Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
01/29/2026
Սա գիրք է, որտեղ ներկայացված է հայ տղայի վճռական նվիրումի ուղին՝ Երևանի «Փյունիկից» մինչև Եվրոպական գրանդ ակումբներ։ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ անկեղծորեն պատմում է՝ ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվության, կապիտանի դերի, եվրոպական ֆուտբոլի կուլիսների և իր ընտանիքի մասին։
2025-ին Իտալիայում լույս տեսավ Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»։ Newmag հրատարակչությունն ու Մխիթարյան ընտանիքը միանժամանակ սկսեցին հուշագրության հայերեն թարգմանելու ու հրատարակելու աշխատանքները։ Բնօրինակից հետո հայերենն առաջինն է, ինչը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի որոշումն է։
Գրքի լույսընծայումից հետո այն միանգամից դարձավ բեսթսելլեր։ Հուշագրությունը Մխիթարյանը գրել է իտալացի լրագրող, ֆուտբոլային կենսագիր Ալեսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Մխիթարյանը, որ սովոր է միշտ լինել խաղի կենտրոնում, այս անգամ խոսում է ոչ թե գոլերի, այլ ընտրությունների, պատասխանատվության և արժեքների մասին։ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը ոչ միայն հաղթանակների, այլ նաև մաքառումների, խոստումների ու մարդ մնալու մասին է։
Գիրքը սկսվում է մանկության մի խոստումով։ Խոստում՝ հոր հիշատակին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։ «Փյունիկից» մինչև եվրոպական գրանդ ակումբներ, Ուկրաինա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա․ յուրաքանչյուր երկիր՝ նոր փորձություն, յուրաքանչյուր թիմ՝ նոր դաս։ Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։
«Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»-ը պատմություն է մարզական ուղու, միայնության, դժվար մարզիչների, սխալների ու ճիշտ որոշումների մասին։ Առաջին անգամ Մխիթարյանը բաց խոսում է նաև ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվության, կապիտանի դերի, եվրոպական ֆուտբոլի կուլիսների և իր ընտանիքի մասին։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին
Գիրքը իտալերենից թարգմանել են Լիլիթ Շուքուրյանն ու Անի Հակոբյանը։
«Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» հուշագրության շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 17։00-ին, Dvin Music Hall-ում՝ Newmag-ի Գրքի և արվեստի ձմեռային փառատոնի շրջանակում։ Մուտքն ազատ է։ Այդ օրը գիրքը կվաճառվի հատուկ փառատոնային գնով։ Հենրիխ Մխիթարյանը շնորհանդեսին կմասնակցի տեսաուղերձով, միջոցառմանը ներկա կլինեն նաև հայտնի ֆուտբոլիստներ։
Կարդացեք նաև
Ալեսանդրո Ալչատո
Հենրիխ Մխիթարյան
7800 ֏
Նկարագրություն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։
Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։
Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։
Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։
Կարդա նաև
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)