«Զոդ» օպերացիան, որը Սոթքը հայկական պահեց
Ադրբեջանի տարածքային հավակնություններ Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ գաղտնիք չեն: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ այդ հավակնություններն առնվազն 100 տարվա պատմություն ունեն:
Ադրբեջանի տարածքային հավակնություններ Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ գաղտնիք չեն: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ այդ հավակնություններն առնվազն 100 տարվա պատմություն ունեն:
1919թ.-ին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբել է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարել Ադրբեջանին միանալու մասին։ Հայերի կողմից իրականացված «Զոդ» օպերացիայի շնորհիվ միայն, հաջողվել է այս կարեւորագույն շրջանը պահել Հայաստանի կազմում։
Newmag Winter Fest-ին ընթերցողներին է ներկայացվել Ավետիս Գրիգորյանի եւ Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը: Դրանում առաջին անգամ համապարփակ ներկայացվում է Վարդենիսի ինքնապաշտպանությունն ու «Զոդ» օպերացիան, որն առավել քան արդիական է այսօր:
Գրքի հեղինակները հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքել ականատեսների ու նրանց ժառանգների վկայություններն ու այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։
«Օպերացիա «Զոդ»»-ը հրատարակվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ:
Գրքի հեղինակներ, մասնագիտությամբ հնագետ-պատմաբաններ Արսեն Բոբոխյանն ու Ավետիս Գրիգորյանը «Զոդ» օպերացիայի մասին առաջին անգամ լսել են 2014թ.-ին՝ տարածաշրջանում պեղումների ժամանակ:
«Սոթք գյուղում պեղում էինք հուշարձաններից մեկը, որի պատմական անունը Տիգրանաբերդ է: Այդ ընթացքում մեզ մոտեցած գյուղացիներից մեկն ասել է՝ «մարդկային ոսկորները, որոնք այստեղից հանում եք, ամենայն հավանականությամբ, կապ ունեն «Զոդ» օպերացիայի հետ»: 2014թ.-ին մենք ոչինչ չգիտեինք այդ օպերացիայի մասին», - գրքի վերաբերյալ քննարկմանն ասել է Արսեն Բոբոխյանը՝ հիշելով, որ այդ օրվանից իրենք սկսել են հետաքրքրվել, հավաքագրել նյութեր ու 2020թ.-ին մասնակցելով Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հայտարարած դրամաշնորհին՝ որոշել են ավելի խորն ուսումնասիրություններ կատարել ու դրանք ներկայացնել գրքի տեսքով:
20-րդ դարի ինքնապաշտպանության այս կարեւոր դրվագներից մեկը զարմանալիորեն դուրս է մնացել հետազոտողների, պատմաբանների ու առավել եւս՝ հանրային ուշադրությունից:
«Առաջին հանրապետության կարճատեւ ժամանակաշրջանում այնքան բուռն են եղել իրադարձությունները, որ այս օպերացիան, կարծես, դուրս է մնացել ակադեմիական, հանրային շրջանում քննարկումներից: Հիմնականում քննարկվել են Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան՝ ավելի կենտրոնական շրջանների իրադարձությունները», - ասել է Ավետիս Գրիգորյանը:
Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի՝ «Վերաիմաստավորելով 21-րդ դարը» դրամաշնորհի գիտական ղեկավար Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նշել է, որ գրքում ներկայացված է ոչ միայն պատմություն՝ դասական իմաստով, այլեւ ռազմական հնագիտություն, աշխարհագրություն, ազգագրություն, մշակութաբանություն.
«Սա մեր պատմության չբացահայտված էջերից մեկն է: Շատ կարեւոր է, որ այն տեղափոխվի սոցիալական կրթության դաշտ, այս ինֆորմացիան դասագրքայնացվի: Տղաներին հաջողվել է գրել գիրք, որը հասու է միջազգային պատմագիտական մտքի համար՝ չկա պաթոս, չկան զեղումներ: Կան փաստեր, կա հսկայածավալ աշխատանք ու վստահ եմ, շատ շուտով այն կթարգմանվի նաեւ այլ լեզուներով, քանի որ առկա փաստերը պետք է ներկայացված լինեն աշխարհին»:
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասել է՝ գիրքն օգնում է հասկանալ՝ ինչ է կատարվել անցյալում, ինչ է կատարվում այսօր ու ինչ կկատարվի վաղը.
«Գիրքն օգնում է հասկանալ՝ ինչ պետք է անել, որ թույլ չտանք մեր ողնաշարը կոտրվի: Գիրքն ուղեցույց է այսօրվա ու վաղվա իշխանությունների համար: Ուղեցույց է մարդկանց համար, որոնք ապրում են Վարդենիսի տարածաշրջանում: Այն պարտադիր պետք է լինի շրջանի բոլոր համայնքապետարաններում: Տեղի մարդիկ հիմնականում ինչ-որ բան լսել են, ինչ-որ բան մնացել է իրենց տատերից, պապերից, բայց, ընդհանուր առմամբ, տեղյակ չեն կատարվածի մասին:
Այս գրքում հիմնավորվում է՝ ինչու մարդիկ պետք է մնան այնտեղ ու թույլ չտան թշնամու առաջխաղացումը. հակառակ դեպքում՝ Սեւանի ամբողջ ավազանը կհայաթափվի: Այս գիրքը մեծ ահազանգ է մեզ բոլորիս՝ պատմական Հայաստանի հսկայական տարածքներ կորցրած մարդկանց: Ահազանգ է այն մասին, որ մեր ձեռքից կտոր-կտոր վերցնելու են այն, ինչի համար պատերազմը տեւում է 100 տարուց ավելի»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը