Կայացավ Ֆրանսիական Օձի՝ Յուրի Ջորկաեֆֆի գրքի շնորհանդեսը
Երևանի «Հոլիդեյ ինն էքսփրեսս» հյուրանոցում կայացավ «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքի շնորհանդեսը։ «Նյումեգ» հրատարակչական ընկերությունը հրատարակել է սպորտային բեսթսելլերի հայերեն թարգմանությունը, որը գրքի՝ այլ լեզվով թարգմանության, առաջին տարբերակն է։ Այն հայկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի, ֆրանսիական Մոնակո, իտալական Ինտեր, և այլ ակումբների հարձակողական ոճի լեգենդար կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆի մասին է։ Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Գրքում կիսապաշտպանն անդրադառնում է իր կարիերայի սկզբին, Եվրոպա տեղափոխվելուն, կյանքի հիշարժան դրվագներին, իր ծագմանը և այլն։ Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, «Նյումեգ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը և այլք։ Մինչ բուն միջոցառումը սկսելը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայի 22-րդ նախագահ, սեպտեմբերի 26-ին մահացած Ժակ Շիրակի հիշատակը։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Ջոնաթան Լաքոթը։ «Նախ ասեմ, որ շատ հուզված եմ այն հարգանքի տուրքով, որ նրան մատուցեցիք։ Որը Հայաստանը հինգշաբթիից սկսած մատուցում է Ժակ Շիրակի հիշատակին։ Նա իրոք Հայաստանի անկեղծ ընկերն էր», – նշեց դեսպանը։ Լաքոթն ընդգծեց, որ նա Հայաստան պետական այցով այցելած Ֆրանսիայի առաջին նախագահն էր և հենց նրա նախագահության օրոք 2001 թվականին ստորագրվեց մի օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Խոսելով Յուրի Ջորկաեֆի մասին՝ դեսպանն ասաց, որ նա աշխարհի չեմպիոն է, մարդ, որն արժանացել է ֆրանսիական Պատվո Լեգեոնի շքանշանի ու ևս մեկ օրինակ, որ կապում է Հայաստանը և Ֆրանսիան։ «Ինքս գիրքը դեռ չեմ կարդացել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Նյումեգ» հրատարակչությանը», – նշեց դեսպանը։ Ելույթին հաջորդեց Առնո Ռամզեի տեսաուղերձը։ «Յուրին մեծ մարդ է, արտիստ կյանքում և խաղադաշտում։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի ընթերցանություն»,- ասվում էր տեսաուղերձում։ Գրքի թարգմանիչ Անահիտ Մեսրոպյանի խոսքով՝ գիրքը թարգմանելիս բացահայտել է փորձությունների և արկածների միջով իր ճանապարհը հարթող մարզիկի և մարդու կայացման դժվարին ընթացքը։ «Ռամզեն իրականում ընդամենը կառուցվածքի մեջ է դրել գիրքը և հարցազրույցներ է արել, որոնք հարստացրել են այն։ Բայց լեզուն Ջորկաեֆֆին է և շատ ընտիր լեզու է»,- իր հերթին նշեց գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը։ «Նյումեգ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ գիրքը գրված է առաջին դեմքից, ի տարբերություն Քրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի, Նեյմարիի մասին պատմող գրքերի, և արդեն իսկ կարիերան ավարտած ֆուտբոլիստի հուշերն են, որտեղ վերջինս ի վիճակի է լինել շատ ավելի ազնիվ։ Միջոցառման վերջում կայացավ «Տոտո» բուքմեյքերային ընկերության կողմից կազմակերպված խաղարկությունը։ Ֆրիբեթի արդյունքում 3-րդ տեղի համար 10 հազար դրամ մրցանակին արժանացավ Արման Առաքելյանը, Արևիկ Բաղդասարյանը՝ 20 հազար դրամի։ Իսկ ահա 1-ին տեղը գրաված Նառա Եփրեմյանն արժանացավ Յուրի Ջորկաեֆֆի՝ Ֆրանսյիայի 1998 թվականի հավաքականի համար կարված 6 համարի մարզաշապիկին, որը հանձնեց անձամբ Ֆրանսիայի դեսպանը
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը