ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Ժայռացատկ
Կռահեցի՞ք՝ որտեղ եմ գտնվում: Իսկ եթե ավելի ուշադի՞ր նայեք: Սրանք այն լողափերն են, որոնք տեսել ենք միայն ամռանը, երբ մարդաշատ են, և պառկելու տեղ չկա: Այժմ խոր աշուն է, ու լողափերում մարդ չկա: Ավելին, այստեղ ամեն ինչ շատ տխուր է և լքված: Դժվար է պատկերացնել, որ Քոբուլեթիի 10-կիլոմետրանոց և օր ու գիշեր արթուն հանգստյան գոտին կարող է մի քանի օրում վերածվել անմարդաբնակ ափի:
Այժմ չկա հարյուրավոր սրճարաններից ու հազարավոր կրպակներից գոնե մեկը: Թախծոտ ու մի փոքր էլ տխուր թողնում եմ փոքրիկ գյուղաքաղաքն ու ճանապարհվում, ինչպես տեղացիներն են ասում, Կովկասի Մայամի: Բաթում կամ հազար ազգերի մայրաքաղաք: Այստեղ ապրում են հայեր, վրացիներ, թուրքեր, ղազախներ ու ադրբեջանցիներ: Վերջին 5-6 տարում փոխվել են քաղաքի դիմագծերը, ու այն այժմ նմանվում է եվրոպական փոքրիկ քաղաքներին:
Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ
Դուրս ենք գալիս բաց ծով: Ալիքների վրայով 100 կմ/ժ արագությամբ սլացքը հավասարազոր է ցամաքով 300-ով ընթանալուն: Մոտորանավակի տերը ցույց է տալիս արագացման ու արգելակման սեղմակներն ու ղեկը հանձնում ինձ: Նման արագընթաց մոտորանավակով ընդհանրապես 30-40 րոպե է տևում Բաթումից Սարբի, սակայն, քանի որ ես փորձառու վարորդ չեմ, ճանապարհը կարողանում եմ անցնել մեկուկես ժամում: Մոտենում ենք ափին, ու նավի տերը խնդրում է, որ ղեկը զիջեմ իրեն: Ու բացի այդ՝ ասում է, որ լավ կամ հմուտ նավավարորդ դժվար դառնամ, որովհետև շատ արագ եմ արգելակում, ինչը չի կարելի:
Ահա այն ժայռը, որի գագաթից պետք է ցատկեմ: Մայրամուտը մոտ է, ու հարկավոր է շտապել, որ հասցնեմ մագլցել ժայռը: Եղանակը ցրտաշունչ է, ու մարդիկ բաճկոններով են: Բոլոր անցորդները խորհուրդ են տալիս չցատկել: Նախ՝ վտանգավոր բարձրություն է, ու բացի այդ` ծովի ջուրը սառն է: Չի բացառվում, որ ջրում հայտնվելուց հետո մկաններս ձգվեն, ու չկարողանամ լողալ: 25- 30 մետր բարձրությունն այնքան էլ քիչ չէ: Գուցե հեռվից պատկերն այլ է, բայց երբ կանգնած ես անդունդի եզրին, զգում ես մահվան ֆիզիկական ներկայությունը քեզնից վար: