Lույս է տեսել համաշխարհային բեսթսելլերի հայերեն տարբերակը՝ «Սիրո 5 լեզուները»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2019 թվականը հռչակել է Ընտանիքի տարի: Վեհափառի կոչին ընդառաջ՝ մեր եկեղեցիներում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների շարքում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնությունն ու աջակցությունը բերեց «Նյումեգ» ընկերության նախաձեռնությանը՝ հրատարակելու ամերիկացի հոգեբան Գերի Չեփմանի «Սիրո 5 լեզուները» գրքի հայերեն թարգմանությունը: Սիրելու և սիրելի լինելու մասին պատմող գիրքն ավելի քան 5 տարի ընդգրկված է «Նյու Յորք թայմսի» բեսթսելլերի տասնյակում։ Այն թարգմանվել է շուրջ 40 լեզվով:
Նյումեգի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ «այս գիրքը կօգնի ամրապնդել ամուսնական կապն ու բացահայտել կողակցի սիրո լեզուն: Սա սովորական գիրք չէ, սա գիրք-ձեռնարկ է, որը կհուշի, թե ինչպես է պետք քայլ առ քայլ բացահայտել սիրո լեզուների գաղտնիքները»:
Մայիսի 11-ին՝ ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ, տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի ողջույններն ու օրհնությունը: Կարևորելով ամուսնական հարաբերությունների ամրացմանն ուղղված գրքի տպագրությունը՝ Տ. Եսային նշեց, որ ապրելով բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանում՝ կարևոր է ծանոթ լինել աշխարհի գիտնականների ու վերլուծաբանների մոտեցումներին, հասկանալ, թե խնդրի լուծման համար ինչ ուղիներ են առաջարկում նրանք:
Տեր հայրը նշեց, որ գիրքը նաև հովվական կյանքի համար կարևոր քրիստոնեական, գործնական մոտեցումներ ունի, որոնք հոգևոր հովիվների համար կարող են դառնալ հրաշալի ուղեցույց:
Ընտանիքն այն ամրոցն է, որ ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում: Ժամանակակից աշխարհի մարտահրավերներից են ընտանիքների ամրությունն ու պահպանությունը՝ անկախ պետություններից, ռասսաներից, կրոնական պատկանելությունից:
«Սիրո 5 լեզուներ» գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձևը։ Իր կնոջ հետ ամուսնությունը, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, բարեկեցության խորհրդանիշ է: Նա Քերոլինի հետ մեծացրել է երկու երեխաների և հիմա ուրախանում է թոռներով:
Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև: Նրա տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ վերահրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են. նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:
Գիրքը թարգմանել է Լիլիթ Գիրգորյանը, ով կարծում է, որ գիրքն ավելի շատ ուղեցույց կամ խորհրդատու պետք է դառնա տղամարդկանց համար:
Իսկ գրքի հայերեն տարբերակի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի խոսքով, գիրքը խմբագրելիս, ամենամեծ մարտահրավերը հեղինակի անմիջական լեզուն պահելն էր. «Գիրքը նման է երկխոսության ընթերցողի հետ և պետք էր այնպես խմբագրել, որ այն լինի հասկանալի, մտքերը՝ պարզ ու հստակ, բայց մյուս կողմից չընկալվի որպես պարզունակ խորհուրդ»։
Կարդա նաև
Why the Armenian translation of ‘The Body Keeps the Score’ matters now
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար