Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
01/29/2026
Լրագրող, հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանը փետրվարի 7-ին՝ Winter Fest 2026-ի շրջանակում կներկայացնի իր նոր գիրքը, որը կոչվում է «Անունները չփոխել»։
Լրագրող, հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանը փետրվարի 7-ին՝ Winter Fest 2026-ի շրջանակում կներկայացնի իր նոր գիրքը, որը կոչվում է «Անունները չփոխել»։ Գիրքը դետեկտիվ ժանրում է, պատմում է լրագրողի մասին, որը 20 տարի անց քրեական գործ է հարուցում ամուսնու դեմ` բռնաբարության մեղադրանքով: Քրեական գործը չի հասցնում ընթացք ստանալ, լրագրողը անսպասելի մահանում է: Նրա աղջիկը`Լյուսին, մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ՝ «Սևագիր 1» և «Սևագիր 2»: Կարդալով՝ աղջիկը նոր մանրամասներ է բացահայտում մոր անցյալից:
Մոր առեղծվածային մահը, տպարան չհասած սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում են մտածել, որ մոր մահը ծրագրված է եղել։ Լյուսին սեփական հետաքննությունն է սկսում`չպատկերացնելով անգամ, որ իր բոլոր վախերը գերեզմանից դուրս են գալու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։
Համաձայնեք՝ ինտրիգային սյուժե է։ NEWS.am STYLE-ը զրուցել է Մարիաննայի հետ՝ պարզելու՝ ինչպե՞ս է իր մտքում ծնվել այս պատմությունը, արդյոք հիմնվա՞ծ է իրական փաստերի վրա, և ի՞նչ է ցանկանում փոխանցել հեղինակն այս պատմության միջոցով։
Գրքի գլխավոր ուղերձը`«Դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում և դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում», պատմում է լրագրողը։
Սա պատմություն է մի կնոջ ցավի մասին, որը միահյուսված է 90-ականների ողբերգական դեպքի հետ: Բռնության, ներքին կոնֆլիկտի, «Ես»-երի հետ հաշտվելու, ճշմարտության փնտրտուքի մասին:
«Գրքի թրեյլերի տարածումից հետո, վերջին մի քանի օերերին իսկապես ամենաշատ հնչող հարցը հենց սա է՝ արդյոք պատմությունն իրական է։ 14 տարի աշխատելով հեռուստատեսությունում՝ որպես լուրերի մեկնաբան, նաև գործող լրագրող, լսել եմ բազմաթիվ ցնցող պատմություններ, նաև կանանց մասին, որոնք ենթարկվել են սեռական ոտնձգությունների, բռնության։ Շատերը չեն բարձրաձայնում, որովհետև վախենում են հետևանքներից, և հասկանալի է։ Իմ պատմության առանցքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը։ Չեմ մոռանա՝ նա պատմում էր, որ բռնաբարության պահին ոչինչ չի զգացել, ասում է՝ հոգին ասես մարմնից դուրս էր եկել։ Համեմատում էր պատերազմի դաշտում ոտքը կորցրած զինվորի հետ, որը կռվի դաշտում չի զգում, դեռ տաք է․․․․»,-ասում է հեղինակը։
Մարիաննայի կարծիքով շատ կանայք լռում են, որովհետև իրենց են մեղավոր համարում․ «Որովհետև մեր հասարակության մեջ կանայք ինքնավստահության, իրենք իրենց սիրելու, գնահատելու խնդիր ունեն։Ամեն ինչ գալիս է մանկությունից, այն հարցից՝ «հայրիկի՞ն ես շատ սիրում, թե՞ մայրիկին»։ Պատասխանը ենթադրելով, որ պետք է լինի հոր կողմը։ Ընտանիքներ, որտեղ տղա երեխան ավելի սպասված է, իսկ աղջիկը «Ուրիշինն է», «գնացող է»։ Սրա արդյունքում մեծանում են սիրո պակաս ունեցող աղջիկներ, որոնք չունեն տղամարդու մոդել ու հեշտ են ենթարկվում մանիպուլյացիաների։ Սիրո պակաս ունեցողը վախենում է սիրված ու ընդունված չլինելուց, այդ պատճառով չի կարողանում ասել՝ «ոչ», պաշտպանել իր սահմանները։ Անինքնավստահ կանայք շարունակ սպասելու են ասպետի, փրկչի, հրաշքի, բայց կյանքի ղեկը ձեռքը վերցնել է պետք։ Մեր կարծրատիպային հասարակության մեջ կինն է շարունակում մնալ «իրեն սխալ պահողը», բաց է հագնվել, ֆլիրտ է արել, բայց բռնությունը որևէ պարագայում արդարացում չունի։ Հիմա շատերը սկսել են բարձրարաձայնել բռնության մասին, դուրս գալ հարաբերությունների միջից, որտեղ կա թե հոգեկան թե ֆիզիկական բռնություն, որովհետև դարձել են ավելի գիտակից ու պատասխանատու։ Մի վախեցեք խոսել, միայն թե հաշվի առեք՝ ճշմարտությունը որքանով է անկեղծ լինելու բոլոր կողմերի հանդեպ՝ հատկապես երեխաների»։
Մարիաննան հավելում է՝ հասկանում է նրանց, ովքեր որոշում են լռել, նաև նրանց, ովքեր որոշում են բարձրաձայնել։ «Ես հավատում եմ կանանց ընկերությանը, սոլիդարությանը և ուզում եմ, որ կանայց կանանց չքննադատեն, բոլոր պարագաներում փորձեն հասկանալ ու աջակցել։ Ես ուզում եմ, որ կանայք ցանկացած ընտրության մեջ բռնեն ավելի երջանիկ դառնալու ճանապարհը։
Իմ պատմությունն ամեն մարդ յուրովի կընկալի՝ մեկը՝ որպես փրկություն, մյուսը՝ որպես «կնոջ շառ», ես գիտեմ մարդկանց մտքինը, որովհետև լրագրող եմ և ունեմ այն հոտառությունը, որը մարդկանց ապրումները զգալու ու հասկանալու համար է»,-նշում է նա։
«Անունները չփոխելը» Մարիաննայի երկրոդ գիրքն է, առաջինը սիրավեպ էր, լույս է տեսել 2021-ին։ ««Կասկադ 6.15» վեպս շատ սիրվել է և դարձել բեսթսելլեր։ Նույն տարում սկսել եմ երկրորդ գիրքս, որի վրա երկար աշխատել եմ՝ այս անգամ որպես հետազոտող, արխիվային աշխատանք, աշխատանք հոգեբանի հետ՝ հերոսներիս հոգեբանական բնութագրերը ստեղծելու համար, իրավաբանի հետ՝ ճիշտ ընթացակարգերով շարժվելու համար, քանի որ գրքում պատմությունը պտտվում է քրեական գործի շուրջ, բռնաբարություն, վաղեմության ժամկետ։ Գիրքս միս ու արյուն է ստացել վերջին մեկ տարում, միչ այդ կառուցել եմ կմախքը։ Ես որոշել էի, որ երկորդը պետք է լինի ավելին, քան առաջինը և վստահ եմ՝ իմ առջև դրված խնդիրը լուծել եմ։ Առաջինի դեպքում՝ ես ստեղածոգործող էի, հիմա, կարող եմ ասել, ստեղծագործող՝ հետազոտող»։
Լրագրողը խոստովանում է՝ դետեկտիվ ժանրի գիրք գրելը շատ ավելի բարդ է, քան սիրավեպը, որովհետև բազում ճյուղավորումների մեջ պետք է չխճճվես ու տրամաբանորեն անթերի եզրահանգումների գաս՝ չխախատելով կերպարների բնավորության առաձնահատկությունները, իրադարձությունների հաջորդականությունը, ժամանակագրությունը ու այլ կարևոր դետալներ։ «Ամենաշատը սիրում եմ երկխոսությունները, որոնցով մերկացվում է հերոսների բնավորությունն ու առհասարակ, հենց դրանք են սյուժեի շարժիչ ուժը»,-ասում է Մարիաննան։
Սյունե Առաքելյան
Մարիաննա Հակոբյան
5800 ֏
Նկարագրություն
Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։
Կարդա նաև
«Սուրճ ու սեր առավոտից». Գրականության և արվեստի ձմեռային փառատոն․ Newmag Winterfest 2026 29.01.2026
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը