Երազում էի,որ ինձ հանդիպեր այն միակը,ով «կտիրեր» այդ սիրուն. Անի Քոչար
Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է լրագրող, «Հանձնվել չկա՛» մոտիվացիոն գրքի հեղինակ Անի Քոչարը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը «Ես» ամսագրի, մեդիա ոլորտի գրագիտության, քաղցկեղի դեմ պայքարի իրական պատմության, անկեղծության և սիրո մասին:
Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է լրագրող, «Հանձնվել չկա՛» մոտիվացիոն գրքի հեղինակ Անի Քոչարը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը «Ես» ամսագրի, մեդիա ոլորտի գրագիտության, քաղցկեղի դեմ պայքարի իրական պատմության, անկեղծության և սիրո մասին:
-Դուք մեդիա ոլորտում եք արդեն 20 տարի: Ձեզ գոհացնում է Հայաստանի մեդիա ոլորտի աշխատանքը: -Այո, մեղիա ոլորտում եմ արդեն 20 տարի. դպրոցական էի, երբ սկսեցի իմ լրագրողական գործունեությունը մանկապատանեկան մամուլից և հասա մինչև սեփական մեդիաընկերություն ստեղծելն ու լուրջ հաջողություններ գրանցելը: Այն ժամանակյա և այսօրվա մեդիաոլորտը կտրուկ տարբերվում են, և գլխավոր «մեղավորը» սոցիալական մեդիաներն են: Դրանք բազմաֆունկցիոնալ են և միաժամանակ մրցակցում են թե՛ տպագիր, թե՛ հեռուստառադիո և թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցների հետ: Խելահեղ մրցավազքն ու գերօպերատիվության ձգտումը շատ է ազդել մեդիա ոլորտի գրագիտության, բովանդակության, խորքայնության և էթիկայի վրա, ինչն ինձ, բնականաբար, գոհացնել չի կարող:
-2021 թվականին լրանում է «Ես» ամսագրի 15-ամյակը: Ցանկություն չկա՞ կրկին վերադառնալ տպագիր տարբերակին : -«Ես» ամսագիրն այս տարի կդառնար 15 տարեկան, հանգամանքները ստիպեցին, որ ես դադարեցնեմ տպագրությունը մի ամսագրի, որը գրեթե 10 տարի ամենապահանջակված և ընթերցվող տպագիր հանդեսն էր Հայաստանում: Դադարի այս մի քանի տարիների ընթացքում ոլորտում այնքան փոփոխություններ են եղել, սոցմեդիաները խաղի բոլորովին նոր կանոններ են թելադրում , և շատ անորոշ ու ռիսկային է տպագիր մամուլի հրատարակություն վերսկսելը: Անկեղծորեն՝ մինչ այժմ ընթերցողները սոցմեդիաներով գրում են ինձ, դիմում խնդրանքով՝ վերադարձնելու իրենց սիրելի «Ես» ամսագիրը: Ես նույնպես մշտապես այդ մասին մտածում եմ և պրպտում մի նոր ձևաչափ, որն այժմեական կլինի և մրցունակ: Ես միջակ որևէ բան անել չեմ սիրում: Իմ նախագծերը կա՛մ պետք է լավն ու պահանջարկված լինեն, կա՛մ չլինեն, քանի որ ինքնանպատակ որևէ բան անելու ցանկություն չկա:
-Դուք խիզախեցիք հայ հասարակության մեջ հրապարակավ խոսելու ձեր ամենածանր հիվանդության և այն հաղթահարելու մասին: «Հանձնվել չկա՛» մոտիվացիոն գիրքը քաղցկեղի դեմ պայքարի ձեր իրական պատմությունն է: Չկա՞ր մտավախություն, որ ձեր անկեղծությունը այլ կերպ կընկալվի: -Մտավախություններ, ինչ խոսք, կար, ինչպես ցանկացած նախագծից կամ մեծ գործ սկսելուց առաջ: Բայց ես խիզախում եմ միշտ այն պարագայում, երբ գիտեմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որ այն կարող է շատերին օգտակար լինել, ոգեշնչել, դրական օրինակ ծառայել: Գրքի ընթերցողներից բացառապես դրական արձագանքներ եմ ստացել, իսկ նրանք, ովքեր չեն կարդացել և շտապում են չհիմնավորված չարախոսությամբ զբաղվել, նմաններին հորդորում եմ միայն գիրքն ուշադիր կարդալ և նոր միայն արտահայտվել: Իրականում «Նյումեգի» այս առաջարկը և գրքիս բովանդակությունը դեռևս տասնամյակներ հետո է գնահատվելու ըստ արժանվույն, երբ այն շատերի կյանքը փոխել կհասցնի:
-Գրքում առանձին տեղ եք տվել կանացի վարսերին, նշել էիք, որ ձեր ինքնավստահությունը հենց փարթամ վարսերն էին:Կայի՞ն կանացի նրբություններ,որոնք չեք նշել գրքում,սակայն կուզեիք դրա մասին էլ խոսել: -Իրականում գրքում եղել եմ առավելագույնս բաց, անկեղծ և անկաշկանդ, որքանով որ պատրաստ է նաև հայ ընթերցողն ընդունել և ընկալել, բայց շատ ինտիմ մանրամասները երբեմն շրջացել եմ, քանզի որպես կին դժվար է հազարավոր մարդկանց առջև այդչափ բացվելը, բայց դրանից գրքի անկեղծությունն ու իրական լինելը չի տուժել: -Գրքում գրել եք նաև սիրո մասին, անկեղծորեն նշել եք, որ ունեիք սիրո և սիրած տղամարդու կարիք,սակայն այդպես էլ օտարազգի որևէ մեկին չընդունեցիք Ձեր կողքին:Մշակութային տարբերություննե՞րն են խանգարել ձեզ: -Այո, ես ունեի իրական սիրո կարիք, իմ մեջ տարիների կուտակված այնքան սեր, զգացմունք և կիրք կար, որ ես ցանկանում էի այն արժանի մեկին նվիրել, երազում էի, որ ինձ հանդիպեր հենց այն միակը, ով «կտիրեր» այդ սիրուն: Ում կնայեի և ապրելս կգար: Շուրջս այնքան երկրպագուներ էին պտտվում, բայց ինչպես ասում են, սրտին չես թելադրի: Իսկ, երբ հանդիպեցի նրան, ապա կասկած չունեի, որ հենց նրան եմ ուզում ընծայել սերս ու զգացմունքներս: Անձնականի մասին թերևս այսքանը:
-Որոշ ժամանակ անց ձեր սիրտը կրկին թակեց սերը:Կրկի՞ն նախախնամություն էր, թե՞... -ԱՍՏԾՈ գործերն անքննելի են, նա գիտի ինչ, ինչպես և երբ: Ամեն բան այնքան պատահական և անակնկալ կերպով ստացվեց, որ մարդու հավատ չի գալիս: -Կարծում եք՝ կանայ՞ք են ընտրում տղամարդկանց: -Երկու հոգեհարազատ սրտեր՝ հոգիներ ընտրում են միմյանց. սա իմ պատկերացրած ընտրությունն է: Իսկ եթե կա փոխհարաբերություն, որտեղ մեկն ընտրել է մյուսին, իսկ վերջինս սոսկ համակերպվել, ապա դա, ըստ իս, լիարժեք և ներդաշնակ միություն լինել չի կարող:
-Ուշացած սերեր լինու՞մ են: -Ե՛վ այո, և՛ ոչ: Ոչ, քանզի հուսով եմ, որ ամեն բան լինում և պատահում է իր ճիշտ ժամանակին, իսկ այո, որովհետև, երբեմն լավ կլիներ, որ այդ լավ բանը քեզ պատահեր շատ ավելի շուտ և գուցե այդ պարագայում կյանքումդ ավերածություններ և դժբախտություններ ավելի քիչ կպատահեին: -Ե՞րբ պատրաստ կլինի գրքի աուդիո տարբերակը: -Գրքի աուդիոտարբերակը վաղուց պետք է պատրաստ լիներ, պարզապես «Նյումեգ» հրատարակչատունը զբաղված էր այլ մեծ նախագծերով (այդ թվում գրքի ամառային փառատոնը, որի հյուր հեղինակներից էի նաև ես): Բայց շատ շուտով լսարանին կմատուցվի նաև աուդիոգիրքը:
-Ինչի՞ մասին կլինի Անի Քոչարի հաջորդ գիրքը... -Հաջորդ գիրքն արդեն իսկ գրվում է. իմ պարագայում այն կրկին կյանքն է գրում, ես միայն արձանագրողն եմ լինելու: Նոր գիրքը լինելու է նախորդի տրամաբանական շարունակությունը և այն, որ կյանք կա՛ քաղցկեղից և ավերիչ քիմիաթերապիաներից հետո: Որ կյանք կա անգամ ամենածանր փորձություններից և հարվածներից հետո: Որ, չնայած բոլոր փորձություններին՝ երբեք ու երբեք չպետք է չարանալ և հարց տալ, թե ինչո՞ւ ես: Ապա ո՞վ... Որևէ մեկը թող չանցնի սարսափով, բայց, եթե հենց քեզ է տրվել կյանքի այդ հարվածը, ապա պետք է չհանձնվել և որևէ պարագայում: Պայքարել, և սիրով ու հոժարությամբ անցնել այդ ուղին: Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Նյութի աղբյուրը` Yelaket.am
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը