Գլխավոր Լուրեր

«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգ

«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)

01/21/2026

newmag-y-n

Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի հուշագրությունը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»։ Այդ կապակցությամբ նա հանդես է եկել տեսաուղերձով։

2025-ին լույս տեսավ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը։ Ամիսներ անց Newmag-ը հուշագրությունը ներկայացնում է հայերեն։ Գիրքը Մխիթարյանը գրել է Ալեսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Այն արդեն դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Իտալերենից հայերեն թարգամնել են Լուսինե Շուքուրյանը, Անի Հակոբյանը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ու նախկին ավագը 2022-ից հանդես է գալիս Միլանի «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել Սուպերգավաթը, Իտալիայի գավաթը և մասնակցել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչի։ Հաղթանակների ու դափնիների հետևում՝ անհաջողություններ, վիրավորանքներ ու լուռ պայքար։ Հենց այս ամենը տեղ է գտել գրքում։ 

Մխիթարյանի խոսքով, իր համար կարևոր նշանակություն ունի հատկապես գրքի հայերեն հրատարակությունը. 

«Շուտով լույս է տեսնելու իմ գրքի հայերեն հրատարակությունը, որը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Գրքում փորձել եմ անկեղծորեն խոսել ոչ միայն հաջողությունների, այլ նաև դժվար պահերի մասին, այն մասին, թե ինչ է նշանակում չհանձնվել, մնալ մարդ և պատասխանատվություն կրել թե՛ քո մասնագիտության, թե՛ երկրի, թե՛ քո անունի առաջ»։

Newmag-ի տեսաուղերձում Հենրիխ Մխիթարյանը սիրով հրավիրում է բոլորին գրքի շնորհանդեսին. «Բոլորիդ սիրով հրավիրում եմ իմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Newmag-ի Ձմեռային փառատոնին, Dvin Music Haal-ում։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության, հավատարմության և ընթերցելու համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Newmag հրատարակչությանը՝ այս գրքի հայերեն հրատարակությունն իրականություն դարձնելու համար»։

Գիրք-իրադարձություն, գիրք-խոստովանություն, որի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Newmag Winterfest 2026-ի շրջանակում, Dvin Music Hall-ում։

«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել»։

Տարածել