Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր համարվող «Տագնապած սերունդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
04/22/2026
Newmag–ը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է Ջանաթան Հայթի «Տագնապած սերունդը»։ Գրքի գլխավոր գործընկերն Իզմիրլյան հիմնադրամն է։ Հեղինակը ներկայացնում է սմարթոնների, սոցցանցերի, վիդեոխաղերի ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության վրա։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ Z սերունդը տագնապած սերունդ է։
Հեղինակը գրքի սկզբում ասում է, որ մեր երեխաներին ուղարկել ենք Մարս մոլորակ, որտեղ նրանք չգիտեն, թե ինչ պետք է անեն, ինչպես գոյատևեն։ «Տագնապած սերունդը» գրքի թարգմանիչ, Newmag հրատարակչության կորպորատիվ և միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանն ասում է, որ գրքի վերջում հեղինակը նորից հիշեցնում է Մարսի մասին, ու ցույց տալիս, որ բոլորս ապրում ենք այլ մոլորակոում կամ այլ իրականության մեջ.
«Նոր աշխարհը մեզ համար լի է ռիսկերով ու այն վտանգավոր է հատկապես դեռահասների ու երեխաների համար։ Հայթը ներկայացնում է սերունդների միջև տարբերությունը ոչ միայն համաշխարհային ճգնաժամերի, պատերազմների, այլ նաև տեխնոլոգիաների միջոցով։ Գրքում հեղինակն ընդդիմախոսների հարցերը նույնպես բարձրաձայնում է ու պատասխանում։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարցը, որ տալիս է հեղինակը այն է, որ միայն սոցացնցերի պատճառով չէ, որ դեռահասների շրջանում շատացել են ինքնավնասման, դեպրեսիայի ու հոգեկան առողջության խնդիրները։
Իրական կյանքում ժամանակակից ծնողները սահմանափակել են երեխաների շփումները, տեղաշարժը։ Մի կողմից ծնողները գերհոգատար են իրական կյանքում, մյուս կողմից վիրտուալ աշխարհում նրանց անպաշտպան են թողել։ 2010-ականներից հետո երեխաների մեծն մասն ունի քնի պակաս, ուշադրության մասնատում, կախվածություն։ Այսօր միջինում 7 ժամ երեխաներն անցկացնում են էկրանի առաջ, ու սա դասերին չի վերաբերում»։
Գրքի թարգմանիչն ասում է, որ իր ներկայացրած փաստերը, թվերը, իրականում սարսափազդու են, բայց հեղինակը տալիս է նաև լուծումներ. «Անդրադառնում է ծնողներին, կառավարություններին, դպրոցներին ու ուսուցիչներին ու բոլորին տալիս է բանաձևեր, թե ինչպես այս բոլոր կողմերը միավորվեն ու համատեղ լուծեն խնդիրը։ Ծնողներն ու դպրոցները հեռախոսազերծ միջավայր ու դասապրոցես պետք է ստեղծեն, կառավարությունները պետք է օրենսդրությամբ ընդունեն թվային չափահասության տարիքը ու այն սահմանեն 16-ը։ Օրինակ՝ Ավստրալիայում արդեն կա նման օրենք»։
Գրքի խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանի աղջիկը նույնպես Z սերնդի ներկայացուցիչ է ու գրքում ներկայացված բոլոր խնդիրները նկատել է իր երեխայի օրինակով. «Ես զանգում էի տուն, տեսնում էի, որ աղջիկս տանն է, իր սենյակում։ Ես հանգիստ էի, բայց հանկարծ նկատեցի, որ քիչ է քնում, ուշադրութունը ցրված է։ Նա չի կարդում մեծ գրքեր, կարողանում է մի թեմայի վրա կենտրոնանալ մոտ երեսուն վայրկյան, այնքան, որքան տևում են միջինում յութուբի կամ սոցցանցերի տեսանյութերը»։
Գրքի խմբագրի համար շոկային բացահայտումներից մեկն այն էր, որ սոցցանցային, խաղային ու թվային կորպորացիները գիտակցաբար առաջ են տանում իրենց բիզնես շահերը՝ անտեսելով դեռահասների ու երեխաների հոգեկան առողջությունը.
«Շոկ էր կորպորացիաների սառնասրտությունը։ Կան գաղտնազերծված փաստեր, որտեղ հստակ երևում է, որ խորհրդակցությունների ժամանակ այս ընկերությունները ցույց են տալիս երեխաների ուղեղների ռենտգեն պատկերները, որտեղ երևում է, որ ճակատային մասը երեխաների մոտ ձևավորված չէ, ու դա գիտակցաբար օգտագործում են, որպեսզի նրանց մոտ առաջացնեն կախվածություն ու զարկ տան իրենց բիզնեսին»։
Հոգեբան Անուշ Ալեքսանյանն իր պրակտիկայում նույնպես նկատել է բոլոր այն անհանգստացնող փաստերը, որոնք մեջբերում է հեղինակը. «Բոլորն են նկատում, որ խաղային մանկությունը վերածվել է էկրանային մանկության։
Բոլորն անհանգստանում են, տեսնում են այդ խնդիրները, բայց ծնողները խուսափում են երեխաներին բակ թողնել, ինքնուրույն ու մենակ մնալ դրսում, նրանք ևս տագնապներ ունեն։ Ֆիզիկական անվտանգությունն ապահովելուն զուգահեռ մեծ ազատություն են տալիս թվային միջավայրում, որի վտանգաներից ծնողների մեծ մասը տեղյակ չէ»։
Հեղինակն ասում է, որ խաղային մանկության ավարտից հետո, մենք կորցրել ենք երեխաների ինքնուրույնությունն ու երեխաների վստահությունը. «Մեր ծնողները մեզ վստահում էին, ասում էին, որ հեռու չգնանք, գուցե շատ անգամ ռիսկի էինք դիմում, վտանգավոր խաղեր խաղում, բայց դա նորմալ է երեխայի հասունացման ու ինքնուրույնության համար։ Հիմա երեխաները ռիսկի չեն դիմում, սա հատկապես վտանգավոր է տղաների համար»։
Ջոնաթան Հայթն իր «Տագնապած սերունդը» գրքում կարևոր լուծումներ է տալիս բոլոր կողմերին, ամեն մեկին մեկ գլուխ է նվիրված։ Կորպորացիաներն ունեն բիզնես շահեր, բայց կառավարությունները պետք է լինեն զգոն ու իրենց քաղաքացիներին, հատկապես երեխաներին որպես հումք չտան նրանց ու դարձնեն փորձադաշտ։ Հեղինակը զգուշացնում է, որ համացանցի բովանդակության ութսուն տոկոսը պոռնոգրաֆիկ բովանդակություն է, և երեխաներն ազատ ու ինքնուրույն են այդ միջավայրում։
Կառավարությունները պետք է սահմանափակումներ անեն, դպրոցները թույլ չտան սմարթֆոններն ամբողջ դասապրոցեսի ընթացքում, որպեսզի երեխաների ուշադրությունն ու կենտրոնացումը չմասնատվի։ Դեռահասները պետք է անձնական, ֆիզիկական շփումներ ունենան իրենց հասկակիցների հետ։ Հեղինակը փաստերով ցույց է տալիս, որ սմարթֆոններ, ժամային ու ինտերնետային սահմանափակումներով, երեխաները կարող են ունենալ 13 տարեկանից, իսկ սոցցանցերում կարող են գրանցվել 16 տարեկանից։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը» (թրեյլեր)
- Career City Fest-ի շրջանակում տեղի ունեցավ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդեսը
Ջոնաթան Հայթ
7800 ֏
Նկարագրություն
2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ․ աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։ Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։ Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։ Հայթն առաջարկում է պարզ և գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու և երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։
«Տագնապած սերունդը» մարդկային կյանքը բոլոր սերունդներին վերադարձնելու փորձ է։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ. Գայլի որջը» գիրքը (թրեյլեր)
Career City Fest-ի շրջանակում տեղի ունեցավ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդեսը
Newmag-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են «Պուլիցեր» մատենաշարը
Newmag-ը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը» (թրեյլեր)