«Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք». Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից
– Պարոն Մալյան, Հայաստանը վարչապետի շուրթերով ժողովրդավարության բաստիոն է հայտարարվել, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Դուք Ձեզ զգո՞ւմ եք ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության միջնաբերդի բնակիչ:
– Պարոն Մալյան, Հայաստանը վարչապետի շուրթերով ժողովրդավարության բաստիոն է հայտարարվել, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Դուք Ձեզ զգո՞ւմ եք ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության միջնաբերդի բնակիչ:
– Այն, ինչ ընդունված է անվանել ժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմ է: Այդ առումով, այո, կարելի է փաստել, որ Հայաստանը լիբերալ ֆաշիզմի դրսևորումներով, այսինքն՝ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությամբ աշխարհում առաջատարներից է: Բռնությամբ հանրությանը պարտադրվող իշխանական նարատիվները չեն հանդուրժում որեւէ քննադատություն, իսկ քննադատների նկատմամբ կիրառվում է ճնշումների ողջ ներկապնակը՝ «մատից ծծած» քրգործերով բանտարկումներից մինչեւ ֆիզիկական ոչնչացում: Արմեն Գրիգորյանին սպանեցին հրապարակային՝ բոլորի աչքի առաջ: Այսպես կոչված ժողովրդավարության միջնաբերդերի գործառույթն այսօր իրականացնում են Երեւանի եւ Բաքվի բերդերը, ու նշված «բերդերի» բնակիչ-քաղբանտարկյալներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ է ժողովրդավարությունը Ալիև-Փաշինյան զույգի կատարմամբ:
Ի դեպ, լիբերալ ֆաշիզմի խնդիրը համաշխարհային է, և այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, պատերազմներ, ըստ էության, այդ դրսևորումների դեմ են: Լավ լուրն այն է, որ լիբերալ ֆաշիզմը, մեծ հաշվով, արդեն պարտված է, և մոտակա տարիներին աշխարհը վերջնականապես կթոթափի այդ կեղծավոր, արյունոտ, բռնությամբ զուգորդված ժամանակակից ստրկության լուծը: Ըստ իս՝ մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ լայնածավալ եւ լկտի ռեպրեսիաներն աշխարհի ցանկացած իշխանության համար սեփական աթոռը պահելու ամենավերջին գործիքն են: Ռեպրեսիան անվերադարձ գործընթաց է: Իշխանությունը կարող է սկզբնական շրջանում խաղալ ժողովրդավարություն, ձևացնել, թե հարգում է իր երկրում բազմակարծությունը, բայց հերիք է ընդամենը մեկ անգամ դիմի ռեպրեսիաների, ու այլևս երբեք հետվերադարձ չի կարող լինել՝ թեկուզ ձևական ժողովրդավարական ռեժիմին: Քանի որ ռեպրեսիոն վիճակը, ինչպես արդեն նշեցի, բռնապետերի վերջին գործիքն է, դրան անխուսափելիորեն հաջորդում է իշխանության կորուստը: Այդպես եղել է և կլինի միշտ՝ առանց որևէ բացառության: Բացահայտված բռնապետերն իրենց իշխանությունը կարող են ժամանակավորապես երկարացնել նավթի պաշարների կամ միջուկային զենքի հաշվին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանի Հանրապետությունը չունի: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդքան մարդկանց ձերբակալում, փակում կալանավայրերում, ո՞րն է պատճառը: Օրինակ, ի՞նչ վտանգ են զգացել իշխանությունները Ձեզ հետ կապված:
– Իշխանական բռնաճնշումները եղել են բոլոր ժամանակներում՝ սկսած իսպանական ինկվիզիցիայից մինչև լիբերալ ֆաշիզմ: Բոլոր ժամանակներում բռնաճնշումների նպատակը մեկն է եղել՝ իշխանության կողմից հռչակված միակ ճիշտ «կրոնը» բռնությամբ պարտադրել հպատակներին: Բռնաճնշումների կարճաժամկետ նպատակները երեքն են: Առաջին՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր խոսում են իշխանական միակ «ճշմարտության» դեմ կամ կասկածի տակ են առնում այդ միակ «կրոնի» ճշմարտացիությունը: Երկրորդ՝ պատժել այն մարդկանց, ովքեր իրենց գործողություններով կամ խոսքով համարձակվել են դեմ դուրս գալ իշխանական «ճշմարտությանը» և վնաս են հասցրել իշխանական քարոզչության պարտադրված գծին: Երրորդ՝ վախ տարածել հանրության մեջ՝ նպատակ ունենալով վախի միջոցով կանխելու այլակարծության օջախների առաջացումը և հպատակներին պահելու միակ «ճիշտ» քարոզչական գծի մեջ: Կոնկրետ իմ օրինակում առկա են բոլոր երեք նպատակները: Ինձ պատժում են, քանի որ ահռելի վնաս եմ հասցրել ՀՀ-ում ադրբեջանաթուրքական հեղափոխության միջոցով իշխանությունը զավթած լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցին: Ինձ փորձում են լռեցնել՝ բանտարկելով, մեկուսացնելով հասարակությունից, արգելելով տեսակցություններս, հեռախոսազանգերս եւ ամեն տեսակի կապ արտաքին աշխարհի հետ: Եվ երրորդ՝ իմ օրինակով փորձում են վախ ներշնչել հանրության շրջանում: Չէ՞ որ բոլորը տեսնում են, որ իմ քրգործում չկա տուժող, չկա վկա, չկա հետևանք, չկա գեթ մեկ ապացույց, կա միայն մեկ բան՝ Մալյան Նարեկին բանտարկելու մեծ ցանկություն: Բռնապետերից մեկն ասում էր՝ կա մարդ, կգտնենք քրեական հոդվածը: Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք:
– Դատարանում հայտարարեցիք՝ ինչ արել եմ` արել եմ լավ, քիչ ու էլի եմ անելու: Չե՞ք փոխել Ձեր կարծիքը:
– Ոչ միայն այս գործի շրջանակներում եմ այս հայտարարությունն արել: Ես դա ասել եմ միշտ՝ իմ դեմ հարուցված տասից ավել քրեական գործերով: Ես չեմ կարծում, որ երբեւէ ապօրինի բան եմ արել, հետևաբար, կաշկանդված չեմ արարքներս կրկնելուց: Այսօր իմ՝ կալանքի տակ լինելու միակ պաշտոնական հիմքն այդ հայտարարությունն է: Իշխանությունն ինձ բանտում է պահում այդ հիմքով՝ պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով նոր «հանցանք» կկատարեմ: Կալանքիս որոշման մեջ այդ հայտարարությունն է գրված: Դեռ չապացուցած իմ հին «հանցանքը», խախտելով օրենքը և անմեղության կանխավարկածը՝ հայտարարում են հնարավոր նոր «հանցանքի» մասին: Ինձ ակնարկել են, որ եթե հրաժարվեմ այդ հայտարարությունից, ինձ կազատեն բանտից, ինչպես եղավ զոհվածի մայր Գայանե Հակոբյանի դեպքում: Բնականաբար, իմ դեպքում որևէ գործարք բացառվում է: Եթե իմ խոսքի գինն իմ ազատությունն է, ես պատրաստ եմ վճարել այդ գինը:
– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այսքան հեշտ ընդունվեց Արցախի հանձնումը, հանրությունը «լռեց», հարմարվեց, ընդդիմությունը հիմնականում բավարարվեց հայտարարություններով:
– Արցախի հանձնման մեղավորությունը միանշանակ այս իշխանական խմբի վզին է. սա չի էլ քննարկվում: Կգա ժամանակ, և անհատապես կորոշվի այդ խմբի յուրաքանչյուր անդամի մեղքի բաժինը: Իսկ հանրության լռելու, ոչ բավարար կազմակերպվածության, անզորության զգացման համար մեղավորն ո՞վ է՝ իշխանությո՞ւնը: Չեմ կարծում: Իշխանությունը դավաճանեց, իսկ ո՞վ պետք է կազմակերպեր դավաճանության դեմ արդյունավետ պայքար, ո՞վ կամ ովքե՞ր մի քանի անգամ տապալեցին փողոցային պայքարը, եւ ամեն անգամ տապալման մեջ անամոթաբար մեղադրեցին ժողովրդին: Իսկ ամեն տապալումից հետո դավաճան իշխանությունն ավելի ամրացավ, լկտիացավ: Սրանք հարցեր են, որոնց անպայման հրապարակային անդրադարձ է լինելու: Իմ մասնակցած վերջին հանրահավաքը, որից հետո մինչ օրս բանտում եմ, սեպտեմբերի 19-ին էր: Ովքե՞ր այդ օրը հավաքված մարդկանց արդար ցասումը, վճռականությունը հերթական անգամ վերածեցին անբովանդակ զավզակության: Ես բանտում իմացա, որ Արցախն ընկավ, որ Արցախը հանձնեցին թշնամուն: Լուրը լսելուց խցում լացում էի… Նարեկ Մալյանի նորատիպ գրքի շապիկը – Կալանավայրում գրելու, ինչ-որ բաներ վերանայելու հնարավորություն ունենո՞ւմ եք: Նարեկ Մալյան գրողը ստեղծագործական նորություններ ունի՞:
– Պատմվածքներ եմ գրում, որոնք առանձին ժողովածուով կհրապարակեմ: Մի պատմվածք դատավորիս մասին եմ գրել, դեռ չեմ որոշել՝ հրապարակե՞լ, թե՞ ոչ: Երևի դատավճռից հետո կհրապարակեմ: Նորությունն այն է, որ Newmag հրատարակչությունը ձեռք է բերել իմ «Զրոյական կետ» վեպի իրավունքները: Մոտ մեկ ամսից այն լույս կտեսնի: Բանտից կկազմակերպեմ շնորհանդես եւ կհրավիրեմ իմ սիրելի ընթերցողին: Փորձում եմ բանաստեղծություններ գրել: Էքսկլյուզիվ կարգով կհրապարակեմ դրանցից մեկը, որ «Խոստում» եմ վերնագրել.
