«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը». Newmag-ը ներկայացրել է ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը
Newmag-ը հրատարակել է ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի՝ «Snake». Ֆրանսիական ֆուտբոլի օձը» ինքնակենսագրականը: Գիրքը ֆրանսերեն լույս է տեսել 2006-ին, իսկ հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով:
Գիրքը պատմում է ֆուտբոլիստի մասին, որն իր կյանքն անցկացրել է գնդակի հետ, սակայն չի դադարել ընդլայնել իր մտահորիզոնը: «Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» սպորտային բեսթսելլերը Ջորկաեֆը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ:
«Այս գրքում նա պատմում է իր հայկական արմատների մասին, խոսում «Մոնակոյից», «ՊՍԺ»-ից, «Ինտեր»–ից, Գերմանիայում և Անգլիայում անցկացրած տարիներից: Ես զրուցեցի նաև նրա հոր՝ Ժան Ջորկաեֆի հետ, գրքում շատ ենք խոսել նաև Հայաստան այցի մասին, երբ Ֆրանսիայի հավաքականը 1999-ին մեկնեց Երևան՝ Հայաստանի հետ խաղ անցկացնելու համար: Յուրին ինձ պատմեց ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները, որի ժամանակ նրան տվել են Հայաստանի անձնագիր և պատվավոր քաղաքացու կոչում»,- պատմեց Առնո Ռամսեն:
Ֆուտբոլիստը գրքում պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու սկանդալների, նյու-յորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել «Snake» մականունը:
««Snake» մականունը լավ էր բնութագրում նրա խաղը: Մրցակցի տուգանային հրապարակում Յուրին արագ էր տեղաշարժվում ու անհավանական հետագծով հարվածներ ուներ»,- նշել է 1990-ի աշխարհի չեմպիոն Յուրգեն Կլինսմանը:
Ջորկաեֆը գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Հայաստանը նա համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում՝ հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան:
Ջորկաեֆը Հայաստան այցելում է գրեթե ամեն տարի, մասնակցում բարեգործական և սպորտային միջոցառումների: Այս ինքնակենսագրականը ուղերձ է սփյուռքում ապրող հայ մարզիկների համար, թե ինչպես կարելի է հաջող կարիերային զուգահեռ չմոռանալ արմատների մասին:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է