտիկը կլինեն երեխաների ամառային արձակուրդների խելացի ուղեկիցները
Հունիսի 1-ին ընդառաջ «Երազ» մատենաշարը ներկայացրել է երեք նոր մանկական գրքեր: Հայ մանուկներն այսուհետ հնարավորություն կունենան հայերեն ընթերցել աշխարհում ամենահայտնի ու սիրված մանկական վիպակը՝ Diary of a Wimpy Kid-ը՝ «Վտվտիկի օրագիրը», որի հեղինակը ամերիկ
Հունիսի 1-ին ընդառաջ «Երազ» մատենաշարը ներկայացրել է երեք նոր մանկական գրքեր: Հայ մանուկներն այսուհետ հնարավորություն կունենան հայերեն ընթերցել աշխարհում ամենահայտնի ու սիրված մանկական վիպակը՝ Diary of a Wimpy Kid-ը՝ «Վտվտիկի օրագիրը», որի հեղինակը ամերիկացի մանկագիր, մուլտիպլիկատոր, դիզայներ և The New York Times-ի բեսթսելլեր գրող Ջեֆ Քիննին է:
9-12 տարեկանների համար նախատեսված պատկերազարդ վիպակի գրքի հերոսը Գրեգ Հեֆլին է:
«Մանկական գիրք թարգմանելն ավելի դժվար է, քան սովորական գիրք թարգմանելը. սեփական փորձով համոզվեցի: Ջեֆ Քիննի այս շարքն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 300 միլիոն օրինակ: Հավես, զվարճալի պատմություն դպրոցական չարաճճի մի երեխայի մասին, որն անընդհատ հայտնվում է ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Միջին դպրոցում նրա արկածներն անտարբեր չեն թողի ոչ մի երեխայի», - նշեց գրքի թարգմանիչ Ավետիս Հարությունյանը: 2010-ից մինչև 2016-ը ներառյալ գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։
Մատենաշարի երկրորդ գիրքը ավստրալաբնակ հայ նկարիչ և գեղարվեստական գրականության թարգմանիչ Սոնա Բաբաջանյանի հեքիաթն է՝ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը»: «Ինչո՞ւ Մուշ դժվարանում եմ ասել, բայց ուզում էի, որ հերոսը հայ լիներ: Քանի որ բնակվում եմ Ավստրալիայում, բոլոր գրքերը ավստրալացի երեխաների համար եմ ստեղծում: Մեկ մեկ վատ էի զգում, որ ոչ մի բան չեմ կարող անել մեր հայ երեխաների համար: Ուստի երբ գրքի մտահղացումր եղավ, որոշեցի անպայման գրել հայերեն ու անվանել Մուշ»,-շնորհանդեսի ժամանակ պատմեց Սոնան: Հեղինակը 6-9 տարեկան երեխաների համար հյուսել է մի հմայիչ պատմություն, որը նրանց տանում է զարմանալի արկածներով լի կախարդական ճամփորդության:
Մատենաշարի երրորդ գիրքը՝ «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը, նախատեսված է ծնողների համար: Հեղինակները երկու ամերիկացի մանկական հոգեթերապևտներ են: Գրքի թարգմանիչ Վարդուհի Մկրտչյանի խոսքով սա հրաշալի ուղեցուց է ծնողների համար, թե ինչպես ճիշտ անցնել երեխայի դաստիարակության բոլոր դժվար փուլերով:
«Վստահ եմ, որ հայ ծնողները, օգտվելով այս գրքից, կհասկանան, որ կարգապահությունը, ոը սովորաբար վերածվում է արգելքի, պայքարի հետ, այնքան է այդպես չէ, և այն իրավիճակնեը, որում հայտնվում են ծնողները` երեխաների վատ վարքի պատճառով, կարող է նրանց համար դառնալ հնարավորություն, որպեսզի ոչ միայն այդ պահին շտկեն երեխայի պահվածքը, այլ հետագայում նույնպես»,-գիրքը ներկայացնելուց նշեց Վարդուհի Մկրտչյանը:
Մատենաշարի խորհրդանիշը «թռչող միաեղջյուրն» է, որի պատկերը գրքերի վրա է, իսկ երանգը հուշում է՝ որ գործն ինչ տարիքի համար է նախատեսված։ «Երազի» գրքերն ունեն նաև հատուկ՝ «հեքիաթ» տառատեսակ, որը հեշտ ընթեռնելի է։
«Երազ» մանկական մատենաշարը նախաձեռնել է Newmag հրատարակչությունը՝ «Երազ Փրոջեքթս»-ի հետ համատեղ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը