Newmag-ը հրատարակել է Խորհրդային միության ամենաազդեցիկ կոմպոզիտորի մասին առաջին անգլալեզու գիտական ուսումնասիրությունը (թրեյլեր)
12/02/2024
«Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիտական ուսումնասիրությունը ներկայացնում է ջութակահար, մանկավարժ Նունե Մելիքյանը։ Գրքում տեղ են գտել վիրտուոզ դաշնակահարի սիրո ու երաժշտության պատմությունը, որն ամբողջացել է արխիվային նյութերով, անձնական նամակներով, մասնագիտական վերլուծություններով։
«Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գրքի հեղինակ Նունե Մելիքյանը ճանաչված ջութակահար է, գիտնական և մանկավարժ: Նա դարձել է Մոնրեալի համալսարանի մագիստրոսական ծրագրի ամենաերիտասարդ ուսանողը: Առաջին հայուհի ջութակահարն է, որը ելույթ է ունեցել Քարնեգի Հոլի Սթերն սրահում։
ՄաքԳիլի համալսարանում նրա՝ Առնո Բաբաջանյանին նվիրված ատենախոսությունն առաջին համապարփակ ուսումնասիրությունն է անգլերենով: Ջութակահար և մանկավարժ Նունե Մելիքյանի «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիրքը լույս է սփռում հայ մեծանուն կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ուղու վրա՝ առաջին անգամ ներկայացնելով նրա ստեղծագործական ուղին անգլերեն:
Գիրքը հիմնված է արխիվային նյութերի, անձնական նամակների և մանրակրկիտ վերլուծությունների վրա:
Հետազոտությունը փորձ է բացահայտելու, թե ինչու տաղանդավոր կոմպոզիտորը չստացավ իր ժամանակաշրջանում արևմտյան աշխարհի լիարժեք գնահատականը:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հյուսված հայկական ավանդական մեղեդիներով, ժամանակակից ջազի ռիթմերով և դասական երաժշտությամբ, ներկայացնում են ուրույն մի աշխարհ: Նրա երաժշտությունը խորհրդանշում է մի ամբողջ դարաշրջան։
Նունե Մելիքյանի աշխատանքը լուսաբանում է Բաբաջանյանի կյանքի այն փուլերը, որոնք մինչ այժմ գրեթե ուսումնասիրված չէին: Այս գիրքը հրավեր է՝ ճանաչելու և վերաիմաստավորելու մեծ հայ կոմպոզիտորի կյանքն ու արվեստը՝ նոր, խորը և բազմաշերտ հայացքով:
Հատուկ գրքի հրատարակության համար Հայաստան է ժամանում հեղինակը և դեկտեմբերի 5-ին, 18:00 «Զանգակ» գրատանը տեղի կունենա գիտական ուսումնասիրության շնորհանդեսը։ Մուտքն ազատ է։
Գրքարշավի շրջանակում, դեկտեմբերի 4-ին Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում տեղի կունենա «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Գիտական ուսումնասիրությունը հեղինակը կներկայացնի նաև մասնագիտական ու երաժշտական կրթական հաստատություններում։
Նունե Մելիքյան
6800 ֏
Նկարագրություն
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։ Նա համարվում է Խորհրդային Միության ամենաազդեցիկ երաժշտական ֆիգուրներից մեկը։ Չնայած խորհրդային երաժշտական ասպարեզում ստեղծագործելու սահմանափակումներին, Բաբաջանյանի ստեղծագործությունները խորապես ներծծված են յուրօրինակ հայկական ոգով։ Թեև Բաբաջանյանը հայտնի է Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում, նրա երաժշտությունը համեմատաբար անհայտ է մնում արևմտյան աշխարհում: Այս գիրքը նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին համապարփակ անգլալեզու ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ծանոթացնել նրա հանճարն ավելի լայն լսարանին: