Հայի ամենա-ամենան՝ լավ , թե վատ. Դասախոսելու արվեստը
Շատ ծայրահեղ ենք դատում: Մեր բառապաշարում (լինի քաղաքական, տնտեսական, թե կենցաղային) հաճախ ես հանդիպում «աննախադեպ», «օրինակը չունեցող», «ամենասարսափելի», «ուրիշ երկրում չկա» և նման պիտակների, որոնք կպցնում ենք այս կամ այն երևույթին:
Մի քննարկման ժամանակ, քաղաքական հակադիր հայացքներ ունեցող անկուսակցական ծանոթներս վիճում էին մի քանի հարցով: Երկուսն էլ օգտագործում էին նմանատիպ պիտակավորումներ, ըստ որոնց՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում տիրող վիճակն ամենասարսափելին է, աշխարհում չկան ավելի կոռումպացված, վատ երկիր ու իշխանություն, ինչպիսին մերն են, մնացած բոլոր ազգերը գտել են բոլոր խնդիրների լուծումները, իսկ մենք՝ ոչ: Մյուս կողմն էլ, լինելով ավելի պահպանողական ու ավանդապաշտ, փորձում էր ապացուցել, որ հայերը ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգն են, ամենապայծառ ուղեղը հայինն է, ու համաշխարհային քաղաքակրթության ու մշակույթի ասպարեզում ամենամեծ ներդրումն ունեցել ենք մենք, ուստի մենք ուրույն ենք ու ամենալավը, ամեն ինչում էլ մեղավոր են մեր թշնամիները:
Երկուսն էլ մնացին իրենց կարծիքին, քանի որ նրանց ոչինչ չէր կարող ստիպել փոխել իրենց մոտեցումները: Իրականում, իհարկե, Հայաստանն աշխարհի ամենավատ ու կոռումպացված երկիրը չէ:
Բազմաթիվ այլ երկրներ նույնպես ունեն նույն քաղաքական, տնտեսական կամ սոցիալական խնդիրները, ինչ մենք: Արտագաղթի ու կոռուպցիայի ախտով տառապում են շատ ու շատ ազգեր, որոնք ո՛չ ավել են մեզնից, ո՛չ պակաս: Արևելյան Եվրոպայում կամ, օրինակ, Պորտուգալիայում, որոնք, թվում է, պետք է մեզնից զարգացած լինեն, նմանատիպ խնդիրներն անպակաս են:
Միևնույն ժամանակ՝ ծայրահեղ հայակենտրոնացած մոտեցումները ևս անընդունելի են, երբ կարծիքներ են հայտնում համաշխարհային խնդիրների մասին՝ իրենց մտահորիզոնը սահմանափակելով հայկական խնդիրներով: Հեռու եմ նաև այն մտքից, որ մեր առջև կանգնած խնդիրները չեն պահանջում խորքային ու հրատապ լուծումներ, և թե մեզանում ամեն ինչ լավ է: Ամենևին: Խոսքն այն մասին է, թե ինչպես ենք կարծիք ձևավորում, և ինչու են մեր հայտնած մտքերը հաճախ լինում այդքան ծայրահեղ: