BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հարկային օրենսգիրք. Ի՞նչ նոր դրույթներ կան, ինչպե՞

Հարկային օրենսգիրք. Ի՞նչ նոր դրույթներ կան, ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ տարանցիկ երկիր

Կայուն ու կանխատեսելի հարկային և գործարար միջավայր ստեղծելու, հուսալի ներդրումներ կատարելու համար ՊԵԿ-ը hարկային նոր օրենսգիրք է մշակել: Հարկային նոր օրենսգրքի հեղինակները համարում են, որ այն նաև լավ ազդակ է Հայաստանում հնարավոր ներդնողների համար: Օրենքի հեղինակները համարում են նաև, որ հարկային նոր օրենսգրքում համարձակ քայլեր են արվել: Օրինակ՝ սահմանվել է, որ ներդնողներին կիսամյակը մեկ վերադարձվելու է ավելացված արժեքի հարկը: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարողներին: Ստացվում է այնպես, որ ներդրում իրականացնող տնտեսվարողները ներդրումային փուլում կուտակում են ավելացած արժեքի հարկի գումարներ: Այդ գումարները գործող օրենսդրությամբ կարող են օգտագործվել միայն ապագայում:
Հարկային նոր համակարգը նախատեսում է այդ գումարները կիսամյակը մեկ վերադարձնել: Դրանք հնարավոր է օգտագործել գալիք ժամանակաշրջանում`նոր պարտավորությունները մարելու նպատակով: Ընդ որում սա մի առավելություն է, որ նույնիսկ զարգացած հարկային համակարգ ունեցող երկրները դեռ չեն կիրառում:
Հարկայինի օրենսգրքի հեղինակները ևս մեկ կարևոր կետի վրա են ուշադրությունը բևեռում: Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին հարկային նոր արտոնություն է տրվում: Սրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում. արտահանում և ներմուծում են: Ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից կազատվի այն տնտեսվարողը, որը ապրանք` սարքավորում, հումք, պահեստամաս, կներմուծի ոչ ԵԱՏՄ անդամ, այլ 3-րդ երկրից և 180 օրվա ընթացքում կրկին կվերաարտահանի երրորդ երկիր կամ ԵԱՏՄ: Հարկային մարմնի ներկայացուցիչները համարում են, որ սա շատ կարևոր քայլ է Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու, ԵԱՏՄ և 3-րդ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը մեծացնելու առումով:
Հարկային նոր օրենսգրքի մշակման ընթացքում եղել են նաև խնդրահարույց կետեր: Դրանցից մեկը վերաբերում է ամորտիզացիոն մասհանումներին: Նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ընդլայնել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները: Նախագծի հեղինակները համարում են, որ նվազագույն ամորտիզացիոն մասհանումների ժամկետներն այսօր կարճ են: Դրանց ընդլայնումը, սակայն, առաջանցիկ տեմպերով ծախսեր և չհիմնավորված հարկային կուտակումներ էր առաջացնելու: Հետագա քննարկումների ընթացքում աշխատանքային խումբը որոշեց պահպանել գործող օրենսդրությամբ նախատեսված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները: Դա, ըստ մասնագետների, ավելի էր մեծացնելու երկրի ներդրումային գրավչությունը:






Հարկային օրենսգրքի նոր տարբերակը շրջանառության մեջ կդրվի 2018-ի հունվարի 1-ին: Գործարար աշխարհը, վարձու աշխատողները հարկային նոր օրենսգրքում խընդրահարույց դրույթ են համարում նաև եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը: Բանն այն է, որ ամսական կտրվածքով 280 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը բարձրանում է, և նվազում է մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողների հարկային բեռը: Օրինակ՝ եթե վարձու աշխատողը մինչև 150 հազար դրամ է ստանում, նրա եկամըտային հարկի դրույքաչափը կկազմի 23 տոկոս, 150 հազարից մինչև 1 մլն դրամի դեպքում` 25 տոկոս, 1 մլն-ից բարձր եկամտի դեպքում` 36 տոկոս: Ի՞նչ հաշվարկներ կան այս դրույքաչափերի կիրառման համար, և որքա՞ն հիմնավոր է այն: Հարկային նոր օրենսգրքի հեղինակները հորդորում են ճիշտ հաշվարկներ կատարել ու բացատրում են`պետությունն այս բարեփոխումից լրացուցիչ հարկային եկամուտներ չի ակնկալում, հակառակը, որոշակիորեն ցածր բեռ է սահմանում վարձու աշխատողների համար: Ընդ որում ըստ ՊԵԿ-ի աշխատակիցների`դրույքաչափի բարձր բեռը կիրառվելու է վարձու աշխատողների ընդամենը 10 տոկոսի համար: Ընդ որում, ՊԵԿ-ի հիմնավորմամբ, ընդհանուր տնտեսության մասշտաբով տեղի է ունեցել հարկային բեռի ոչ թե բարձրացում, այլ իջեցում: Գործող հարկային օրենսդրությամբ` միջինացված եկամտային հարկի բեռը 25,3 տոկոս է, նոր օրենսգրքի կիրառության դեպքում միջին հարկային բեռը կկազմի 24,9 տոկոս:
Նախագծի հեղինակները համարում են, որ այս նախագծով իրենք վարձու աշխատողների 90 տոկոսի կյանքը թեթևացնում են և միայն 10 տոկոս բարեկեցիկ կյանքով ապրողների հարկային բեռն են բարձրացնում: Հարկային քաղաքականության ու վարչարարության հիմնական փոփոխությունները 2018-ին իրականացվելու են աստիճանաբար, որպեսզի հարկային համակարգի փոփոխություններն արվեն սահուն, առանց ցնցումների, տնտեսվարող սուբյեկտներն ու հասարակության առանձին խմբերն էլ բավարար ժամանակ ունենան փոփոխվող հարկային միջավայրին հարմարվելու համար:

newmag #76

Տարածել