Ինչո՞ւ է Ալիևը բանտից ազատում քաղբանտարկյալներին

Ինչո՞ւ է Ալիևը բանտից ազատում քաղբանտարկյալներին

newmag-ը վերլուծել է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նախագահը՝ համաներման հրամանագրով 15 քաղբանտարկյալների ազատ արձակելով:

Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահը ստորագրեց համաներման հրամանագիր: 148  դատապարտյալների թվում ազատ արձակվեցին նաև 15 քաղբանտարկյալներ: Ադրբեջանում կարծում են, որ այս քայլով Ալիևը փորձեց չեզոքացնել Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ հայտնվելու և հնարավոր տնտեսական պատժամիջոցների վտանգը: Պատահական չէ, որ Եվրոպան ու Միացյալ նահանգներն անմիջապես արձագանքեցին: Եվրոպական խորհրդարանն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունեցին Ալիևի քայլը, սակայն պահանջեցին ազատ արձակել նաև մնացած քաղբանտարկյալներին:

Ազատության մեջ է հայտնվել Ալիևի գլխավոր քննադատներից իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:

rasul jafarov
Ռասուլ Ջաֆարով

Նա Լեյլա Յունուսի հետ ձերբակալվել էր 2014 թվականին՝ ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակ կազմելու համար: Արդյունքում այդ ցուցակում հայտնվել էին նաև իրենց անունները: 2015-ին դատարանը հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքով 31-ամյա Ջաֆարովին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Ալիևի համաներումից առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ դատական գործընթացում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: Ադրբեջանը պարտավորվել էր ֆինանսական փոխահատուցում տրամադրել իրավապաշտպանին:

«Վստահ էի, որ ժամանակից շուտ հայտնվելու եմ ազատության մեջ, քանի որ անմեղ էի: Բացի այդ Ադրբեջանի ներսում և երկրից դուրս մարդիկ պայքարում էին, որ բանտից դուրս գամ: Իշխանությունը պետք է դասեր քաղի և անհիմն փաստերի հիման վրա մարդկանց բանտ չնստեցնի, հակառակ պարագայում պետության համար բացասական հետևանքները անխուսափելի կլինեն»:

Rauf mirkadirov
Ռաուֆ Միրկադիրով

Անակնկալ կերպով բանտից ազատ է արձակվել քաղաքագետ-լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Նրան առաջադրվել էր թերևս ամենածանր մեղադրանքը: Հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Հայաստանի օգտին լրտեսության համար Միրկադիրովը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Ադրբեջանոմ ավելի ծանր մեղադրանք պատկերացնել անհնար է, սակայն փաստը, որ Միրկադիրովին ազատ են արձակել՝ թեկուզ պայմանական, ցույց է տալիս, որ նրա նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները շինծու են եղել: Այնուամենայնիվ, արդեն նախկին քաղբանտարկյալին բանտից ժառանգություն են մնացել առողջական լուրջ խնդիրներ:

«Մեղադրող կողմը իմ մեղքը մատնանշող որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել: Չէր էլ կարող, քանի որ ոչ հայկական, ոչ էլ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապված ինձ վերագրվող որևէ հանցագործություն ես չեմ կատարել: Իմ հոդվածներում կարմիր գծով երևում էին Ադրբեջանի ազգային շահերը: Ամեն ինչ անելու եմ իմ պատիվը վերականգնելու համար»:


[ Արևելյան խոհանոց ]


Հիլալ Մամադով
Հիլալ Մամադով

Համաներմամբ բանտից դուրս է եկել նաև Հայատանում հայտնի դարձած լրագրող Հիլալ Մամեդովը: Թալիշ լրագրողը հանրաճանաչ դարձավ համացանցում միլիոնավոր դիտումներ գրանցած «Давай до Свидания» տեսանյութից հետո: Տեսանյությում երգողը Մամեդովը չէ, սակայն հենց «Թալիշի ձայնը» թերթի գլխավոր խմբագրին է վերագրվում տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Ալիևի իշխանությունը երգի բառերում տեսել էր ընդդիմադիր միտումներ, իբր «Давай до Свидания» խոսքերն ուղղված էին հենց Ալիևին: Տեսահոլովակի հրապարակումից հետո 2012 թվականին 54-ամյա Հիլալ Մամեդովի մոտ «հանկարծ» հայտնաբերեցին թմրանյութ և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման:

«Որպես ցանկացած քաղաքացու պարտք՝ անշուշտ ցանկանում եմ շարունակել իմ պայքարը հանուն իրավունքի և արդարության: Ուզում եմ, որ պայքարը թե մամուլում, թե հասարակության մեջ լինի: Պարբերաբար կարդալու եք իմ հոդվածները: Ձեռքիցս եկածն անելու եմ, որ ոչ թե խոսքի վրա, այլ գործնականում ունենանք ժողովրդավարական երկիր»:

Ազատության մեջ են հայտնվել նաև Ադրբեջանում հայտնի այլ ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ ու իրավապաշտպաններ՝ Թոֆիք Յաղուբլուն և Յադիգար Սադիգովը(երկուսն էլ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ), երիտասարդական NİDA ընդդիմադիր շարժման 4 ակտիվիստներ, Ադրբեջանում մարդու իրավունքների մասին մշտապես բարձրաձայնող Անար Մամեդլին:

Համաներման ցուցակում չեն հայտնվել ու շարունակում են բանտում մնալ Ազատություն ռադիոկայանի հայտնի լրագրող, Ալիևների ֆինանսական ահռելի կայսրությունը բացահայտած ու ֆինանսական խարդախությունների կեղծ մեղադրանքով բանտարկված Խադիջա Իսմայիլովան, որի հայցը առաջիկայում քննելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Անազատության մեջ է նաև ընդդիմության առաջնորդներից «Հանրապետական այլընտրանք» կամ REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը, որին ձերբակալել են 2013 թվականին Իսմայիլլի բնակավայրում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ու դատապարտել 7 տարվա բանտարկության: Հարկերից խուսափելու ավանդական մեղադրանքով դատապարտվել է  փաստաբան ու իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը:

Այս և 8 տասնյակ այլ մարդկանց համաշխարհային իրավապաշտպան կազմակերպություններն ու եվրոոպական կառույցները ճանաչել են «խղճի դատապարտյալներ»:

Մինչև Ալիևի համաներման հրամանագիրը Ադրբեջանում կար 93 քաղբանտարկյալ: Դրանից հետո մնացած 78-ը Ադրբեջանի նման փոքր երկրի համար բավական մեծ թիվ են կազմում: Արևմուտքում հասկանում են, որ Ալիևի քայլը ավելի շատ ձևական էր, քաղբանտարկյալների «ծանր հրետանին» դեռևս բանտում է: Հետևաբար Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մնում է ուժի մեջ:

Գրել կարծիք