Լատվիացի գրողը մի քանի ամիս կապրի Գյումրիում, որտեղ կգրի իր հաջորդ վեպը
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի «Ես օրացույցն եմ» ստեղծագործությունը, որը հեղինակի առաջին վեպն է և Լատվիայում արժանացել է գրաքննադատների բարձր գնահատականին, «Նյումեգ»-ը թարգմանել է հայերեն:
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի «Ես օրացույցն եմ» ստեղծագործությունը, որը հեղինակի առաջին վեպն է և Լատվիայում արժանացել է գրաքննադատների բարձր գնահատականին, «Նյումեգ»-ը թարգմանել է հայերեն: Գիրքը հայ ընթերցողներին ներկայացնելու, նոր վեպ գրելու նպատակով Կալնոզոլսը ժամանել է Հայաստան: Հեղինակը նշում է՝ առաջին անգամ չէ հյուրընկալվում մեր երկրում և սիրով է վերադառնում, քանի որ այստեղ մարդիկ հոգատար են, անմիջական, բարեհամբույր, իսկ Հայաստանն ու Արցախը՝ շատ հարազատ:
Անդրիս Կալնոզոլսի հետ զրույցում «Արմենպրես»-ի թղթակիցը փորձել է մանրամասներ պարզել «Ես օրացույցն եմ» լավատեսական վեպի, նոր ծնվող ստեղծագործության, հեղինակի՝ Հայաստանից ստացած տպավորությունների և այլ հարցերի մասին:
-Գրել սկսել եք 2001 թվականից: Հրատարակել եք մի շարք պիեսներ, որոնք սիրվել են, իսկ 2020-ին լույս է տեսել «Ես օրացույցն եմ» վեպը: Կխնդրեի պատմել, թե ինչպես փոքր պիեսներից անցում կատարեցիք վեպի:
-Երբ 2000-ականներին սկսեցի գրել, աշխատանքներս ուղարկեցի գրականությանը նվիրված մի սեմինարի: Ինձ ասացին. «Բավական է, էլ չգրես»: Նեղացա ու դարձա դերասան: Ուսում, թատրոններ, մասնավոր տիկնիկային թատրոն և այլն: Հետո եկավ պիեսներ գրելու ժամանակաշրջանը: Մոտավորապես 2015-ին վիրավորանքս անցավ, և ես մտածեցի վեպ գրելու մասին: Այդ ընթացքում իմ լեզուն հղկվեց, ավելի գրական դարձավ, ինչից բոլորս միայն շահեցինք:
-Ձեր վեպն արժանացել է Ալեքսանդր Պելեցիսի անվան գրական մրցանակի, որպես գրական փայլուն դեբյուտ՝ Լատվիայի պետական մրցանակի և մի քանի անգամ վերահրատարակվել է: Գրելիս ակնկալո՞ւմ էիք, որ այն նման ձեռքբերումներ կունենա:
-Առաջին իսկ օրերից, երբ սկսեցի գրել գիրքը, գիտեի, որ այն Լատվիայում հիթ է դառնալու, բայց չգիտեի, թե հանրաճանաչությունը, որը գրքի շնորհիվ ձեռք բերեցի, որքանով ինձ կանհանգստացնի, կազդի իմ գրական հետագա գործունեության վրա: Դերասան լինելով՝ սովոր էի լինել ուշադրության կենտրոնում: Ոչինչ չկորավ, երբ գրական բնագավառում ինձ ևս սկսեցին ուշադրության արժանացնել: Փաստը, որ ես Հայաստանում եմ, որ այստեղ ևս լույս է տեսել իմ գիրքը, արդեն հաջողություն է: Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում: Եթե վեպը դուր գա ընթերցողներին, հիանալի կլինի:
-Լատվիացիներից հետո հայ ընթերցողն առաջինն է, որը հնարավորություն ունի մայրենիով կարդալու «Ես օրացույցն եմ» վեպը: Հետաքրքիր է, թե ինչի մասին է այն, թե ինչ գաղափարախոսություն կա գրքի հիմքում:
-Գիրքը գրել եմ որպես դերասան: Այն կարելի է դիտարկել որպես իմ մենաներկայացում: Հերոսը՝ Օսկարը, շատ դրական կերպար է: Հույս ունեմ, որ ցանկացած ընթերցող ինչ-որ չափով իրեն կնույնականացնի հերոսի հետ: Իմ առաջ խնդիր էի դրել գրել վեպ դրական երևույթների մասին՝ լավ իրադարձությունների, լավ մարդկանց, որպեսզի այն բարություն, լույս, արև բերի: Լատվիայում հաճախ զուգահեռներ են անցկացնում այս գրքի և «Ֆորեստ Գամփ» հանրահայտ ֆիլմի միջև: Իմ գրքում հերոսը ևս շարժի մեջ է. խոհեր, մտքեր, վերլուծություններ, որոշումներ կայացնելու պահեր: Այդ ամենը՝ շարժի մեջ:
-Հայ արձակագիր Գուրգեն Խանջյանը մի առիթով ասել է. «Վեպն օվկիանոս է, որի մեջ մտնելով՝ չես կարող հստակ ասել, թե որ ափ ես դուրս գալու»: Երբ Դուք գրում եք, գիտե՞ք, թե որ ափ եք ելնելու:
-Ոչ, չգիտեմ: Բայց հաստատ գիտեի՝ անպայման դուրս կգամ:
-Թատերախումբ եք հիմնել, խաղում եք, բեմադրում եք, գրում: Մեր երկրում հաճախ են նշում, որ համավարակից, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանրությանը ճգնաժամից դուրս բերելու նպատակով թե՛ բեմում, թե՛ գրականության մեջ պետք է դրականը շատ լինի: «Ես օրացույցն եմ» վեպը միտված է դրականին, լուսավորին, իսկ թատրոնում այսօր ի՞նչ եք բեմադրում:
-Սպասում եմ, թե երբ է թատրոն ու բեմ վերադառնալու հանդիսատեսի դրական էներգիան, որովհետև հիմա կես էներգիա է, իսկ դերասանին լիարժեք էներգիա է անհրաժեշտ: Օրերս վերընթերցում էի Կաֆկայի «Դղյակը» գործն ու հասկացա, թե ինչպես է հնարավոր այդ էներգիան վերադարձնել, բերել թատրոն: Ուրախանում եմ, որ թատրոնն էլ կամաց-կամաց ինձ մոտ է վերադառնում:
-Հնարավո՞ր է՝ վեպը վերածվի պիեսի և բեմ բարձրանա:
-Այն արդեն իսկ բեմադրվում է, և ապրիլին Լատվիայի Վալմիերա քաղաքի թատրոնում կհանձնենք թատերասերների դատին, սակայն ես այնտեղ չեմ լինի, քանի որ նախատեսում եմ մի քանի ամիս մնալ Հայաստանում և ապրել Գյումրիում, որտեղ գրելու եմ իմ հաջորդ վեպը: Իսկ ամռանը «Ես օրացույցն եմ» գործի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
-Ինչո՞ւ Գյումրի. այն մշակութային քաղա՞ք է, թե՞ այլ առնչություններ ևս կան:
-Լատվիայում ապրում է ճանաչված կինոռեժիսոր Հայկ Կարապետյանը, որն արմատներով Գյումրիից է: Հենց նա ինձ խորհուրդ տվեց ապրել Գյումրիում, որովհետև այն գեղեցիկ ու հարուստ մշակույթով, կոլորիտով քաղաք է, որից կարելի է ներշնչվել:
-Իսկ նոր գրքի հերոսները հայերի հետ կապ կունենա՞ն:
-Իրականում ինձ ոգեշնչում են մարդիկ, վայրերը, տեղանքի էներգիան: Ծննդյանս օրը խոսում էինք նոր վեպի մասին: Ինձ հարցնում էին, թե ինչ թեմա այն կունենա, ովքեր կլինեն հերոսները: Գրելու եմ թատրոնի ներսի կյանքի մասին: Գլխավոր հերոսը կլինի բեմի բանվորներից մեկը, որն իր մասին մեծ կարծիք ունի. մտածում է, թե հանճար է: Տարեդարձիս հյուրերից մեկն ասաց, որ ինքը եղել է բեմի բանվոր և առաջարկեց, որ հերոսն իր անունն ունենա՝ Դավիթ: Առայժմ մտածում եմ այդ մասին: Գրքիս հերոսը թատրոնում պայքարում է իր տեղի համար, վիրավորվում, որ իրեն ըստ արժանվույն չեն գնահատում, չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կա: Եվ ես չգիտեմ, թե հերոսն օվկիանոսի որ ափ դուրս կգա:
-Դուք առաջին անգամ չեք Հայաստանում: Եղել եք նաև Արցախում: Ի՞նչն է Ձեզ դուր եկել մեր երկրում, ի՞նչն եք արժևորել: Հետաքրքիր դեպքեր, հանդիպումներ կհիշե՞ք:
-2017 թվականին եմ Հայաստան եկել, երբ առողջական խնդիրներ ունեի: Լուրջ այրվածքներ ունեի. և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես թույլ էի, ու Հայաստան այցելությանս առաջին իսկ օրերից հասկացա, որ այս երկիրն ինձ բուժում է, հյութերով է սնում: Տպավորությունը շատ դրական է, միշտ դրական վերաբերմունքի եմ արժանացել այստեղ: Այն տարի, երբ շրջագայում էի Հայաստանում, Սյունիքի մարզում մի երեկո որոշեցի վրան գցել գետի ափին՝ այնտեղ գիշերն անցկացնելու համար: Դաշտով մի մարդ էր անցնում: Երբ իմացավ, որ նման բան եմ որոշել, թույլ չտվեց՝ ասելով, որ այդ տարածքում շատ են օձերը: Նա առաջարկեց գիշերել իր տանը, անգամ մի քանի օր անցկացնել այնտեղ, սակայն ես հրաժարվեցի, փոխարենը թոշակի անցած մայորն իմ վրանի համար իր բակում տեղ հատկացրեց: Վրանի շուրջ նավթ շաղ տվեց, որպեսզի ապահով լինի, և օձեր չմոտենան: Դա շատ հուզիչ էր ու տպավորիչ:
Մի անգամ էլ, երբ կրկին Սյունիքում էի, սարի վրա եկեղեցի բարձրացա: Իջնելուց հետո պետք է մոտ 15 կմ քայլեի: Ճանապարհին որոշեցի մեքենա կանգնեցնել: Մոտեցավ մի մեքենա, կանգնեց, դուռը բացվեց ու մեքենայի մեջ երկու անչափահաս տղայի տեսա, որոնք, հավանաբար, առանց ծնողներին տեղեկացնելու վերցրել էին տան մեքենան, սակայն բավականին լավ էին վարում և ինձ ապահով տեղ հասցրին: Հարցրի վտանգավո՞ր չէ, նրանք հավաստիացրին, որ լավ վարորդներ են ու խրախուսեցին միանալ իրենց: Երևի արդեն վարորդական իրավունք ունեն:
Հայաստանում միշտ այնպիսի զգացողություն ունեմ, որ բոլորն ուզում են ինձ պաշտպանել, օգնել: Եղել եմ նաև Ստեփանակերտում, Մարտակերտում, Արցախի տարբեր հատվածներում: Երբ վերադարձա Լատվիա, մեկ ու կես տարի հետո սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Արցախն ինձ միայն դրականն է տվել, հարազատ դարձել, ուստի չէի կարող ձեռքերս ծալած նստել: Նախաձեռնեցինք ստորագրահավաք՝ պահանջելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմն ու վերադարձնի գերիներին:
Այն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ երեկ, այսօր հրաշալի է: Ավելի գեղեցիկ ապրումներ ունենալ հնարավոր չէ:
Զրուցեց Անժելա Համբարձումյանը
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է