Ես խոստանում եմ խավարը ցրել,
Կստացվի, թե ոչ՝ կիմանանք վերջում:
Ես խոստանում եմ չարքի դեմ կռվել, Դ
ժվար է հաղթել նրան իր որջում:
Ես խոստանում եմ դեւին սատկացնել,
Հազարներն արյուն են տվել այդ գործին:
Ես խոստանում եմ շղթան խորտակել,
Թող չխանգարեն վճռական փորձին:
Ծաղրում եմ տգետ դավաճաններին,
Ծիծաղում եմ դատարաններում:
Չեք կարող այլևս դուք ինձ բանտարկել,
Քանզի արդեն ապրում եմ բանտում:
– Կալանավայրից հետո շարունակելո՞ւ եք Ձեր ակտիվ հասարակական գործունեությունը:
– Շատ դժվար հարց է: Ցանկությունս չի պակասել եւ նույնիսկ ավելացել է, սակայն այս պահին լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «կալանավայրից հետո»: Երբ ինձ բանտարկեցին, Արցախը հայկական էր, այժմ հայրենիքիս կեսը չկա: Ես ծանր ապրումներ եմ ունենում այդ մասին մտածելուց: Չգիտեմ՝ արդյո՞ք ինչ-որ մեկին այսքանից հետո պետք կլինի իմ կռիվը: Հնարավորիս անկեղծ եմ պատասխանում: Ես միշտ շարքում եմ, միշտ առաջնագծում: Սակայն բանտից դուրս եմ գալու այնպիսի իրականություն, որտեղ իմ հայրենիքի մի մասն այլևս չկա…
– Կա՞ մի բան, ինչի համար ափսոսում եք:
– Մեղավոր եմ զգում, երբ սկսում եմ մտածել, որ կարող էի ավելի շատ արդյունք տալ, սակայն չստացվեց: Ափսոսում եմ իմ կորցրած հայրենիքի համար, այն հայրենիքի, որի համար հազարավոր երեխաներ իրենց կյանքը չխնայեցին: Իսկ այսօր փորձ է արվում նրանց զոհաբերությունն առոչինչ հայտարարելով՝ պղծել այդ երեխաների հիշատակը:
– Ըստ Ձեզ՝ Հայաստանում մնացե՞լ են ազատ մտածող, կարծիքը բարձրաձայնող եւ սկզբունքներից չհրաժարվող մարդիկ:
– Վստահաբար այդպիսի հայեր կան, բոլոր թիմերում կան վճռական, սկզբունքային և անզիջում մարդիկ՝ վառ անհատներ, ինչպես նաեւ բոլոր թիմերում կան մորթապաշտ, օպորտունիստ, քաղաքական առևտրականներ: Վերջինները, ցավոք, օժտված են նաև բնատուր անպատկառությամբ: Դա է պատճառը, որ հանրությունն իրական պայքարի փոխարեն հինգ տարի է՝ ականատես է լինում հարթակում իրարից բարձրախոս խլելու եւ ապահով աթոռներ զավթելու գարշելի տեսարանին: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեկ օրակարգի շուրջ միավորվեն բոլոր թիմերի վառ անհատականությունները: Այդ ժամանակ կտեսնեք իրական պայքարն ու հաղթանակը ոնց է լինում:
– Այս փուլում ամենից շատ ինչի՞ կամ ո՞ւմ կարիքն ունի Հայաստանը:
– Հայաստանն, առաջին հերթին, կարիք ունի անհապաղ կանգնեցնելու ազատ անկում հիշեցնող այս գահավիժումը: Կանգնեցնելուց հետո հանրային համերաշխություն հաստատելու՝ դավաճանության բոլոր, նույնիսկ այս պահին չերևացող մասնակիցներին օրենքի ողջ խստությամբ պատժելու միջոցով: Հաջորդ քայլով Հայաստանը կարիք ունի գոնե մի փոքր միջազգային սուբյեկտայնության: Մենք կարծես ապակի լինենք՝ մեր միջով նայում են, բայց մեզ չեն տեսնում: Հայաստանը կարիք ունի դաշնակիցների: Նույնիսկ ահաբեկչական Ալ Քաիդան կամ ԻԳԻԼ-ը դաշնակից երկրներ ունեն, իսկ Հայաստանը որբի պես մնացել է մենակ: Հայաստանը կարիք ունի արդար, խիստ և ռացիոնալ կառավարիչների: Հայաստանը կարիք ունի ազատվելու իրեն գռփող, խոպանչու հոգեբանությամբ օտարներից: Հայաստանը կարիք ունի անհապաղ ազատվելու Ալիևի և Էրդողանի կողմից նշանակված իշխանությունից:
Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը