Նոր հեղինակ ու նոր գիրք. newmag & friends ծրագրով լույս է տեսել Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» վեպը (լուսանկարներ)
10/27/2025
Շնորհանդեսը տեղի ունեցավ Common Ground գրական սրճարանում։ Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» գիրքը խոհափիլիսոփայական ֆանտաստիկ ժանրի պատմություն է սիրո, ընկերության ու ընտանիքի մասին։ Թեև այն նախատեսված է պատանիների համար, բայց հեղինակը վստահ է՝ ցանկացած տարիքի ընթերցող գործը կարդալու է մեկ շնչով ու կլանված։


«Լիալուսնի գաղտնիքը» գրքի շնորհանդեսն անցավ հետաքրքիր ձևաչափով. առաջին ընթերցողները ներկայացրեցին իրենց տպավորությունները։ Երաժիշտ Անի Հաջիյանն առաջինն է ընթերցել գիրքը։ Կարդացել է մի քանի ժամում, նրան ամբողջությամբ կլանել է պատմությունն իր մոգական ուժով.

«Այս գրքով բացվում է մի ամբողջ աշխարհ` լիալուսնի փայլով, բույրերից գաղտնիքների բացահայտմամբ, անտառների շրշյունով։ Սա միայն հերոսների պատմությունը չէ, այն բոլորիս ներաշխարհի, մեր կորած լույսը վերագտնելու մասին է։ Հեղինակը ոչ թե պատմում է պատմություն, այլ նկարում է։ Միաժամանակ լսում ես, տեսնում ես ու զգում։ Զգում ես պիտա հացի համը, դաղձի բույրն ու օշարակի հոտը։ Իմ սիրելի կերպարն Իսիդորան է, որը մեզ մոտեցնում է մեր արմատներին։ Հեղինակը միախառնում է իրականն ու մոգականը։ Ամեն ինչ շարժման մեջ է»։
Գրքի գլխավոր ուղերձն Անի Հաջիյանը համարում է ճանապարհը, որն անցնում ենք յուրաքանչյուրս, այն բացահայտում է բոլորիս ինքնությունը, օգնում ճանաչել ինքներս մեզ։
Գրքի մյուս ընթերցողներից է հեռահաղորդակցության ոլորտի մասնագետ Ալեքսանդր Հակոբյանը։ Ելույթի խոսքում նա անկեղծացավ, որ գիրքն իր համար եղել է բացահայտում.

«Գիրքը կարդալիս զգացողություններիս էի հետևում։ Առաջինը հասկացա, որ սա մի կարևոր բանի սկիզբ է։ Հեղինակն իր հոգու խորքից հանել է շատ կարևոր մի բան։ Երկրորդը, որ նկատեցի, զմայլվելու կարողությունն է, որը տարիքի հետ շատերս կորցնում ենք։ Կարծում եմ՝ հավաքել այն բեռը, որ կոչվում է կյանք ու նորից դառնալ երեխա, զմայլվել ու հիանալ, հանճարեղություն է։ Գրքում ես դա ամեն տողում զգացի»։
Հոգեբան Նաիրա Քերոբյանը նկատեց, որ գիրքը հեղինակի ներաշխարհի, կենսափորձի արդյունքն ու արտահայտությունն է. «Գիրքը գրված է գեղեցիկ, հմայիչ լեզվով։ Հերոսուհին որոնում է իր կորած հորը։ Ոչ ոք չի հավատում, որ կգտնվի, իսկ աղջիկը հավատում է, հետևում էր իր սրտի ձայնին։ Գրքում շեշտված է նաև ընտանեկան արժեքների թեման, հոգատարությունը, սերը և ամենակարևորը` հարազատների անձնական սահմանները ճանաչելու կարևորությունը։ Վերջերս ուսումնասիրությունն է եղել, թե ինչու զարգացող երկրներում հոգեկան առողջության խնդիրներն ավելի քիչ են։

Պատճառը ընտանեկան կապերն են, որոնք օգնում են հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Զարգացած երկրներում մարդիկ ավելի մենակ են։ Այս գիրքը այդ հարաբերությունների ու ինքներս մեզ բացահայտելու մասին է։ Գիրքն ու հերոսներն օգնում են, որպեսզի աղմուկի մեջ լսենք մեր հոգու, մեր ներքին ձայնը։ Հեղինակը շատ կարևոր ուղերձներ է շաղ տվել, ես ամենաշատը սիրել եմ սա` «...ճանապարհը կհայտնվի, երբ սկսես քայլել»։

Գրքի հեղինակը` Քրիստինա Սիմոնյանը, պատմեց, թե ինչպես սկսեց գրել իր առաջին գրական գործը. «Այս գիրքն ունի պատմություն։ Մի քանի տարի առաջ աղջիկս` Հասմիկը, կտավին հանձնեց մի մտացածին կերպար։ Երբ նայեցի այդ կերպարին, իմ սրտում ծնվեց այս գիրքը։ Կտավին մի աղջիկ էր, որը վերածվել էր Նիմֆի, հետևում ջրվեժն ու լիալուսինն էին։ Իմ գրքի սյուժեն այդ կտավի վրա էր։ Երևակայությանս մեջ կուտակված կախարդական փոշին պետք է վերածվեր ներկանյութի, որն էլ հանձնեցի թղթին։ Միշտ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել հեքիաթների նկատմամբ։ Դրանք մարդու հոգու լեզուն են, որոնք խոսում են մարդկանց հետ կոլեկտիվ գիտակցականի մասին ու շատ կարևոր իմաստնություն են փոխանցում։ Դրանք մեր հոգու մասնիկներն են, սովորեցնում են անցնել մեր կյանքի ճանապարհը։
Մի հետաքրքիր պատմություն պատմեմ. ուսանողական տարիներին գրադարանում Դեյլ Կարնեգիի գիրքն էի ուզում գնել իմ կրթաթոշակով։ Բայց դրամարկղի մոտ տեսա «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։ Կմտածեք, միջազգային հարաբերությունների ուսանող ու ճուտիկի հեքիաթը, բայց ինձ համար ճուտիկի պատմությունը մարդկային փոխակերպման պատմությունն է։ Մարդն ամբողջ կյանքում փոխակերպման տարբեր փուլերի մեջ է։ Անդերսենի այս պատմությունը այդ մասին է, չէ՞ որ նրան ծաղրում էին մերժում, բայց նա գտնում է իրեն։ Բոլորս անցնում ենք անճոռնի ճուտիկի փուլը, դա բարդ ճանապարհ էր, որը պետք է անցնենք, որպեսզի վայելենք կարապի հմայքը»։

Քրիստինա Սիմոնյանը պատմեց, որ գիրքը նվիրել է իր մայրիկին, քանի որ նա է սերմանել գրելու ու ընթերցանության հանդեպ սերը։ Հեղինակը բացահայտեց նաև, թե ինչու էր գիրքը կոչել «Լիալուսնի գաղտնիքը».
«Լուսինն ասոցացնում են կանացի նախասկզբի հետ, բացի այդ, լուսինն ազդում է մակընթացության ու տեղատվության վրա։ Իսկ մեր օրգանիզմի յոթանասուն տոկոսը ջուր է։ Այսինքն, մենք լուսնի ազդեցության տակ ենք, հատկապես կանայք։ Իսկ արևը տղամարդկային նախասկզբի մասին է։ Երկրորդ գրքում գրել եմ արևի մասին։ Գիրքը սեփական ստվերների հետ առերեսվելու մասին է, որպեսզի սովորենք ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին կանք։ Երբ մենք ընդունում ենք մեզ, սկսվում են փոփոխությունները։ Երկրորդ գիրքս նվիրված է հորս»։

Քրիստինա Սիմոնյանն իր առաջին գրքի շնորհանդեսն ամփոփեց իր խորհրդով. Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում, նախ պետք է մեր ներսում փոխենք։ Արտաքին աշխարհը մեր ներսի հայելային աշխարհն է։
Կարդացեք նաև
Քրիստինա Սիմոնյան
5800 ֏
Նկարագրություն
«Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։
Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։
«Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։
Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)