«Տուն տանող ճանապարհը». հայերեն է թարգմանվել ամերիկահայ գործիչ Վարդան Գրիգորեանի ինքնակենսագրականը
Վաստակաշատ ամերիկահայ գործիչ, «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» ինքնակենսագրական գիրքը հեղինակի կյանքի պատմությունն է այն մասին, թե ինչպես մի աղքատ հայ, շրջելով ամբողջ աշխարհը,
Գիրքը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Նյումեգ» հրատարակչությունը: Շնորհանդեսը, որին ներկա էին գրքի ստեղծման գործում դերակատարություն ունեցող մարդիկ, տեղի ունեցավ մարտի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակում:
«Ավրորա»-ի գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը, որը մեկ տարի առաջ է միացել «Ավրորա»-ի թիմին, հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հաղորդակցվել Վարդան Գրիգորեանի հետ: «Նա ամենաազդեցիկ մարդկանցից է, որին երբևէ հանդիպել եմ: Գրիգորեանն իսկապես իմաստուն մարդ է, ինչը նրա հարուստ կյանքի արդյունքն է. կյանք, որի լի է մարտահրավերներով, բազմաթիվ հնարավորություններով: Վարդանը նախ և առաջ շատ բարի մարդ է և մեծանուն մենթոր բոլորիս համար»,- շեշտեց Ստանիշը:
Գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանի խոսքով՝ հուշագրությունը հեքիաթի սցենար է հիշեցնում. հարուստ պատմությամբ աղքատիկ Թավրիզ, որից դուրս գալով մեծ ձգտումներով հերոսը զրկանքների անտառից հայտնվում է ամերիկյան երազանքի ապարանքի առջև՝ կոփված և պատրաստ դիմակայելու քաղաքակիրթ աշխարհի ակադեմիական խարդավանքներին: «Գիրքը հարուստ է անկեղծ, ավարտուն դասերով ու հուշումներով: Պատմում է այն մասին, թե ինչպես կարող է դժվարին անցյալը փառավոր ապագայի հիմք դառնալ: Ընտանեկան հարաբերությունները մեծ դեր են խաղացել Գրիգորեանի՝ Թավրիզից մեկնելու ցավոտ որոշումը կայացնելիս: Եթե տանն ամեն ինչ կարգին լիներ, Վարդան Գրիգորեանը չէր լինի այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում ենք»,- ասաց թարգմանչուհին:
Նա խոստովանեց, որ գեղարվեստականի ու ոչ գերարվեստականի խառնուրդը հաղորդելն իր համար նման էր ափից ոտնաթաթով ջուրը փորձելուն. գեղարվեստականում ջուրը ձգում էր, իսկ հարազատը՝ նոն-ֆիքշնը, տաք էր ու ապահով:
«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի հրատարակությանը և նշեց, որ գրքում ընթերցողը կարող է հանդիպել անսովոր տառադարձումների, որոնց հեղինակը հենց Վարդան Գրիգորեանն է: «Մենք նրա հետ համատեղ ենք աշխատել: Գրիգորեանն ընթերցել է բոլոր էջերը, հավանություն է տվել թարգմանությանը, շապիկին և հրատարակությանը: Նա անգամ «Նյումեգ»-ի թիմի հետ ժողով է արել՝ թարգմանական նրբությունները քննարկելու համար»,- պատմեց Ալեքսանյանը:
Նրա հավաստիացմամբ՝ «Տուն տանող ճանապարհը» իսկապես հետաքրքիր գիրք է, որում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք թվում էր՝ վաղուց պետք է մահացած լինեին: «Գրիգորեանը հանդիպում է Լևոն Շանթին, իսկ Բեյրությում նրա ուսուցիչն ու մենթորը Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է եղել: Գրքում հետաքրքիր է նկարագրվում Վարդան Գրիգորեանի կրթությունը: Նա մանրամասն ներկայացնում է Արիստոտելի և Պլուտարքոսի ուսմունքների տարբերությունը, քաղաքական մտքի տարաձայնությունները: Այս գիրքն առաջին հերթին կարող է հետաքրքրել նոր սերնդին՝ տեսնելու, թե ինչ է նշանակում կապերի հաստատում, ինչ է նշանակում գումարների հայթայթում: Գրիգորեանը մարդ է, որը «Քարնեգի» հիմնադրամի համար այնքան գումար է հավաքել, որ այն այլևս դրա կարիքը չունի: Գրիգորեանը մարդ է, որը ստեղծում է նոր միջավայր, և նրա բացառիկ տաղանդը ներկայացված է, շարադրված է և նկարագրված է գրքում»,- եզրափակեց Ալեքսանյանը:
Գրքի թարգմանության խմբագիրը Գնել Նալբանդյանն է, խմբագիրը՝ Սևակ Ղազարյանը, վերիֆիկանտը Ավետիս Հարությունյանն է:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը