«Հայաստանը գիտեին կոնյակով ու բնությամբ, ապշում էին, որ ՏՏ ոլորտի լուրջ ներուժ է եղել». DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Newmag-ի եւ DataArt-ի համագործակցությամբ ստեղծվել է «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը, որի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է։
Newmag-ի եւ DataArt-ի համագործակցությամբ ստեղծվել է «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը, որի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է։ Վերջինս պատմում է 1956 թ. բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների ու նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին: «Երբ 2019թ. DataArt-ի շրջանակում նյութեր էինք հավաքում մեր նոր նախագծի համար, սկսեցինք հարցազրույցներ վերցնել ինժեներներից, նախագծման աշխատանքներում ներգրաված աշխատակիցներից, ԽՍՀՄ-ի ժամանակների ծրագրավորողներից, նաեւ ուսումնասիրեցինք այդ նյութերը` կապված մաթեմատիկական մեքենաների ու հաշվողական տեխնիկայի պատմության հետ: Պարզվեց, որ նախագծման աշխատանքների ահռելի մասն իրականացվել է Երեւանում: Այդ ամենի հիման վրա ստեղծեցինք ցուցահանդեսը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակ Ալեքսեյ Պոմիգալովը` ներկայացնելով «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը: «Ակնհայտ էր, որ մեզ հասանելի նախկին Խորհրդային Միության կենտրոններով սահմանափակվելով` գործը գլուխ չէինք բերելու: Ճակատագրի բերումով ծանոթացանք DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանի հետ, նրա շնորհիվ էլ` Մերգելյան ինստիտուտի, այսինքն` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տասնյակ ինժեներների հետ, խոսեցինք նրանց հետ եւ պարզվեց, որ չափազանց հետաքրքիր պատմություններ կան, թե ինչպես են ստեղծվել առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաները, ինչ նախագծումներ են արվել ժամանակին»,-հավելեց նա:
«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակներից Ալեքսանդր Անդրեեւն էլ նշեց, որ սկզբում շատ բան չգիտեին Հայաստանում ստեղծված մաթեմատիկական մեքենաների եւ դրանք նախագծած ինժեներների մասին. «Մեզ զարմացրեց, թե յուրահատուկ մշակութային միջավայր է տիրում եւ զուգահեռ ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում: Դա կապված էր եւ հայրենադարձության, եւ Խրուշչովյան ձնհալի ժամանակների հետ: Հենց այդ մշակութային վերափոխումների եւ հասարակական զարգացումների արդյունքում շատ ազատամիտ միջավայր էր ստեղծվել, ինչը նպաստում էր նաեւ այս ոլորտի զարգացմանը: Տեխնոլոգիական այս վերելքն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայաստանում ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, որոնք սկսեցին կիրառվել եւ մեծ հանրաճանաչություն ձեռք բերել ոչ միայն ամբողջ ԽՍՀՄ-ում, այլեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, նույն Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում»: