«Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։
Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։
«Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։
Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։