Հայկական խոհանոցի առանձնահատկություններն ու գաղտնիքները մեկ գրքում. Քրիստինե Գրիգորյանը Երևանում կներկայացնի «Ավանդական ճաշասեղան»-ը
06/23/2024
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքի հեղինակ Քրիստինե Գրիգորյանը, որ երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, գրքի միջոցով ընթերցողներին է փոխանցել մանկության հիշարժան դրվագները, հետաքրքիր պատմությունները, ընտան
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքի հեղինակ Քրիստինե Գրիգորյանը, որ երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, գրքի միջոցով ընթերցողներին է փոխանցել մանկության հիշարժան դրվագները, հետաքրքիր պատմությունները, ընտանեկան ավանդույթները, որոնց կարևորագույն մասն է հայկական խոհանոցն իր յուրահատուկ և համեղ ուտեստներով: Գրիգորյանը բացահայտել է թե՛ ավանդական, թե՛ հեղինակային խոհանոցի գաղտնիքները, գեղարվեստորեն ներկայացրել պատրաստման եղանակները:
Ասում է՝ ավանդական ուտեստներ պատրաստելը, նոր բաղադրատոմսեր հնարելն օգնել են օտար հողում առնել հարազատների կարոտը, հայ մնալ ու չկորցնել ինքնությունը:
Գրքի և՛ հայերեն, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն տարբերակները հնարավոր կլինի ծանոթանալ «Նյումեգ»-ի գրքի ամառային փառատոնին՝ «Newmag Summer Fest 2024», որն անցկացվելու է հունիսի 22-23-ին «Երազ» այգում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանն ընդգծում է՝ բաղադրատոմսերի մեծ մասն իրեն են փոխանցվել տատիկներից և մայրիկից: Հետաքրքիր են նաև իր ստեղծած բաղադրատոմսերը:
«Փորձիս հիման վրա ստեղծել եմ նոր բույրեր, նոր համեր, որոնք ինչ-որ չափով առնչվում են հայկական խոհանոցին: Գրքում ամեն բաղադրատոմսի հետ ներկայացված է որևէ պատմություն, ավանդույթ, կան նաև ազգագրական նյութեր, որոնք հազվագյուտ են: Ներառել եմ այդ տեղեկությունները, որ ընթերցողները կարողանան հետաքրքրությամբ գիրքը կարդալ: Այն ոչ միայն ճանաչողական իմաստով է գրավիչ, այլև՝ գեղարվեստական»,-ասում է նա և հավելում՝ ընդգրկել է արձակ ստեղծագործություններ ևս, որոնք դիպչում են յուրաքանչյուրի սրտին:
Գրքում հնարավոր է գտնել բաժիններ՝ նվիրված հացին, լավաշով կերակուրներին, խորտիկներին, կարկանդակներին, աղցաններին, ապուրներին, անուշեղենին և այլն: Քրիստինե Գրիգորյանի տատիկները երբեմն չեն կարողացել բացատրել մի շարք ուտեստների հետ կապված ծեսերի, արարողությունների խորհուրդը: Գրքի հեղինակի համար ամեն ինչ պարզ է դարձել տարբեր ուտեստներին վերաբերող նյութերն ուսումնասիրելու ընթացքում: Այն, ինչ զետեղված է գրքում, հիմնավորված է:
Գրիգորյանը ծննդով Գավառից է, ուստի մեծ ուշադրություն է դարձրել տեղի խոհանոցին: Նա պատկերավոր խոսել է Գավառի գաթայի մասին, որն իր կառուցվածքով տարբերվում է այլ գաթաներից: «Պատրաստման տեխնոլոգիան յուրահատուկ է. խմորը գրտնակելուց և խորիզը լցնելուց հետո մեկ անգամ գրտնակում են, հետո երկրորդ շերտն են լցնում ու կրկին գրտնակում, և այդ տեխնոլոգիան ապահովում է բազմաշերտությունը, ստացվում է փափուկ, հաջող կառուցվածք: Հետաքրքիր է Գավառի կոլոլակի պատրաստման արարողությունը, թե ինչպես են հնում այն ստացել առանց էլեկտրական մեքենաների: Պատրաստման այդ եղանակը նկարագրված է»,-նշում է Քրիստինեն:
Հեղինակային բաղադրատոմսերը ևս յուրահատուկ են: Երկար որոնումներից հետո Քրիստինեն հայկական ծիրանից պատրաստված կարամելային սոուսով անուշակ է ստեղծել: «Պատրաստում ենք կարամելային սոուս, թարմ ծիրանը մի փոքր շոգեխաշում ենք այդ կարամելային սոուսի մեջ և հրահամ տապակա ենք անում ալկոհոլային խմիչքով: Ծիրանի, կարամելի և խմիչքի բույրերի հրաշալի համադրություն է ստացվում: Այն հնարավոր է պաղպաղակով մատուցել և կողքին ուտելի ծաղիկ դնել, մատուցել վաֆլիի կամ փանքեյքի, նրբաբլիթների հետ: Նրբաբլիթների բաղադրատոմս ևս ներառել եմ, որը սովորական հայկական ընդունված մսային լցոնով չէ, այլ կաթնաշոռով և ծիրանով: Հավելում ենք նաև չորացված ծիրան և ընկույզ»,-պատմում է Քրիստինեն:
Խոհանոցում իր լավագույն ուսուցիչներին է համարում տատիկներին և մորը, որոնք, ինչպես փաստում է, վարպետորեն են պատրաստում: Ավանդական ուտեստների կողքին ընտանեկան սեղանին միշտ եղել են նոր ու ժամանակակից բաղադրատոմսերով խորտիկներ:
Հեղինակը գրքում ներառել է նաև իր մոր տատիկի՝ Նուբաթի մի քանի բաղադրատոմս: «Նուբաթ տատը փրկվել է Հայոց ցեղասպանությունից. արմատներով Մուշից է: Մեծահարուստ են եղել և գաղթի ժամանակ կարողացել են փրկել նաև ունեցվածքի մի մասը: Այդ ժամանակ Նուբաթը նորածին երեխա է ունեցել: Նա հետաքրքիր պատմություններ է պատմել տատիկիս, որոնք փոխանցվել են ինձ: Նուբաթ տատը հյուրասեր կին է եղել, սրտաբաց և շատ բաղադրատոմսեր նրա միջոցով են մեզ հասել, օրինակ՝ լցոնած խնձորի բաղադրատոմսը: Այն ընկույզով, դարչինով խճողակ է խորոված տարբերակով և վրան մեղր: Նուբաթ տատը պատմել է, որ իրենց գյուղում խնձորի այգիներ չեն եղել, խնձորն ուրիշ տեղերից են բերել: Իրենք ունեցել են ցորենի մեծ արտեր և ցորենը փոխանակել են խնձորի հետ: Խնձորի ուտեստը տոնական օրերին են մատուցել: Այն մեծ արժեք է ունեցել: Մայրիկս մինչ օրս պատրաստում է այն, ես էլ շարունակում եմ ավանդույթները»,-ասում է Քրիստինեն:
Գիրք գրելու ցանկություն վաղուց է ունեցել: Երբ տարիներ առաջ ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ում, կանգնել է երեխաներին հայեցի դաստիարակելու խնդրի առաջ: «Արտերկրում դա անելը շատ դժվար է, մարդիկ հեշտությամբ են ձուլվում, կորցնում են ազգային դիմագիծը, ինքնությունը: Գրքի ստեղծման գործում մեծ դեր խաղաց նաև կարոտը մորս, տատիկիս, մեր հայրական տան հանդեպ, ցանկանում էի զգալ մանկության բույրերը, համերը և խուսափել մենությունից, օտարությունից: Դա անելու համար հայկական ուտեստներ էի պատրաստում՝ հարիսա, կոլոլակ և այլն: Նոր գաղափարների համար սկսեցի հայկական բաղադրատոմսեր փնտրել առցանց տիրույթում: Ռուսական մի հարթակում մեծ թափ էին ստանում խոհարարական ֆորումները: Մասնակցում էի դրանց, գրում էի բաղադրատոմսերը: Պարզվեց, որ հայկականը ոչ մի տեղ ներկայացված չէ: Որոշեցի աշխարհին ներկայացնել հայկականը: Չէ՞ որ այսօր հայկական բաղադրատոմսերի ինքնությունն ապացուցելու խնդիր ունենք: Ժամանակի ընթացքում բաղադրատոմսերը բավականին մեծ դիտելիություն ստացան, ակտիվ էին ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները»,-պատմում է Քրիստինե Գրիգորյանը:
Նա նաև համացանցում է հոլովակներ հրապարակել՝ ներկայացնելով ուտեստի պատրաստման ընթացքը: Հոլովակները մեծ հետաքրքրություն են առաջացրել, բայց գրքի գաղափարը Քրիստինեին չի լքել: Վերջնական որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո: Վստահ է եղել՝ հայկական բաղադրատոմսերը պետք է անձնագիր ունենան:
«Ինչո՞ւ է գրքի հիմնական ուղղվածությունը Գավառի խոհանոցը, որովհետև Գավառի խոհանոցը բավարար ներկայացված չէ, այնինչ ունի շատ գեղեցիկ, համեղ ուտեստներ, գոհարներ, որոնք հայկական խոհանոցային ժառանգության մեջ ուրույն տեղ են զբաղեցնում: «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքի հասցեատերերը միայն տնտեսուհիները չեն, թիրախավորված է լայն լսարանը: Գիրքը, որ հարուստ է ազգագրական նյութերով, մեր դիմագիծը, հայկական ավանդական խոհանոցը պահպանելու գործում կարևոր դեր ունի, հատկապես հիմա, երբ գլոբալացման փուլ է, և շատ ազգերի դիմագծեր ջնջվում են այդ քաղաքականության հետևանքով: Այսօր հրատապ է սեփականը պահպանելու խնդիրը նաև խոհանոցի միջոցով, որը ժողովրդի մշակույթի մի մասն է»,-շեշտում է Քրիստինե Գրիգորյանը:
Քրիստինեն ունի երկու դուստր և նրան հաջողվել է իր նախասիրությունները փոխանցել նրանց: Նրանք փոքրուց են հետաքրքրվել խոհանոցով և սիրով են պատրաստում: Քրիստինեն կարծում է՝ խոհանոցը հաղորդակցվելու, համախմբվելու, միասնական լինելու, հարազատանալու, սեր արտահայտելու վայր է: Նա շատ ուրախ է, որ իր երեխաները, նաև ամուսինը մասնակցում են համեղ ուտեստների պատրաստման ընթացքին ու համատեղ ուժերով հրաշքներ են ստանում: Մեծ ուշադրություն են դարձնում նաև մատուցման եղանակներին. սեղանից անպակաս են ուտեստին համահունչ ծաղիկները, մրգերը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի