Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը
04/01/2025

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր հայտարարվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողի անունը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ անցյալ տարի ՀՀ-ն դարձել է «Գոնկուր» գրական մրցանակի ընտրություն կատարող 39-րդ երկիրը։ Նախաձեռնությունն իրականացվում է «Նյումեգ» հրատարակչության հետ գործընկերությամբ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ։
Հաղթող գրքի ընտրությունը կատարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժիններում սովորող 30 ուսանողից կազմված ժյուրին: «Գոնկուր» ակադեմիայի կողմից առանձնացված 8 գրքից հաղթող է ճանաչվել Գաել Ֆեյի «Ջակարանդա» գիրքը (Gaël Faye “Jacaranda”), որը պատմում է Ռուանդայի ցեղասպանության մասին, բայց նաև սիրո և մարդկային ճակատագրերի մասին հուզիչ պատմություն է: Հաղթող վեպը կթարգմանվի հայերեն և լույս կտեսնի «Նյումեգ» հրատարակչության կողմից:
Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին և հաղթողին` նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Գոնկուր» գրական մրցույթի անցկացումը Հայաստանում հաջողություն է:
«Ուրախ եմ, որ հայ ուսանողները բարձր մակարդակի գրականություն են կարդում բնագրով, տվյալ դեպքում՝ ֆրանսերենով: Այս մրցույթին մասնակցությունն աշխարհի առաջադեմ երիտասարդության հետ հաղորդակցվելու ձև է: Անկախ բնակության վայրից և երկրից բոլոր երիտասարդներն ունեն ընդհանուր խնդիրներ և միասնական մտածողություն տարբեր հարցերի շուրջ։ Տարիքին բնորոշ էմոցիաները, սերը, աշխարհը դեպի լավը փոխելու ազնիվ մղումը և մյուս հարցերը, բնորոշ են բոլոր երիտասարդներին: Այդ գաղափարների իրագործման համար գիտելիքն առաջնային կարևորություն ունի, որը ձեռք է բերվում գրքերի միջոցով»,- ասել է Դանիել Դանիելյանը` շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպմանը մասնակցող ուսանողներին և բուհերին:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր գրահրատարակչության ոլորտի զարգացման նպատակով: Նա նշել է, որ առաջիկայում նախարարության աջակցությամբ մեր երկրի պատվիրակությունը կմասնակցի Փարիզի գրքի միջազգային փառատոնին: Բացի այդ՝ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Լայպցիգի և Ֆրանկֆուրտի գրքի փառատոներին:
«Հայաստանն ու Ֆրանսիան գրական հարուստ ժառանգություն ունեցող երկրներ են: Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում ստեղծված գրականությունը մարդանց խորհելու, մտածելու մեծ գաղափարներ է տալիս»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին` ընդգծելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում «Գոնկուր» գրական մրցանակի անցկացման կարևորությունը:
Նշենք, որ Հայաստանում «Գոնկուր» գրական մրցանակի ընտրության մեկնարկը տրվել է 2024 թվականի հոկտեմբերի 12-ին «Ֆրանկոֆեստ» միջոցառման շրջանակում: Երևանում անցկացված մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել հայտնի գրող, փիլիսոփա և ֆրանսիական Գոնկուրի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները և «Գոնկուր» ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։
Նախաձեռնությունը կանցկացվի ամեն տարի. նպատակը Հայաստանում ժամանակակից ֆրանսալեզու գրականության համար մրցանակի սահմանումն ու հաղթող ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ հրատարակումն է:
Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Ընտրությանը մասնակցում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրին։
Կարդա նաև

«Կոտրված վահան». արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառների վերլուծություն

Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին

Հայաստանում Գոնկուրյան մրցանակի առաջին դափնեկրի անունը կհայտարարվի մարտի 31-ին

«Կոտրված վահան». փորձագիտական պատասխաններ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցին
