Սոցիալական մեդիայի և գրքերի վաճառքի կապը Հայաստանում
Գրքի և գրականության հանդեպ հետաքրքրություն ստեղծելու և վաճառքները մեծացելու համար Հայաստանում ակտիվորեն կիրառում են մեդիա գործիքները։ Գրահրատարակչությունները, մասնավորապես, օգտագործում են սոցիալական ցանցերը՝ իրենց հրատարակած գրքերը առաջխաղացնելու համար։
Գրքի և գրականության հանդեպ հետաքրքրություն ստեղծելու և վաճառքները մեծացելու համար Հայաստանում ակտիվորեն կիրառում են մեդիա գործիքները։ Գրահրատարակչությունները, մասնավորապես, օգտագործում են սոցիալական ցանցերը՝ իրենց հրատարակած գրքերը առաջխաղացնելու համար։
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը պատմում է, որ իրենք իրենց հրատարակած գրքերը վաճառելու համար կիրառում են 50 տոկոս համացանցի հնարավորությունները և 50 տոկոսով էլ ավանդական գործիքները։
«Մենք նախ որոշում ենք, թե ով է տվյալ գրքի ընթերցողը, թիրախային որ լսարանին ավելի շատ կհետաքրքրի տվյալ գիրքը և ըստ այդմ, օգտագործում ենք առաջխաղացման հարթակները։ Օրինակ երիտասարդ լսարանի ուշադրությունը գրավելու համար շատ ենք կիրառում ինստագրամյան ռիլ տեսանյութերի գործիքը, քանի որ այն առանց ֆինանսական ներդրման ապահովում է մեծ թվով մարդկանց ներգրավում։
Մենք ռիլերի միջոցով մարդկանց պատմում ենք գրական գործերի մասին, որպեսզի պոտենցիալ գնորդը հնարավորինս շատ տեղեկություններ ստանա գրքի մասին, ցանկանա դրանք գնել։ Հակառակ դեպքում շատ դժվար կլինի գտնել երիտասարդին, որը չի դիտում հեռուստացույց, չի լսում ռադիո․․․ Արդյունքում մենք ունենում ենք մի պատկեր, երբ երիտասարդները գալիս են գրախանութ ռիլերը ձեռքներին, ցույց են տալիս ու ասում, որ ուզում են այս գրքից»,- նշում է Գնել Նալբանդյանը։
Խմբագիրն ասում է, որ իրենք վերլուծում են նաև որոնումներից ստացված տեղեկատվությունը գրքի տպաքանակը որոշելուց առաջ։
«Եթե օգտատերերը շատ են որոնել գիրքը որոնողական համակարգերում, ապա տպագրում ենք ավելի մեծ քանակով։ Եթե գիրքը որոնվել է քիչ՝ ըստ այդմ քիչ քանակով ենք տպագրում։ Եթե կան փնտրողներ, ցանկացողներ, նշանակում է, որ կլինեն գնորդներ»,- մանրամասնում է Գնել Նալբանդյանը։
Ըստ նրա՝ իրենց համար կարևոր գործիք է նաև լրատվամիջոցների հետ աշխատանքը, հատկապես շնորհանդեսնեսները կազմակերպելու և դրանք լուսաբանելու տեսանկյունից։
«Մենք հաճախ հյուրընկալվում ենք հեռուստատեսային առավոտյան հաղորդումների ծրագրերում։ Երբ ունենք որևէ շնորհանդես կամ արդեն իսկ անցկացրել ենք, անոնս ենք անում կամ ամփոփում ենք, և նման յուրաքանչյուր հաղորդումից հետո այդ օրը ներկայացրած գրքի վաճառքներն ակնհայտորեն մեծանում են։ Եթե չկարողանաս մեդիա գործիքներով ներկայացնել գրական արտադրանքը, այն մնալու է դարակների վրա»,- ասում է Գ․ Նալբանդյանը։
Նա նշում է, որ իրենք անցկացնում են նաև հանդիպումներ ուսանողների հետ, անցկացնում են քննարկումներ ոչ միայն Երևանում, այլև Երևանից դուրս, անցկացնում են գովազդային արշավներ, համագործակցում են կարծիք ստեղծող անձանց՝ ինֆլյուենսերների հետ։
«Երբ որևէ հանդիպում պետք է անցկացնենք հատկապես մարզում, տեղի էնտուզիաստների, ակտիվիստների միջոցով ենք տարածում ինֆորմացիան։ Ու պետք է միայն տեսնեք, թե որքան մարդ է գալիս։ Ավելի շատ մարդ, քան կարող է գային, եթե հայտարարեինք տեղական որևէ հեռուստաալիքով։ Անձանց դերն իսկապես շատ մեծ է։ Այն նկատելի է նաև շնորհանդեսների, միջոցառումների ժամանակ։ Փետրվարի 19-ին անցկացրինք մեր ձմեռային փառատոնը։ Ժամը մեկ 1500 մարդ էր գալիս։ 7 նոր գիրք ներկայացրինք, որը համատեղեցինք կտավների ցուցադրությամբ, հայտնի մարդկանց հեղինակային երեկոներով: Այս միջոցառումը դարձավ այդ օրվա մեդիա կոնտենտը, այն տարածվում էր սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով, մարդիկ խոսում էին այդ մասին ու բնականաբար վաճառեցինք այնքան, որքան ուզում էինք, ձեռք բերեցինք բարի համբավ, վստահություն մեր նկատմամբ»,- պատմում է Գնել Նալբանդյանը։
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ևս կարծում է, որ ժամանակակից մեդիա գործիքներն ավելի շատ օգնում են գրքի բիզնեսին, քան՝ խանգարում, հատկապես, երբ խոսքն այնպիսի լրատվամիջոցների, անհատների մասին է, որոնք ունեն համբավ ու հեղինակություն։
«Շատ կարևոր է, թե ով է խոսում գրքի մասին, ինչպես, ինչ սոուսի տակ է մատուցում․․․ Երբ լրատվամիջոցը հեղինակավոր է, բարեխիղճ, ստեր չի տարածում, վստահելի է, մարդը գիտի, որ երբ լրատվամիջոցը խորհուրդ է տալիս ընթերցել որևէ գիրք, այն իսկապես արժեքավոր է։ Մարդիկ չունեն ժամանակ փնտրելու, կարծիքներ կարդալու, վերլուծություններ կարդալու, վստահում են՝ գնում, որովհետև տվյալ մեդիան տարիների ընթացքում ձևավորել է լավ իմիջ։ Եթե նման լրատվամիջոցի կայուն լսարանը 50-60 հազար է, 1-2 տոկոսն էլ կարդա անդրադարձը, հետևի կոչին ու գնի գիրքը, սա միաշանակ դրական արդյունք կտա գրահրատարակչության»,- նշում է նա։
Ա․ Նիկողոսյանը նաև նկատում է, որ լինում են բացասական դրվագներ ևս․ երբ գրողը հայտնվում է մի լրատվականում, որի արժեքաբանական հայեցակարգը չի համապատասխանում նրան, գիրքը, հեղինակը արժեզրկվում են, մարդիկ դադարում են գնել, դադարում են հետևել գրողի անձնական էջերին։
Գրականագետը կարևոր է համարում նաև գրողների անձնական հաշվիվները սոցիալական ցանցերում․ «Շատ գրողներ, որոնք այսօր մեծ հեղինակություն են վայելում, դարձել են պոպուլյար սոցիալական ցանցերում իրենց անձնական էջերով, լրատվամիջոցներին տված հարցազրույցներով․․․ Հովիկ Աֆյանը, Գրիգը, Արամ Պաչյանը դարձել են պոպուլյար իհարկե նաև մեդիայի շնորհիվ։ Ընթերցող-գրող կապի հաստատման գործում մեդիայի դերը միաշանակ մեծ է»։
Արքմենիկ Նիկողոսյանը նկատում է, որ մեծ է կարծիք ձևավորողների ազդեցությունը։ Իր օրինակով զգում է, որ երբ ֆեյսբուքյան գրառում է անում որևէ գրքի մասին կամ հաղորդման շրջանակներում խորհուրդ է տալիս գնել այն, գրախանութում տվյալ օրը առնվազն մի քանի հատ վաճառք է կատարվում։