Հայերեն է թարգմանվել Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խայտառակ արարք» գիրքը
Թուրք պրոֆեսոր, տասը գրքի հեղինակ Թաներ Աքչամը «Խայտառակ արարք» աշխատանքում անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու թուրքերի պատասխանատվության հարցին: Պատմաբանը ծավալուն ուսումնասիրությունից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրնե
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որը հրատարակել է «Newmag»-ը, թարգմանվել է հայերեն: Այն ընթերցողին ներկայացվեց ապրիլի 21-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում:«Այս նյութերը և դրանց թարգմանությունը կարևոր են, քանի որ հայերի ցեղասպանության մասին յուրաքանչյուր նոր գիրք նոր փաստեր է վեր հանում, մեզ՝ հայերիս, և մեր բարեկամներին ողջ աշխարհում զինում է փաստերով և փաստարկներով՝ լռեցնելու այն ձայները, որոնք փորձում են մոռացության տալ Հայոց ցեղասպանության հարցը»,-նշեց գրքի թարգմանիչ Լիլիթ Թութխալյանը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքով՝ Աքչամը գիրքը գրել է՝ նպատակ ունենալով պայքարել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ, և նա օգտվել է հիմնականում օսմանյան փաստաթղթերից: «Աքչամը շատ բծախնդիր է եղել, պրպտել է բոլոր հասանելի նյութերը՝ մեջլիսի արձանագրությունները, ռազմական փաստաթղթերը, հուշագրությունները և այլն: Այսպիսով` գիրքը դարձել է հզոր զենք Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ»,-շեշտեց թուրքագետն ու հավելեց, որ գիրքը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում նկարագրվում է, թե ինչպես է դեռևս նախաերիտթուրքական շրջանից հասունացել Հայոց ցեղասպանության որոշումը, երկրորդ մասում ներկայացվում է բուն ցեղասպանությունը, փաստերով ապացուցվում, որ այն կազմակերպվել և իրականացվել է պետական մակարդակով, իսկ երրորդ մասում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունից հետո հանցագործներին պատժելու համար արված փորձերը, նշվում, թե ինչու են այդ փորձերն անհաջողության մատնվել:
«Խայտառակ արարք» գրքում Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները:
Հարցազրույցներից մեկում հեղինակն ասում է՝ շատ երջանիկ է, որ հայերը կարող են գիրքն ընթերցել հայերեն և տեսնել, քննադատել այն աշխատանքը, որն ինքն է անում: Նա նշում է, որ իրեն հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլինեն: Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին՝ Աքչամն ընդգծում է՝ գիտի, իսկ հայերն իրենից լավ գիտեն, որ հաղթահարել են բազմաթիվ արհավիրքներ, կհաղթահարեն այդ մեկը ևս, կպահպանեն հավատն իրենց հանդեպ:
Ըստ The New York Times Book Review-ի՝ «Խայտառակ արարք» գիրքը տպավորիչ աշխատանք է, որը լույս է սփռում Օսմանյան կայսրության իրագործած՝ հայերի ցեղասպանության ու տեղահանության վրա:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը