«Տխուր է, որ ռուսերենը կար, հայերենը՝ ոչ». լույս ընծայվեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը (Տեսանյութ)
«Տխուր է, որ ռուսերեն տարբերակը կար, հայերենը՝ ոչ». Newmag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը։
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո գիրքն ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները։
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։ Նրա կարծիքով՝ Տիգրան Պետրոսյանի ստեղծագործությունը դեռևս ցանկալի չափով մանրակրկիտ և բազմակողմանի չի ուսումնասիրվել։
Այս գիրքը սովորեցնում է մտածել, ավելի ստույգ՝ սովորեցնում է ինչպես ճիշտ մտածել, քանի որ շախմատային մտածողությունն ինքնին ոչ միշտ է արդյունավետ։
Գիրքը ռուսերենից հայերեն թարգմանել է Արմեն Ամիրխանյանը։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը համոզված է՝ Տիգրան Պետրոսյանը իրավիճակ փոխեց Հայաստանում։
«Լինելով միակ հայ գրոսմայստերը՝ նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիան միավորում է 43 գրոսմայստեր։ Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում ինչքան գրոսմայստերներ կան ու նրանցից որքանն են գործում ՀՀ շախամտի ֆեդերացիայի դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ, իրոք, Տիգրան Պետրոսյանը իրավիճակ փոխեց Հայաստանում», - ասում է Սերժ Սարգսյանը։
Շախմատի ֆեդերացիայի նախագահը վստահեցնում է՝ այն հարյուր հազարավորները, որ Հայաստանում շախմատ են խաղում, կյանքին վերաբերում են այլ կերպ, քան նրանք, ովքեր չեն խաղում։
Երրորդ նախագահը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր այս գրքով ուրախացրեցին։
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ նշում է ՝ ուղիղ մեկ տարի առաջ, երբ սկսում էին հրատարակչական գործը, իրենց նպատակն էր ներկայացնել թարգմանական ու ոչ գեղարվեստական գրականություն, որի բացն այսօր կա։
«Մենք Տիգրան Պետրոսյանի գիրքը թարգմանեցինք միայն մեկ պատճառով՝ տխուր է, որ ռուսերենը կա, իսկ հայերենը՝ ոչ։ Մենք համարում ենք, որ շախմատային հանրությունը պետք է պարբերաբար ստանա իր բնագավառի նոր, թարմ ու կարևոր գրականության գոհարները», - նշում է Արտակ Ալեքսանյանը։
Newmag-ի տնօրենը առաջնային շնորհակալ է Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ. «Որովհետև նրա շնորհիվ շախմատը դարձավ համազգային սպորտաձև, նաև շնորհակալ եմ իր անմիջական մասնակցության համար՝ գիրքը լույս ընծայելու համար»։
Ալեքսանյանն ասում է՝ գրքի հետ վարվել են ճիշտ այնպես, ինչպես ցանկացված ուսանող՝ սկզբից իմացել են վերջնաժամկետը, հետո որոշել են զբաղվել դրանով։
«Մեզ համար շատ կարևոր էր, որ գիրքը լույս ընծայվի Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին», - անկեղծանում է Արտակ Ալեքսանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։