Գլխավոր Մեդիալուսաբանում

Հայ ընթերցողին դատին հանձնավեց ֆրանսահայ լեգենդար

Հայ ընթերցողին դատին հանձնավեց ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը

newmag-y-n

Հայալեզու ընթերցողի դատին հանձնվեց հերթական համաշխարհային սպորտային բեսթելերը՝ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի «Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» ինքնակենսագրականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսին, որը հրատարակել է «Newmag» հրատարակչական ընկերությունը, ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը: Վերջինս հույս հայտնեց, որ ֆրանսալեզու գրականության հայերեն թարգմանությունները նոր ամուր կապեր կստեղծեն երկու երկրների միջև: «Կարևորում եմ այս թարգմանությունները, քանի որ այս կերպ ժողովուրդները մեկը մյուսի ստեղծագործություններին ծանոթանան»,-շեշտեց Լաքոթը:

Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականումՋորկաեֆը բացատրում է, թե որտեղ եւ ինչու է ստացել SNAKE մականունը:

Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու երևանյան այցերին: Հայաստանը նա համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան։ Պաթետիկ չէ եւ ոչ էլ չափազանցված, որ Ջորկաեֆը Հայաստան-Ֆրանսիա խաղում Հայաստանի հիմնը լսելիս հազիվ է զսպել, որ չերգի նաև մեր օրհներգը։ «Մեր հայրենիքը» նա սովորել էր անգիր։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Երեւան մեկնելուց առաջ դրամահավաք է կազմակերպել խաղընկերների շրջանում. 25 հազար ֆրանկով Հայաստանում 2 դասարան կառուցվեց։ Դեպքի նախապատմությունը գրքում ավելի հետաքրքիր է ներկայացված։ Ջորկաեֆը Հայաստան այցելում է գրեթե ամեն տարի, մասնակցում բարեգործական եւ սպորտային միջոցառումների։ Այս ինքնակեսագրականը ուղեցույց է սփյուռքում ապրող հայ մարզիկների համար, թե ինչպես կարելի է հաջողակ կարիերային զուգահեռ չմոռանալ արմատների մասին։

Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն եւ Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։

Armenpress.am

Տարածել