Ինչպե՞ս է կյանքը ամուրիների համար. Կանանց կորցրածների արտասովոր խոստավանությունները
Հավատարմությունը պահելը դժվար գործ է: Առավել դժվար է, երբ միայնակ ես: Սիրելի կնոջը կորցրած տղամարդը կարող է նոր կին փնտրել, գտնել երկրորդին կամ նույնիսկ երրորդին: Բայց կան տղամարդիկ, որ դա անել չեն կարող: Նրանք ընդմիշտ մնում են կնոջ ջերմությունից հրաժարված՝ ապրելով պաշտելի էակի վերհուշով:
Ինչպե՞ս են կարողանում համակերպվել կամ վարժվել միայնությանը, անել այն, ինչ տարիներ շարունակ չեն արել, ինչպե՞ս են ճաշ պատրաստում, լվացք անում ու արդուկում, մաքրում տունն ու պահում երեխաներին: Այցելո՞ւմ են իրենց հանգուցյալ սիրելիների շիրիմներին, ժամեր շարունակ նստո՞ւմ են նրանց լուսանկարի առջև, երեխաների համար մի բան հորինո՞ւմ են, թե ուր է նրանց մայրը, գիշերները՝ քնելուց առաջ, երկար-բարակ զրուցո՞ւմ են նրանց հոգիների հետ: Եվ ինչպե՞ս են այս ամենի հետ նաև ապրում:
Ազատ Աբրահամյան, 55 տ ա ր ե կ ա ն
Երևանում է ապրում: 90-ականներին Հայաստանում նրան մեծ ճանաչում բերեց «Ծաղիկներ» երգը: Այսօր նա հեռուստաէկրանին չի երևում: Ազատի կյանքը փոխվեց, երբ 19 տարի առաջ քաղցկեղից մահացավ կինը: Հիմա ապրում է որդու, հարսի և թոռան հետ: Տնից գրեթե դուրս չի գալիս: Բանաստեղծություններ ու երգեր է գրում:
«Իմ կինը ինձ համար և՛ սեր է, և՛ ինձ զավակներ պարգևած անձնավորություն: Նա միշտ իմ սրտում է: Կնոջս կորստից հետո շատերն էին ինձ մխիթարում, սակայն մխիթարանքի խոսքերն ինձ չէին օգնում: Մեկ-երկու ժամ ցրվում էի: Ես ինքս եմ ինձ օգնել՝ ստիպելով ինքս ինձ, հիշելով, որ զավակներ ունեմ, պետք է ուժեղ լինեմ: Կինս ուղիղ և անվախ նայեց մահվան աչքերի մեջ. ես ի ՜ նչ տղամարդ եմ, եթե հանուն իմ բալիկների չհաղթահարեմ այդ դժվարությունը: Ինքս ինձ օգնելով և ինձ համար ընտրելով այդ տարիների ամենակարևոր մխիթարանքը՝ բեմը, արվեստը, 6 տարվա ընդմիջումից հետո վերադարձա բեմահարթակ: Այն օգնեց ինձ այդ դժվարին ժամանակահատվածում, երբ երեխաներս փոքր էին: Ես պետք է իրենց աչքերից թախիծը վերացնեի: Իմ մասին մտածելու ոչ՛ ժամանակ ունեի, ոչ՛ սիրտ: Շատ բաներից եմ ինձ զրկել: Ցավը մինչև վերջ էլ հաղթահարելու եմ լավ հիշողություններով: Վերջին տարիներին հաղթահարելն ավելի է բարդացել, որովհետև քիչ բաներ կան, որ դրական լիցքեր են տալիս ինձ: Երևի տարիքից էլ է: Հիմա օրերս շատ անհետաքրքիր են անցնում: Մինչև կնոջս դեպքը սարսափելի կենցաղային խնդիրներ էին ստեղծվել: Երկու տարի քաղցկեղով հիվանդ պահելը սարսափելի ծանր բան էր այն տարիներին: Փառք Աստծո, ես միայնակ չեմ եղել երբեք: Դուստրս փոքր տարիքից միշտ իր մորն է հիշեցրել ու օգնել է ինձ: Կենդանության օրոք էլ կինս աղջկաս կնքել էր «փոքր մամա»՝ կարծես իմանալով, որ մի օր մայրություն է անելու ինձ: Ես եփելու, մաքրելու որևէ խնդիր չեմ ունեցել: Ամեն ինչ միշտ պատրաստ է եղել ճիշտ ժամանակին: Հիմա, փառք Աստծո, հարսիկս կա, և ես էլի խնդիր չունեմ: Կնոջս բարեկամների հետ լավ հարաբերությունները պահպանվել են: Ինձ մինչև հիմա ասում են, որ նոր կյանք սկսեմ: Ես չեմ ասում, թե այս տարիներին փորձեր չեն եղել: Եթե ի վերուստ վիճակված է, մի օր գուցե մի բան ստացվի: Տարվա տոնական օրերի հանդեպ անտարբեր եմ դարձել: Նախկինում Նոր տարվան սրտատրոփ սպասում էի, քանի որ ծնվել եմ հունվարի 1-ին, ու անկեղծ ասած՝ ես այդպես էլ չիմացա, թե ինչ է ծննդյան օրը: Կնոջիցս հետո փորձել եմ նրա թողած դատարկությունը վերացնել: Իմ հուշերում, մտքերում, սրտում միշտ կնոջս կերպարը եղել է ու կա:
Կյանքն ինչպես դժոխքում. Կանայք, որ կրում են լռության ու բռնության հետևանքները
Բոլոր ապրումների ու հիշողությունների մասին գրել եմ իմ երգերում ու բանաստեղծություններում: Ցավը մոռանալու համար բեմ եմ բարձրացել: «Ֆեյսբուքում» էի շատ դրական լիցքեր ստանում: Հազարավոր մարդիկ էին գրում: «Յութուբում» տեսահոլովակներիս դիտում ների թվի աճը դրական լիցք էր տալիս ինձ: Երեխայի պես ոգևորվում եմ այսպիսի բաներից, ուշադրությունից եմ ուժ ստանում: Ես կնոջս հետ քիչ եմ ապրել՝ 9 տարի: Բայց միշտ զգում եմ նրա կարիքը, օրինակ՝ երբ որևէ տեղ են հրավիրում: Ես ուրախանում եմ՝ ուրիշներին տեսնելով իրենց կանանց հետ, և մտածում՝ ինչքան լավ կլիներ՝ կինս կողքիս լիներ: Մեկ-մեկ զարմանում եմ, որ մարդիկ ասում են, թե կյանքը շատ է հարվածել, այդ պատճառով են չարացել: Ես երբեք չեմ չարանում: Երազանքներ շատ ունեմ: Կուզեի բնակարան ձեռք բերել և կտակել զավակիս: Տղամարդիկ ֆիզիոլոգիապես ավելի թույլ են, քան կանայք. բնությունը այդպես է ստեղծել մեզ: Գեղեցիկ սեռը ավելի դիմացկուն է: Նրանք երկար ժամանակ առանց ամուսինների կարող են ապրել, տղամարդիկ՝ ոչ: Կնոջս չեմ էլ հասցրել ինչ-որ մի բան տալ: Եթե կյանքում փոխելու հնարավորություն ունենայի, շատ բան կփոխեի: Չգիտեմ, թե ինչ կարող էի տալ կնոջս: Ինձ կնվիրեի կնոջս»:
Ալեքսանդր Քանանյան, 41 տ ա ր ե կ ա ն
Քարվաճառցի Ալեքսանդրը կամ, ինչպես ընկերներն են ասում, Ալեքսը միայնակ է ապրում: Նրա կինը մահացել է 2015-ի օգոստոսին: Քաղցկեղից: 4 տարվա համատեղ կյանքի ընթացքում չեն հասցրել ընդհանուր զավակներ ունենալ: Ալեքսանդրը վաղ տարիքում է վարժվել միայնակ ապրելուն: Հողագործությամբ է զբաղվում: Օրվա հացը վաստակում է ռուսերենից հայերեն թարգմանություններ անելով:
«Ինձ համար կինս բառացիորեն ամեն ինչ էր, կյանքիս ամեն մանրուքում ներկա էր: Իմ սերն էր, իմ հույսն էր, իմ ուրախությունն էր, իմ երջանկությունն էր, իմ աղջիկն էր, իմ կինն էր, իմ ընկերուհին էր: Թաղման ժամանակ կողքիս շատ մարդ կար՝ ընկերներս, կնոջս ազգականները: Բայց հաջորդ օրերին ամեն մեկն իր գործին անցավ: Զգացի, որ մենակ եմ մ նացել: Հետո ընկերներս ինձ հաճախ էին այցելում, նույնիսկ օրերով կարող էին մնալ ինձ հետ, կիսում էին ցավս, մխիթարում: Ես հիմա աշխարհից կտրվել եմ: Երբ կինս կար, այդպես չէր: Կենցաղային գործը ես եմ անում ու պետք է անեմ: Մինչև կնոջս մահը ժամանակի մեծ մասը հողամասում էինք անցկացնում: Սիրում էինք բարձրանալ Քարվաճառի լեռները: Իր մահից հետո փորձում եմ այդ ավանդույթը պահպանել, որքան էլ դժվար լինի, որովհետև լեռնային արահետով քայլելիս շատ քաղցր հիշողություններ են արթնանում. մի տեղ նստել ենք, հաց ենք կերել, մի տեղ գիշերել ենք: Հիմա 2 բան եմ զգում. մի կողմից՝ անտանելի և սոսկալի դատարկություն է, որովհետև նա չկա և ինձ հետ չի լինելու, մյուս կողմից էլ՝ ամեն մի անկյունում կնոջս իրերը իրեն են հիշեցնում:
Կյանքն ապառիկով Հայաստանի գյուղերում. պարտքամատյան ողբերգության
Իմ հետագա կյանքի մասին կնոջս հետ զրուցել եմ, իհարկե, նրա նախաձեռնությամբ: Նա պնդում էր, որ ես չպետք է մենակ մ նամ ու պետք է կյանքս շարունակեմ: Ես հիմա չեմ կարող, չեմ էլ ուզում այդ մասին մտածել: Պետք է ժամանակ անցնի, որ փորձեմ կյանքս ինչ-որ չափով ծրագրել: Շատ չեմ փոխվել: Չեմ չարացել Աստծո, աշխարհի, կյանքի հանդեպ: Ավելի զուսպ եմ դարձել, մեկուսացած, մի կողմ քաշված: Շատ հաճախ մարդիկ ինձ ասում են՝ կյանքը շարունակվում է, սակայն դա ինձ երբեմն բարկացնում է: Իրականում հասկանում եմ, որ կյանքը շարունակվում է, բայց իմ դեպքում այն չի շարունակվում այնպես, ինչպես նախկինում: Առանց կնոջ մ նացած տղամարդը նման է գլխի պսակը կորցրած մարդու: Հիմա ճակատագրի բերումով, թե Աստծո կամոք այդ պսակն իմ գլխից էլ ընկավ»:
Սամվել Ստեփանյան, 47 տ ա ր ե կ ա ն
Սամվելն Արտաշատից է: Ապրում է սեփական տանը ծնողների ու 2 երեխաների հետ: Կինը մահացել է 2015-ի ապրիլին: Երկար տարիներ օպերատոր-մոնտաժող է եղել: Հիմա աշխատանք է փնտրում:
«Չեմ կարող բացատրել, թե կինս ինձ համար ով էր: Երևի ամեն ինչ: Նա ինձնից լավն էր: Կյանքս դժոխք դարձավ, երբ իմացա կնոջս հիվանդության մասին: Երբեք չեմ պատկերացրել, որ նման հարված կստանամ: Չեք պատկերացնի՝ ինչ զգացի, երբ բժիշկը հետազոտության արդյունքը դրեց դիմացս ու ասաց՝ կինդ քաղցկեղ ունի: Այդ պահին կարծես հող կուլ տայի: Ես զգացմունքային մարդ եմ ու ամեն բան ծանր եմ տանում: Կյանքիս այդ դառը օրերին ինձ ուժ էին տալիս, մխիթարում էին մայրս, կնոջս քույրերը: Ահավոր օրեր էին: Կես մարդ էի դարձել: Չնայած հիմա էլ եմ այդպես: Մահվան հաջորդող օրերին փորձում էի երեխաներիս հասկացնել, զրուցում էի հետները, մխիթարում, բայց այդ ժամանակ մեկը լիներ՝ ինձ մխիթարեր: Աշխատում եմ, որ երեխաներս «մամա» բառը շատ չասեն: Օրերս սևուսպիտակ են դարձել: Չեմ հավատում, որ Արմինեն այլևս չկա: Ինձ թվում է՝ հիմա դռնից ներս կմտնի: Ես էլ աշխատանք չունեմ հիմա, տան գործերով եմ զբաղված: Ուզում եմ մի գործ անել՝ չեմ կարողանում կենտրոնանալ: Ականջներումս միշտ կնոջս ձայնն է: Գիտեմ, որ մահացել է, բայց մտքովս ամեն ինչ անցնում է: Թվում է՝ գժվում եմ, երեխայացել եմ: Շատ սիրով ամուսիններ ենք եղել: Ամեն օր ինչպես նորապսակներ լինեինք: Ես գիտեմ՝ քանի կամ, այսպես ծանր էլ ապրելու եմ մինչև վերջ: Շատ եմ լսում մխիթարական խոսքեր, որ կյանքը շարունակվում է, պետք է ուժեղ լինել, սակայն դեռ ոչինչ չեմ հասկանում: Երեխաներիս սկսել եմ հաճախ կարոտել: Շատ եմ փոխվել: Ինձ համար կյանքը փուչ բան է. այսօր կա, վաղը չկա: Մեծ երազանքներ չունեմ: Չեմ կարողանում մի բաժակ սուրճ խմել: Նույնիսկ ուզում եմ նկարը պատից հանել: Ճնշվում եմ: Նկարի մոտով անցնելիս գլուխս կախ եմ անցնում, որ չտեսնեմ: Չեմ կարողանում: Ամեն կիրակի գնում եմ գերեզմանին, նստում, խոսում եմ հետը: Չգիտեմ»:
Արթուր Գրիգորյան, 46 տ ա ր ե կ ա ն
Արթուրը ավելի քան 16 տարի ապրում է դստեր հետ: Կնոջը կորցրել է 1999 թվականին, երբ աղջիկը 1,5 տարեկան էր: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում: Այնտեղ խանութ է հիմնել: Վերջերս է վերադարձել հայրենիք, բայց պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Հիմա նրա ուշքն ու միտքը դուստրն է:
«Կինս ինձ համար և՛ սեր էր, և՛ ընկեր, և՛ եղբայր: Նրա հետ կարող էի անդադար զրուցել, կիսվել: Կնոջս, ճիշտն ասած, որպես խորհրդատու չեմ ընդունել, համառ ամուսին եմ եղել: Սիրում էի, որ նա միայն տան գործերով զբաղվեր, շատ բան չեմ նվիրել նրան: Հիմա ափսոսում եմ: Կնոջս կորստին չէի հավատում: Ինձ մխիթարում էին ընկերներս, մայրիկս: Մխիթարանքները օգնում էին մի քիչ ցրվել, բայց երբեմ ն նյարդայնացնում էին ինձ: Չէի հավատում եղելությանը: Ինձ թվում էր՝ կինս դուրս է եկել տնից, հետո կվերադառնա: Անցել է 16 տարի, բայց մինչև հիմա չի սպիացել սրտիս վերքը: Չեմ հաղթահարել ցավս: Ինձ ուժեղ մարդ եմ համարում. այսքան ժամանակ բոլորին կարողացել եմ ժպտալ, բայց ներսից ինքս ինձ կերել էմ: Երեխաս եղել է իմ միակ սփոփանքը, ապրելու նպատակը: Եթե աղջիկս չլիներ, ո ՜վ իմանա, գուցե ես էլ չլինեի: Աղջկաս աչքերից արցունքները մաքրելու համար ամեն ինչ անում էի: Իմ մասին չէի էլ մտածում: Կնոջս ծնողները սկզբում աղջկաս իրենց մոտ էին պահում, չէին վստահում ինձ, բայց ամեն ինչ արեցի նրան ինձ մոտ պահելու համար: Հնարավորություն ունեցա դայակ վարձել, որպեսզի անդադար հետևեր մեկուկես տարեկան աղջկաս, որովհետև օրվա մեծ մասն աշխատում էի: Կնոջս դեպքից հետո ես այդպես էլ չիմացա, թե ինչ է ծնունդ նշելը: Տարվա մեջ ինձ համար տոն գոյություն չունի: Միայն Նոր տարվան էի փորձում աղջկաս ուրախացնել: Տարեցտարի փափկում էր վերքս, քանի որ ուշք ու միտքս միայն աղջիկս էր: Փառք Աստծո, օգնողներ շատ են եղել: Մայրս ու քույրս Միացյալ Նահանգներում են: Այնտեղից շատ էին օգնում: Առաջարկել են, որ տեղափոխվեմ իրենց մոտ, բայց աղջիկս արդեն դպրոցական էր, սովորել էինք երկրին: Հայր ու աղջիկ ապրում ենք հավեսով: Վերջին ժամանակներում գործերս էլ կարգավորվեցին: Կյանքն աստիճանաբար իր տեղն է ընկնում: Զգում եմ, որ ցավս կամաց-կամաց մեղմանում է: Բնավորությամբ չեմ փոխվել: Ճիշտ է, հարվածը ծանր էր, բայց մարդկանց հանդեպ չեմ չարացել: Մի բան եմ հասկացել, որ կինը ամուսնու կորստից հետո ավելի հեշտ կարող է հաղթահարել ցավը, քան տղամարդը: Մինչև հիմա ինձ գրեթե բոլորն ասում են, որ դեռ երիտասարդ եմ, ճիշտ կլինի՝ ամուսնանամ: Չգիտեմ՝ ինչպես կստացվի: Չեմ բացառում, որ հնարավոր է՝ մի օր մի բան ստացվի: Հնարավոր է՝ գնամ ԱՄՆ՝ մորս մոտ»: