Գլխավոր Մեդիալուսաբանում

Հայտնի են տարվա բեսթսելերները. կայացել է «Արմենպրե

Հայտնի են տարվա բեսթսելերները. կայացել է «Արմենպրես»-ի մրցանակաբաշխությունը

02/21/2025

newmag-y-n

Մայրենի լեզվի խորհրդանշական օրը՝ փետրվարի 21-ին, անցկացվեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի մրցանակաբաշխությունը:

Նախագիծն իրականացվում է ավելի քան մեկ տասնամյակ: Վերջին տարիներին՝ Գիրք նվիրելու տոնի և Մայրենիի օրվա շրջանակում, այն ամփոփում է տարեկան արդյունքներն ու մրցանակ շնորհում գրքի և ընթերցանության նկատմամբ սիրո խթանման գործում մեծ նվիրում ունեցող անհատների և կազմակերպությունների՝ հրատարակչությունների:

Մինչ մրցանակակիրների անունները նշելը և մրցանակներ հանձնելը «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը ողջունեց ներկաներին և շեշտեց՝ տարին մեկ անգամ ձգտում են գործակալության հյուրընկալ հարկի տակ համախմբել ստեղծագործողներին, հրատարակիչներին, ընթերցողներին, որպեսզի արժանին մատուցեն նրանց կատարած աշխատանքին, քանի որ ավելի քան մեկ տասնամյակ համատեղ ճամփորդում են։ «Կարծում եմ, որ մեր նախագիծը՝ «Երևանյան բեսթսելեր»-ը, յուրահատուկ հայելի է, որն արտացոլում է և՛ ընթերցողների նախասիրությունները, և՛ ստեղծագործողների գրական ճաշակը, և՛ հրատարակիչների ու հրատարակչական գործի զարգացման միտումները»,-ասաց Նազարյանն ու հիշեցրեց, որ «Երևանյան բեսթսելեր»-ը ստեղծվել է «Արմենպրես»-ի նախորդ տնօրեն Արամ Անանյանի ջանքերով, իսկ փետրվարը գրքի տոն է դարձել նրա հոր՝ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով։ Նա հայ հասարակությանը, հայ ընթերցողին, գիրքը սիրողին նվիրել է ապրեցնող տոն՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակել է որպես Գիրք նվիրելու օր, որին բոլորն են սպասում։

«Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգում մրցանակը տրվեց NEWMAG ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆԸ Ալեքս Մայքլիդիսի` «Ցասում» վեպի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

 

Հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանն «Արմենպրես»-ին շնորհակալություն հայտնեց մրցանակի, իսկ ընթերցողներին՝ «Նյումեգ»-ն ընտրելու համար։ «Հաղթող գիրքը, որի թարգմանիչն Աստղիկ Աթաբեկյանն է, մեզ համար շատ յուրահատուկ է, քանի որ նախորդ տարի առաջին անգամ էր, որ Հայաստանում գիրք էր հրատարակվում հենց այն ժամանակ, երբ այն աշխարհում էր լույս տեսնում։ Հաջորդ նման գիրքը դարձավ Յուվալ Նոյ Հարարիի «Nexus»-ը։ «Ցասում»-ը բացեց ճանապարհ, երբ թարգմանությունները կարող են լինել ժամանակին, և հայ ընթերցողը կարող է կարդալ լավագույն վեպերը, նոր գործերը աշխարհի հետ միաժամանակ»,-ասաց նա։

«Տարվա մանկական բեսթսելեր» անվանակարգում մրցանակի արժանացավ Հայկ Աջապահյանը («ԴաՎինչի» հրատարակչություն)՝ «Կախարդական գրադարանը» գրքի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

Աջապահյանի համար մրցանակ ստանալն անսպասլեի էր, քանի որ գիրքը լույս է տեսել դեկտեմբերին, և կարճ ժամանակ են ունեցել բեսթսելեր դառնալու համար։ Նա վստահեցրեց, որ կոտրում են կարծրատիպեր, քանի որ գրքի հաջողությունն ապացուցում է՝ հայ ծնողները պատրաստ են իրենց երեխաների համար գնել ժամանակակից հեղինակների գործեր։

«Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» անվանակարգում մրցանակի արժանացան Արա Թադևոսյանը և Լուսինե Ղարիբյանը՝ «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«Մեզ համար անսպասելի էր գրքի հաջողությունը։ Իհարկե, ցանկացած հեղինակ հույս ունի, որ գիրքը հաջողություն կունենա, բայց նման բան չէինք ակնկալում. հոկտեմբերի կեսից մինչ օրս 2 հազար 200 օրինակ է վաճառվել, և չորրորդ խմբաքանակն է տպվում։ Մեզ համար կարևոր է, որ գիրքը հետաքրքիր էր երիտասարդներին ու շարունակում է այդպիսին լինել»,-ասաց գրքի համահեղինակ Արա Թադևոսյանը։

«Տարվա բեսթսելերների թարգմանիչ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Զարուհի Անտոնյանին՝ Օմեր Մայքի «Մարդասպանի աչքերով» գրքի («ԴաՎինչի» հրատարակչություն)՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

Զարուհին մեծ հաճույքով է աշխատել գրքի թարգմանության վրա։ Նա շեշտեց՝ ստեղծագործությունը հետաքրքիր ոճ և լեզու ունի։

«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ ԱՆՏԱՐԵՍ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ նոր մատենաշարով հայ դասականների գործերի լույսընծայման և նորովի ներկայացման, «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում ներկայացված լինելու համար:

Հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը նաև «Երևանյան բեսթսելեր» նախագիծն է իրականացնում։ Նա երկարակեցություն մաղթեց նախագծին՝ նշելով, որ այն իր համար յուրահատուկ է։ Անդրադառնալով «Անտարես»-ին՝ Գրիգորյանն ասաց՝ հրատարակչությունը շարունակում է ուշադրություն դարձնել ոչ միայն համաշխարհային բեսթսելերենրի թարգմանությանը, այլև հայ դասական և ժամանակակից ստեղծագործողների գրքերի լույսընծայմանը։

«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ԷԴԻԹ ՊՐԻՆՏ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆԸ՝ մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված «Մշակույթի հայ հայտնիները» շարքի լույսընծայման, «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում ներկայացված լինելու համար:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը վստահ է, որ «Երևանյան բեսթսելեր» նախագիծն իրականացնելը հեշտ աշխատանք չէ, սակայն այն երկար ճանապարհը, որ անցնում է հրատարակիչների հետ, օգնում է, որ Հայաստանում ընթերցանությունը զարգանա։ «Մենք միշտ ասում ենք, որ քիչ են կարդում, կցանկանանք՝ շատ կարդան, և այս նախագիծն օգնում է դրան։ Շնորհակալ եմ բոլոր ընթերցասերներին։ Եթե նրանք չլինեին, չէին լինի ո՛չ հրատարակչությունները, ո՛չ նախագիծը»,-ասաց Սամվելյանը՝ հաջողություն մաղթելով «Երևանյան բեսթսելեր»-ին։

«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում մրցանակը տրվեց Ռուբեն Եսայանին՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

Եսայանը խոստովանեց՝ իր համար նախագծի մրցանակը շատ կարևոր է, և ինքն ուրախ է, որ իր սիրած սարսափ-թրիլլեր ժանրը տարածում է գտնում Հայաստանում։ «Շատ եմ ուզում, որ և՛ թարգմանվեն այդ ժանրի ստեղծագործությունները, և՛ գրվեն։ Վախենում էի, որ ստեղծագործում եմ այդ ժանրում, սակայն հաջողությունը մեծ էր»,-նշեց Եսայանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի նախագծի շրջանակում մրցանակի է արժանացել նրա «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը, իսկ այս տարի նկարահանվում է լիամետրաժ ֆիլմ՝ հիմնված այդ գրքի հիման վրա։

Հատուկ մրցանակի արժանացավ ԲՈՒԿԻՆԻՍՏ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ «Գրքի գիշեր» ավանդույթի հիմնադրման և դրա միջոցով գրքի և ընթերցանության նկատմամբ սիրո ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար:

«Բուկինիստ»-ի ֆինանսական տնօրեն Մարիամ Վարդանյանը «Երևանյան բեսթսելեր»-ի արդյունքներին թրթիռով է սպասում, քանի որ հետաքրքրությամբ են կարդում, թե որ գրքերը մեծ պահանջարկ ունեն։ «Գրքին վերաբերող ցանկացած նախագիծ ողջունելի է, իսկ Ձեր ներդրումը մեծ է»,-ասաց նա։

Հատուկ մրցանակ տրվեց նաև ԶԱՆԳԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ գիտաֆանտաստիկ գրականության նկատմամբ սիրո խթանման ջանքերի, Ֆրենք Հերբերթի «Դյուն» գիտաֆանտաստիկ վեպի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում ներկայացված լինելու համար:

«Հրատարակչության համար տարին ծանր էր, պատասխանատու, քանի որ մի քանի տասնյակ դասագիրք ենք ստեղծել, բայց մեր ուշադրության կենտրոնում միշտ մնում է նաև գեղարվեստական գրականությունը, իսկ «Դյուն»-ը շատ կարևոր ծրագիր էր մեզ համար, և շատ ուրախ ենք, որ արդարացրեց մեր սպասումները»,-ընդգծեց հրատարակչության թարգմանական բաժնի պատասխաատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը։

Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակը շնորհվեց Գոհար Նավասարդյանին՝ ստեղծագործելու անսպառ ձգտման, ընթերցանության նկատմամբ սիրո ամրապնդման գործում անգնահատելի ջանքերի և վեց գրքով «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում ներկայացված լինելու համար:

Գոհար Նավասարդյանը ներկա չէր միջոցառամանը, սակայն նրա մրցանակը վերցրեց հարազատներից մեկը։ Մրցանակը հանձնեց Արամ Անանյանն ու հավաստիացրեց՝ մրցանակը հաջողություն է բերում։ Նա հիշեցրեց, որ ավելի վաղ Անանյանի անվան մրցանակին արժանացել է Գրիգը, որն արդեն կայացած գրող է։ Անանյանի խոսքով՝ մրցանակով երիտասարդներին խրախուսում են ստեղծագործել։ «Գրելը լավ է, սակայն պետք է նաև որակով գրել, մնայուն արժեք ստեղծել։ Տեսնում եմ, որ երիտասարդները ոգևորովում են, ավելի լավ արդյունք են ստեղծում»,-նշեց Անանյանն ու հավելեց՝ այդ ամենն ապացուցում է, որ նախագիծը ճիշտ ուղղությամբ է գնում։

Միջոցառմանն ամփոփվեց նաև գործակալության և գործընկեր հրատարակչությունների «Գրքապտույտ» մրցույթը: Սոցցանցային մրցույթի հաղթողներից մի քանիսը ներկա էին ամփոփմանն ու որպես մրցանակ ստացան սպասված գրքերը:

«Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցում են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների եւ գրատների ցանցերը:

Տարածել

Ցասում
Ցասում

Ալեքս Մայքլիդիս

6800 ֏

Նկարագրություն

Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: 

Բայց ո՞վ եմ ես:

Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: