BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հաղորդում՝ եվրապատգամավորներին կաշառելու Ադրբեջանի

Հաղորդում՝ եվրապատգամավորներին կաշառելու Ադրբեջանի հանցագործության մասին. «Խավիարային դիվանագիտություն»-ը թարգմանվել է հայերեն

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանկարժեք ժամացույցներ, մետաքսյա գորգեր, զարդեր, միլիոնավոր դոլարներ. այս ու շատ այլ թանկ նվերներով Ադրբեջանը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, ԵԽԽՎ-ում ձայներ է «գնել»:

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանկարժեք ժամացույցներ, մետաքսյա գորգեր, զարդեր, միլիոնավոր դոլարներ. այս ու շատ այլ թանկ նվերներով Ադրբեջանը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, ԵԽԽՎ-ում ձայներ է «գնել»: Այս փաստերն արձանագրել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցը: Լրագրող-թարգմանիչ Սիրանույշ Մուրադյանը Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ աղմակահարույց այս զեկույցը թարգմանել է հայերեն, գիրքը լույս է ընծայել «Նյումեգ»-ը: «Արմենպրես»-ը զրուցել է Սիրանույշ Մուրադյանի հետ, ով զեկույցը թարգմանել է ոչ միայն զուտ որպես թարգմանիչ, այլ նաև որպես լրագրող, ով լրագրողական ակտիվ գործունեության շրջանում լուսաբանել է ԵԽԽՎ գործունեությունը, անձամբ շփվել եվրապատգամավորների հետ:

«Երբ որպես լրագրող լուսաբանում էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները, այս զեկույցն անընդհատ իմ տեսադաշտում էր, մշտապես օգտվում էի դրանից, զեկույցից վերցնում էի կոնկրետ հասցեական տվյալներ, իմանում էի կաշառված անձանց տեղերը, որոնք, փաստորեն, Բաքվի հետ համագործակցելով, խայտառակ կոռուպցիոն գործարքի մեջ են եղել: Միշտ կար ցանկություն՝ փորձելու այն դարձնել հայերեն, որ հասանելի ու ավելի մատչելի լինի նաև հայալեզու լսարանին»,-պատմում է Սիրանույշ Մուրադյանը:

Նա զեկույզը սկսել է թարգմանել 2020-ին՝ պատերազմի տարում, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսումնասիրել է թարգմանական գործը: «Ես արդեն սկսել էի հայերեն թարգմանությունը, երբ սկսվեց պատերազմը: Երբ Ադրբեջանն օգտագործում էր ֆոսֆորային զենք, որն արգելված է եվրոպական կոնվենցիայիով, երբ ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, երբ մի շարք իրավական միջազգային նորմերի խախտումով պատերազմ էր վարում, ես ավելի անհագ ցանկությամբ էի ուզում հնարավորինս շուտ ավարտին հասցնել թարգմանությունը»,-ասում է նա:

Պատերազմի ավարտից հետո լրագրող-թարգմանիչն ընդհանուր վատ տրամադրության, հիասթափության իրավիճակում կանգնեցրել է աշխատանքը: Սակայն հետո, մանավանդ տեսնելով, որ հակառակորդը շարունակում է նույն ձեռագիրն Արցախի նկատմամբ՝ հստակ որոշել է ավարտին հասցնել սկսած գործը, որն ավարտելուն աջակցել է «Նյումեգ»-ը:

«Եվրոպական կայունության նախաձեռնության Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցի առաջին մասը հրապաևակվել է 2011-2012 թթ, երկրորդ մասը՝ 2016-2017 թթ:

«Խավիարային դիվանագիտությունը» Եվրոպական կայունության նախաձեռնություն հայտնի հետազոտաական կենտրոնի ուսումնասիրությունն է, տարիների աշխատանքը: Դա Բաքվում երկարատև դիտարկումների, Բաքվի ժողովրդավարական իրավիճակի ուսումնասիրության, Եվրոպայի խորհրդում հետազոտությունների արդյունքում հրապարակված զեկույց է: Զեկույցի առաջին մասը ներկայացնում է Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումները, այլախոհների նկատմամբ հետապնդումներին վերաբերող հակաժողովրդավարական իրավիճակը: Իսկ արդեն երկրորդ հատվածն ավելի շատ վերաբերում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, թե ինչպես է այդ երկիրն արտաքին ճակատում, գործի դնելով իր բոլոր հնարավորությունները, «գնել», կաշառել եվրոպական քաղաքական գործիչներին: «Ադրբեջանը, եվրոպացի գործիչներին կաշառելով, նպատակ է ունեցել հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում յուրայիններ ձեռք բերել եվրոպական քաղաքական «էլիտայում», որոնք ԵԽԽՎ-ում, հօգուտ Ադրբեջանի ձայներ, բանաձևեր կկորզեն: Զեկույցը դրվագ առ դրվագ ներկայացնում է Բաքվի կոռուպցիոն քաղաքականությունը, թե կոնկրետ որ հասցեով պետք է գնալ, որ պատգամավորի հետևից պետք է գնալ: Մանրամասն ներկայացվում է, թե եվրոպացի այդ պատգամավորներն ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել Ադրբեջանի հետ, որքան գումար են վերցրել»,-պատմում է Մուրադյանը:

Հայերեն թարգմանությամբ գրքի շապիկին հենց ամենաակնառու կաշառված պատգամավորներն են՝ Աքսել Ֆիշերը, Պեդրո Ագրամունդը, Կարին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, վերջինս 4 տարով դատապարտվել է: Կարին Շտրենցն ինքնաթիռում հանկարծամահ է եղել, նրան զրկել էին անձեռնմխելիությունից, խուզարկել էին գրասենյակը, տունը:  

Մուրադյանն ընդգծում է՝ օրինակ, Բունդեսթագի պատգամավոր Էդուարդ Լինթները տարօրինակ կերպով շատ մեծ գումարների գործարքներ է կատարել: Գերմանիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Բունդեսթագի մի շարք պատգամավորների նկատմամբ: Լրագրող-թարգմանիչը նկատում է՝ աննախադեպ իրավիճակ է. Գերմանիայի նման ժողովրդավար համարվող երկրի  օրենսդիր մարմնում մարդիկ կաշառվել են, գումար վերցրել Բաքվից՝ աշխատելու հօգուտ նրա: «Կասկածներ կան, որ Էդուարդ Լինթները Բաքվից 4 մլն եվրո է վերցրել և բաժանել նաև Աքսել Ֆիշերին, Ադրբեջանի լոբբիստներին: Այսինքն, գումարը բաշխվել է մարդկանց միջև, որոնք կոնկրետ գործառույթ պետք է իրականացնեին»,-ասում է Մուրադյանը:

 Ըստ լրագրող-թարգմանչի՝ Գերմանիայի իրավապահները պետք է գնան նաև այն մարդկանց հետևից, որոնց անունները որևէ ձևով տեսադաշտում կան, պետք է հետաքննեն ու պարզեն՝ նրանք Բաքվի կոռուպցիոն գործարքների հետ կապվա՞ծ են, թե՞ ոչ և ինչպե՞ս են կապված:

«10 տարուց ավելի է, որ այդ մարդկանց անունները հրապարակվել են զեկույցում: Սակայն իրավապահները նոր են  բացահայտումներ  անում:  «Խավիրարային դիվանագիտությունը» եվրոպական անկախ կառույցի հաղորդումն է հանցագործության մասին՝ եվրաչինովնիկների վերաբերյալ»,-ասում է Մուրադյանը:

Նա ընդգծում է՝ կա այդ զեկույցը, Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի զեկույցը, փաստեր, որոնք սեղանին են, և ուրեմն՝ պետք է գնալ դրանց հետևից:

«Ադրբեջանը ոչ միայն խավիարով է կերակրել եվրաչինովնիկներին. «Ռոլեքս» ժամացույցներ, մետաքսյա գորգեր, մանրմնավաճառներ և այլն: Եվ այս ամենը նրա համար, որ իրենց երկրի օգտին լոբբիզմ իրականացնեն: Մինչև այսօր էլ Ադրբեջանն իր այս քաղաքականությունը շարունակում է: Այսօր էլ Ադրբեջանը «նավթագազային շանտաժ» է անում»,-նկատում է Մուրադյանը:

Գրքում շատ պարզ ներկայացված են փաստերը, կաշառված գործիչների անունները: Եվ ըստ լրագրող-թարգմանչի՝ պետք է դիմել կոնկրետ երկրի՝ կոնկրետ հարցով, թե ինչ են արել այդ պատգամավորների հարցով: «Զեկույցը փաստացի ճանապարհ է, թե որ ուղղությամբ, ում հետևից գնալ, որ ազգային խորհրդարանին դիմել: Չէ՞ որ այդ մարդիկ խայտառակում են նաև իրենց երկրները»,-ասում է նա:

Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել: Լրագրող-թարգմանիչը վստահ է՝ դրա համար էլ այդ երկրի համար «կանաչ լույս» է վառվել՝ հիմա Լաչինի միջանցքը փակելու ու մարդասիրական ճգնաժամ առաջացնելու համար: Այսօր էլ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անտեսում է Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որոնք պարտադիր իրավական ուժ ունեն: Սակայն Ադրբեջանը փաստացի արհամարհում է միջազգային բարձրագույն ատյանների որոշումները: Ըստ Մուրադյանի՝ այստեղ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը: Նա վստահ է, որ դեռ այսօր էլ Ադրբեջանի օգտին գործող, կաշառված պատգամավորները կան:

Լրագրող-թարգմանիչը նշում է՝ և Բունդեսթագի պատգամավորներ, և  մի խումբ քաղաքական այլ գործիչներ կաշառվել են՝ անուղղակիորեն աշխատելով ընդդեմ Հայաստանի: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, Բունդեսթագը անելիք ունեն: Գործուն քայլերի պետք է գնան: Հենց այդ անպատժելիությունն է ծնել Ադրբեջանի կողմից նոր հանցագործություններ»,-ասում է նա:

Մուրադյանն առաջիկայում մտադիր է նաև Հայաստանի համար շատ կարևոր այլ փաստաթղթեր ևս թարգմանել:

Աննա Գրիգորյան

Տարածել