«Պանամական փաստաթղթեր». Ալիևյան կլանի օֆշորային կայսրությունը
2003 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևը կանգնած էր ամբիոնի և բազմաթիվ սպիտակ ծաղիկների մոտ: Պատրաստվում էր ելույթ ունենալ նախագահների, վարչապետերի և 2000 այլ հյուրերի առաջ, որոնք հավաքվել էին Հանրապետության հրապարակում:
Նախ Սահմանադրության, հետո` Ղուրանի վրա Ալիևը երդում տվեց իր ժողովրդին: Այդ գիշեր հրավառությունը լուսավորեց մայրաքաղաք Բաքվի երկինքը:
Նախկին խորհրդային, Ռուսաստանին և Իրանին սահմանակից երկրում Ալիևի ընտրությունը երաշխավորված էր: Նրա հիվանդ հայրը՝ Հեյդարը, ՊԱԿ-ի նախկին սպան, երկիրը ղեկավարել էր նախորդ 10 տարիներին: Դիտորդները զեկուցել էին, որ ոստիկանությունը ծեծել և ձերբակալել էր քաղաքական հակառակորդներին՝ հավատարիմ մնալով բռնաճնշումների երկիր լինելու համբավին:
Նախագահ դառնալը 2003-ին Ալիևի միակ ձեռքբերումը չէր: Օգտագործելով օֆշորային հարկային դրախտներում քողարկված ընկերությունների ցանցը՝ Ալիևի ընտանիքը, խորհրդականներն ու դաշնակիցները սկսեցին ձեռք բերել թանկարժեք տներ, դիրքեր երկրի ամենաեկամտաբեր արտադրություններում և բնական ռեսուրսների հանքավայրերում: Եվ այն. որ Ալիևների ընտանիքը վերահսկում է երկրի ամենամեծ ոսկու հանքավայրը, մինչև հիմա հայտնի չէր:
Ալիևի օֆշորային կայսրության նոր մանրամասները բացահայտող գաղտնի նյութերը ձեռք են բերվել Mossack Fonseca պանամական իրավաբանական ընկերությունից, որը իր հաճախորդներին տրամադրում էր կորպորատիվ ծառայություններ, որոնց հետքի վրա չափազանց դժվար էր դուրս գալ:
Ավելի քան 11 միլիոն փաստաթղթերը՝ էլեկտրոնային նամակներ, բանկային հաշիվներ և հաճախորդների տվյալներ, ներկայացնում են Mossack Fonseca ընկերության մոտ 40 տարվա գործունեությունը:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2003 թվականի կեսին, մինչև հոկտեմբերի նախագահական ընտրությունը, Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամադովը սկսել էր հիմնել AtaHolding-ը, որը այսօր դարձել է Ադրբեջանի ամենամեծ կոնգլոմերատներից մեկը: Ազդեցիկ Մամադովը Ալիևի ընտանիքին հրավիրեց միանալ իրեն՝ հիմնելով պոտենցիալ հզոր և շահավետ բիզնես ու քաղաքական գործընկերություն:
Բացահայտված նյութերում երևում է, որ նախարարը Mossack Fonseca-ի միջոցով Պանամայում ստեղծել էր FM Management Holding Group S.A. ընկերությունը: Mossack Fonseca-ի տրամադրած կեղծ սեփականատեր-մարդիկ թաքցրել էին փատը, որ Մամադովը ներգրավված է:
[ Արևելյան խոհանոց ]
- Ինչո՞ւ է Ալիևը բանտից ազատում քաղբանտարկյալներին
- Ժամանակի մեջ քարացած կրոնավանը
- Սիրիական դեժավյու. Էթնո-կրոնական մասնատումը` քաղաքական ճակատագիր
- Մահիկի 3 դեմքերը. Ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունենք
Հետո Մամադովը հիմնել էր երկրորդ օֆշորային կառույցը՝ Universe Foundation անունով: Պանամական հիմնադրամները պաշտպանված են խիստ գաղտնապահության օրենքներով: Հիմնադրամների մասին տեղեկություն հրապարակող ցանկացած անձ կարող է տուգանվել կամ ձերբակալվել:
Նյութերի համաձայն 2005 թվականին Ալիևի կինը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, դարձել է Universe Foundation-ի երկու համասեփականատերերից մեկը՝ հարկերի նախարար Մամադովի հետ մեկտեղ:
Ալիևներին ներկայացնող փաստաբանի ուղարկած էլեկտրոնային նամակից պարզ է դառնում, որ 2005 թվականին նախագահի որդի 6-ամյա Հեյդար Ալիևը դարձել է հիմնադրամի 20 տոկոս բաժնեմասի շահառուն: Պլանի համաձայն նախագահի 2 դուստրերը՝ 19-ամյա Լեյլան և 17-ամյա Արզուն ստացել են յուրաքանչյուրը 15-ական տոկոս: Մամադովի որդին ստացավ բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ հարկերի նախարարության պաշտոնյա Աշրաֆ Քալիմովն ու այլ նախկին պաշտոնյաներ ավելի փոքր բաժնեմաս էին ստացել:
Փաստաթղթերը ցուց են տալիս, որ Ալիևի դուստրերը տնօրինում են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 2 ընկերություններ: Դրանցից մեկի գործունեության վերաբերյալ տվյալներ չկան, սակայն երկրորդի մասին հայտնի է, որ դրան է պատկանում ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք Մեծ բրիտանիայում:
Բացահայտված նյութերում առկա է նաև Ալիևի քույրը՝ Սիվիլը: Նա հանդես է գալիս որպես Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության՝ Setanon Properties Inc.-ի սեփականատեր: Այս դեպքում ևս հայտնի չէ, թե ընկերությունն ինչով էր զբաղված, բայց փաստաթղթերում Սիվիլ Ալիևան գրանցված է արևմտյան Լոնդոնի այն հատվածում, որտեղ մեկ տան միջին գինը մոտ 9 միլիոն դոլար է:
Պանամական փաստաթղթերը բացահայտել են, որ Ալիևի ընտանիքը վերահսկում է երկրում ոսկու հանքարդյունահանության ավելի մեծ տոկոս, քան մինչև այս հայտնի էր:
2006 թվականին Ադրբեջանի կառավարությունը ոսկու հանքերի շահագործումը հանձնել էր Azerbaijan International Mineral Resources Operating Company Ltd կազմակերպությունների խմբին: 30 տարվա պայմանագրով այս կոնսորցումը ստանալու էր հանքերից ստացվող եկամտի 70 տոկոսը, իսկ կառավարությունը՝ մնացած 30-ը:
2012 թվականին մի խումբ ադրբեջանցի լրագրողներ՝ նաև ներկայում ազատազրկված Խադիջա Իսմայիլովան, բացահայտել էին, որ վերոնշյալ կազմակերպությունների խմբում ընդգրկված Globex International LLP ընկերությունը պատկանում է պանամական 3 ընկերությունների, որոնք էլ իրենք հերթին պատկանում են Ալիևի դուստրերին:
Պանամական փաստթղթերը, լրացնելով Իսմայիլովայի և նրա գործընկերների հետաքննությունը, բացահայտել են, որ Ալիևի ընտանիքն ու նրա շրջապատը այդ օֆշորային ընկերությունների միջոցով վերահսկում են ոսկու հանքերից ստացվող շահույթի 56 տոկոսը:
Օֆշորային խճճված ու խորամանկ մեխանիզմի բոլոր մանրամսներին կարող եք ծանոթանալ հոդվածի անգլերեն ամբողջական տարբերակում ՝ այստեղ: