«Երևանյան բեսթսելեր». Մենսոնի գրքերն ամենապահանջվածն են
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։
Առաջին հորիզոնականում է Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը, որը համաշխարհային բեսթսելերներից է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 40 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Երկրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը բարելավելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով՝ երբեմն նաև անպատշաճ հումորով։
Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» երրորդ տեղում է: Այս գրքում մեծ շանսոնյեն խոսում է ամենատարածված հարցերի մասին։ Ինչո՞ւ է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպե՞ս վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում եւ ֆեյք լուրերի հոսքում։ Եվ ե՞րբ ու ո՞ր տարիքում է պետք վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում եւ քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։
Չորրորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» հինգերորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով իրար է միախառնել սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունը՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:
Վեցերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» յոթերորդ տեղում է: Գիրքը գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց և տարբեր լեզուներով թարգմանվելուց, վերամշակումից ու բազմիցս վերահրատարակվելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։
Ութերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը: Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոնին, Նիցշեին և Թոմ Ուեյթին, նա քարը քարին չի թողնում այն ուղիներից, որոնք միանման են դարձնում կրոնն ու քաղաքականությունը: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:
Իններորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Տասներորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շերլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։