Այրուձի
Վահան Ստեփանյան
Երբ ձի ես քշում, ոչ մի բանի մասին չես մտածում: Երբ, ձին հեծած, արշավում ես Հայաստանով մեկ՝ սարերով ու ձորերով, օրեր շարունակ, տասնյակ ու տասնյակ կիլոմետրեր անցնելով ձիու թամբին՝ ոտքդ ասպանդակին ու ձեռքդ սանձին, երեսդ բաշին ու շունչդ ռունգին, երբ ձիավարում ես՝ ականջդ սմբակների տրոփյունին, երբ արթնանում ես արևի հետ ու հանգչում խարույկի հետ, երբ գլխապտույտը թարմ ու խոնավ խոտի բույրից է և ոչ քաղաքի ծխից, երբ անապական բնության մեջ նժույգի հետ մի մարմին ես՝ կտրված սոցցանցի անմարմին բազմությունից, երբ ուշք ու միտքդ երիվարի հետ է և ոչ հեռախոսի, արագաչափի ու ինտերնետի, զգում ես, որ ոչ մի բանի մասին չես մտածում: Ոչ մի վատ բանի: Չնայած վախն էլ կա. թամբը պի՞րկ ես ձգել, ձիուն անտեղի չե՞ս խթանել, վարգի ռիթմը չե՞ս կորցրել:
Հետո մտածում ես, թե հնում մարդիկ ինչպես են հարյուրավոր կիլոմետրեր կտրել-անցել ու ամեն անգամ ձիուց իջնելուց հետո ֆիզիկապես կարողացել են որևէ գործով զբաղվել: Հետո սկսում ես շուրջդ նայել ու մտածել թե մենք ինչո՛ւ չենք ուզում գառնիգեղարդսևանդիլիջանծաղկաձորից այն կողմ անցնել ու բացահայտել մեր հայրենիքը: Հետո ավելի ուշադիր ես նայում շուրջդ ու ամաչում, որ մեր երկրի «դեռ չբացահայտված» անկյուններն արդեն իսկ աղբածածկ են Դելիի հետնախորշերի պես: Ու հանկարծ ինքդ քեզ բռնեցնում ես այն մտքի վրա, որ վերջին 30 րոպեն ոչ մի բանի մասին չէիր մտածում: Պարզապես նոր ես իջել ձիուց, ու լարվածության դողը դեռ մնացել է մարմնումդ: Ու միակ բանը, որ լսում ես, ձիու մեղմ փռնչոցն է: Միակ բանը, որ տեսնում ես, ձիու աչքերն են, որոնք նայում են քեզ ու կարծես հարցնում. «Հը՛... Ո՞նց էր»:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)