Անսթափ դատելու սինդրոմ կամ զուտ ադրբեջանական ախտորոշում
Վերջերս մի միջոցառման էի, որն առնչվում էր Հարավային Կովկասի խնդիրներին: Բանախոսում էր նաև մի ադրբեջանուհի դիվանագետ: Միջոցառման ընթացքում` հարց ու պատասխանի ժամանակ, բանավեճ ծավալվեց Հայաստանը շրջափակման ենթարկելու` Ադրբեջանի քաղաքականության շուրջ: Հետաքրքրականն այն էր, որ դիվանագետ տիկինը սկսեց նախ պնդել, որ այդպիսի բան չկա, իսկ երբ իրեն հիշեցրին իր իսկ նախագահի խոսքը, որ Հայաստանին մեկուսացնելն իրենց պաշտոնական քաղաքականությունն է, ադրբեջանուհին չափազանց ինքնավստահ ընթերցեց ՄԱԿ-ի կանոնադրության մի հոդված, որտեղ, իրոք, խոսվում է որևէ երկիր մեկուսացնելու իրավունքի մասին:
Ադրբեջանցի դիվանագետի այս պատասխանը կա՛մ անգրագիտության, կա՛մ էլ միտումնավոր խեղաթյուրման արդյունք էր (ադրբեջանական դիվանագիտական դպրոցը հաճախ է անում այս քայլը), քանի որ նրա նշած դրույթները որևէ առնչություն չունեն ՀՀ շրջափակման հետ:
Մեկուսացման քաղաքականություն իրականացնելու համար, ըստ նույն հոդվածի, անհրաժեշտ է ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն ու համաձայնությունը, որը, բնականաբար, այդ երկիրը չունի, և իր վարած մեկուսացման քաղաքականությունը ընդամենը հակահայկական քաղաքականության դրսևորում է: Անհարմար վիճակում հայտնված ադրբեջանցուն փրկեց միջոցառումը վարող օտարերկրյա փորձագետը, որն անմիջապես դադարեցրեց բանավեճը և այն տեղափոխեց ուրիշ դաշտ՝ կրքերը չբորբոքելու համար:
Արամ Ավետիսյանի սյունակում կարդացեք նաև՝
- Հայի ամենա-ամենան՝ լավ , թե վատ
- Ցմահ բանտարկություն` դավաճան ամուսիններին
- Գաղտնի թղթապանակ. Էլվիս Փրեսլիի նամակը՝ Նիքսոնին
Ընդհանրապես հայատյացությունը Ադրբեջանում նույնիսկ զավեշտալի դրսևորումներ ունի: Ադրբեջանցիները, օրինակ, կարող են մերժել քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող գիտական մի հոդված միայն այն պատճառով, որ հեղինակների մեջ նշված է հայի անուն: Վերջին գլուխգործոցը ադրբեջանական նախաձեռնությունն էր` հայերի հետ շփումն օրենքով սահմանափակելու ու քրեորեն պատժելու մասին: Վերջին պահին, սակայն, Ադրբեջանը հետ կանգնեց այս որոշումից և հրաժարվեց այս օրենքի նախագծից:
Ցավոք, մտահոգիչը միայն դա չէ: Ավելի մտահոգիչ է, թե ինչ դիրք են բռնում միջազգային հանրությունն ու միջազգային կառույցներն այս հարցում:
Անտեսելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու այն փաստը, որ այդ երկրում գլուխ է բարձրացրել սովորական ֆաշիզմը, Արևմուտքը շարունակում է խուսափել Ադրբեջանին ուղիղ քննադատելուց և երկու կողմերին կոչ է անում բանակցությունների միջոցով հասնել խաղաղ համաձայնագրի կնքմանը:
Միջազգային քաղաքագիտական միտքը նման դրսևորումների համար ձևակերպել է appeasement (խաղաղացման քաղաքականություն) քաղաքագիտական տերմինը, որը չափազանց բնորոշ է 1930-ական թվականներին: Մեծ Բրիտանիան այդ ժամանակ նացիստական Գերմանիայի հանդեպ վարում էր խաղաղացնելու և աչք փակելու քաղաքականություն, որի պատճառով հնարավոր չեղավ խուսափել Երկրորդ համաշխարհային պատերազմից: Պետության ագրեսիվ վարքի անտեսումը` վիճակը չսրելու պատճառաբանությամբ, այդ պետության և իշխանության ներսում ծնում է անպատժելիության մթնոլորտ, որն այդ երկրի հասարակությանը և ղեկավարությանը թույլ չի տալիս սթափ դատել: