Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Մեդիալուսաբանում

Թարգմանական գրականությունը Հայաստանում․ գրքի ընտրո

Թարգմանական գրականությունը Հայաստանում․ գրքի ընտրությունից մինչև որակի ապահովում

10/27/2025

newmag-y-n

Արտասահմանյան գրականությունը հայ ընթերցողի գրապահարանի անբաժան մասն է: «ԴաՎինչին», «Էդիթ Պրինտը», «Newmag»-ը և մի շարք այլ հրատարակչություններ տարբեր ժանրերի բազմազան գրքեր են թարգմանում հայերեն, սակայն թարգմանության ընթացքն իրականում շատ ավելի բարդ և բազմաշերտ է, քան շատերը պատկերացնում են:

Արտասահմանյան գրականությունը հայ ընթերցողի գրապահարանի անբաժան մասն է: «ԴաՎինչին», «Էդիթ Պրինտը», «Newmag»-ը և մի շարք այլ հրատարակչություններ տարբեր ժանրերի բազմազան գրքեր են թարգմանում հայերեն, սակայն թարգմանության ընթացքն իրականում շատ ավելի բարդ և բազմաշերտ է, քան շատերը պատկերացնում են: Տեքստը բառացի թարգմանելուց բացի՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որպեսզի ընթերցողին փոխանցվեն ճիշտ զգացմունքներ, պահպանվի հեղինակի ոճը...

«ԴաՎինչի» հրատարակչության հիմնադիր տնօրեն Հայկ Աջապահյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, թե ինչպես են ընտրվում թարգմանության ենթակա գրքերը. «Նախ՝ թեման պետք է արդիական ու հետաքրքիր լինի հայ ընթերցողի համար։ Շատ կարևոր են նաև գրքի միջազգային արձագանքն ու վաճառքի ցուցանիշները։ Որոշ դեպքերում ընտրում ենք այնպիսի գրքեր, որոնք, մեր կարծիքով, կարող են լրացնել հայ գրականության բացերը, հատկապես՝ հոգեբանության, բիզնեսի և անձնական զարգացման ոլորտներում»։

«Newmag»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն էլ նշեց՝ գրքերն ընտրում են ըստ դրանց արդիականության և համաշխարհային վաճառքների։ «Երբեմն լինում է այնպես, որ մեր գործընկեր կառույցները, կամ դրանց ղեկավարները տնտեսական, ֆինանսական, քաղաքական կամ փիլիսոփայական գրականությունից առաջարկում են հետաքրքիր կամ դարակազմիկ աշխատություններ, որոնք ուսումնասիրում ենք և տեսնում, որ, իսկապես, դրանք շատ կարևոր են և արժանի թարգմանման»,- ասաց նա։

Գրքի ընտրությանն անմիջապես հաջորդում է թարգմանական իրավունքների ձեռքբերման գործընթացը, որը, Հայկ Աջապահյանի խոսքով, իր հետ բերում է մի շարք մարտահրավերներ՝ հեղինակային իրավունքի տիրոջ կամ գործակալության հետ կապի հաստատման ժամանակ։ «Բացի այդ՝ որոշ դեպքերում դժվար է որոշել՝ արդյոք գիրքն իսկապե՞ս նոր բան է առաջարկում հայ ընթերցողին, թե՞ պարզապես հաջողված է այլ շուկաներում»,- ասաց Աջապահյանը։

Ըստ «ԴաՎինչիի» տվյալների՝ այսօր հայաստանյան գրքի շուկայում ամենաշատը վաճառվում են մանկական գրքերը։ Ծնողները փնտրում են որակյալ, ուսուցողական, գեղարվեստական և, միաժամանակ, զվարճալի գրականություն երեխաների համար, նաև սիրավեպերի և դետեկտիվների մեծ պահանջարկ կա։ Երիտասարդները նախընտրում են պարզ լեզվով գրված և դինամիկ գրքեր։

Արհեստական բանականության ի հայտ գալուն պես սկսվեցին խոսակցություններ՝ արդյո՞ք ԱԲ-ն կկարողանա փոխարինել թարգմանիչներին։ Թարգմանիչ և «ԴաՎինչի» հրատարակչության խմբագիր Մանե Մամյանի կարծիքով՝ կգա ժամանակ, երբ դա հնարավոր կլինի, բայց, այնուամենայնիվ,  գեղարվեստական գրքերը մարդկային գործոն են պահանջում՝ զգացմունքներ, հուզականություն։ «Լեզուն օր օրի զարգանում է, ավելանում են նոր բառեր ու արտահայտություններ, որոնք տարբեր համատեքստերում տարբեր իմաստ կարող են արտահայտել: Եթե նույնիսկ ԱԲ-ին վստահվի կատարել գեղարվեստական գրքի թարգմանություն, այս դեպքում կրկնակի կարևոր դերակատարում կստանան խմբագիրները, որոնք կստուգեն կատարած թարգմանությունը»,- ասաց Մանե Մամյանը։

Նա խոսեց նաև գրքի թարգմանության բարդություններից, նշելով, որ դրանցից մեկն է դարձվածքների թարգմանությունը։ Այս դեպքում լավագույն տարբերակներից են գտնել համարժեքներ կամ թարգմանել նկարագրական կերպով։

Հայտնի է թարգմանական գրքի հրապարակման ընթացքը. հեղինակային իրավունքը ձեռք բերելուց հետո գիրքը թարգմանվում է, հետո այն խմբագրվում է  և սրբագրվում։ Դրան հաջորդում են էջադրման և շապիկի ընտրության փուլերը։ Երբ ամեն ինչ պատրաստ է, գիրքն ուղարկվում է տպարան։

Գնել Նալբանդյանը նաև նշեց՝ վերջին 30 տարիների ընթացքում մեդիայում աշխատելով՝ անձամբ կազմել է ուղեցույց, որտեղ ներառել է մակաբույծ և սխալ բառեր, սխալ արտահայտություններ և  սխալ կառույցներ, որոնք զանգվածաբար խոտան են արտադրում․ «Նման սխալները շատ սովորական են դարձել և աղտոտում են հայոց լեզուն։ Մեր նպատակն է, որ մենք այդ խոտանը չարտադրենք, փոխարենը՝ մաքրենք լեզուն»։

Մեր հարցին՝ ինչու է ընթերցողի՝ հայ ժամանակակից գրականության հանդեպ հետաքրքրությունը պակաս, «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող և թարգմանիչ Դավիթ Սամվելյանը նկատեց․ «Օտար հեղինակների հանդեպ անբացատրելի վստահություն կա, մինչդեռ հայ հեղինակի ստեղծագործությանը վերապահումով են մոտենում, բայց հստակ չեմ կարող ասել դրա պատճառը: Չնայած վստահ եմ, որ վերջին շրջանում մարդիկ հայ ժամանակակից գրականություն էլ են կարդում: Չէի ասի, թե մեկը մյուսին օգնում է: Վերջին տարիներին գիրք կարդալը շատ է քարոզվում։ Ավելի շատ դրա արդյունքն է, քան՝ թարգմանական գրականության առկայությունը»։

«Մենք առաջարկում ենք այն, ինչը դուք դեռ չեք փնտրում»․ այս կարգախոսով էլ գործում է «Newmag»-ը։ Գնել Նալբանդյանի խոսքով՝ մարդկանց պետք է բացատրել՝ ինչ կստանան տվյալ գիրքն ընթերցելով, որքան է կարևոր, օգտակար և հետաքրքիր այն։ «Մենք աշխատում ենք մեր  գնորդներին դարձնել ընթերցող։ Այդ նպատակով տարվա մեջ մի քանի անգամ  կազմակերպում ենք  փառատոններ, որտեղ հավաքում ենք մեր ընթերցողներին և խոսում մեր գրքերի մասին, ներկայացնում դրանց հեղինակներին։ Արտասահմանյան որոշ հեղինակների երբեմն կանչում ենք Հայաստան, ծանոթացնում ընթերցողների հետ։ Այսպիսով մարդը անձնապես կապվում է հեղինակի և գրքի հետ, իսկ հեղինակը՝ Հայաստանի։

Թարգմանական գրքի հայաստանյան ճանապարհը հեռու է հեշտ լինելուց։ Յուրաքանչյուր փուլ՝ գրքի ընտրությունից մինչև թարգմանություն, խմբագրում և ընթերցում, ունի իր դժվարությունները։ Սա մի գործընթաց է, որտեղ կարևոր դեր ունեն թե՛ թարգմանիչները, թե՛ խմբագիրները, թե՛ հրատարակիչները, որոնց համագործակցությամբ է միայն հնարավոր որակյալ արդյունք ստանալ։ Հետևաբար, կարևոր է, որ յուրաքանչյուր փուլում գործի դրվի ոչ միայն մասնագիտական հմտությունը, այլև սերը գրքի և լեզվի հանդեպ։

Նելլի Վարդանյան

ԲՊՀ, ՀՀԼ ամբիոն, 3-րդ կուրսի ուսանող

Տարածել