Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Նոր գրքեր պատանիների համար. Newmag-ը 12+ երեխաների

Նոր գրքեր պատանիների համար. Newmag-ը 12+ երեխաների համար ներկայացնում է երկու գիրք (տեսանյութ)

10/24/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու երիտասարդական, պատանեկան նոր գիրք՝ Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» վեպը, որ հրատարակվել է Newmag & friends ծրագրով, մյուսը՝ Ռասա Բուգավիչուտե-Պեցեի «Մթության մեջ տեսնող տղան» վեպն է։

Հեռուստաշնորհանդեսին ներկա էին «Երազ»  մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը, «Մթության մեջ տեսնող տղան» գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը և «Լիալուսնի գաղտնիքը» խոհափիլիսոփայական ֆանտաստիկ վեպի հեղինակ Քրիստինա Սիմոնյանը։

Նոր գրքերից՝ «Մթության մեջ տեսնող տղան», լույս է տեսել «Երազ» մատենաշարով։ Երազ մատանաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը պատմեց, թե պատանի հայ ընթերցողների ինչպես են ընտրում ու հրատարակում գրքեր. 

«Այս երկու գրքերը, թե՛ ժանրով, թե՛ պատմությամբ շատ կհետաքրքրեն պատանիներին։ Եթե փոքրիկ ընթերցողների դեպքում մենք հրատարակում ենք գրքեր, որոնք օգնում են բացահայտել աշխարհը, սիրել գիրքը, պատանիների դեպքում խնդիրները այլ են։ Այս տարիքում պետք է հասկանալ նրանց, նրանց ներաշխարհը, կարողանալ վստահություն ձեռք բերել։ Այս երկու գրքերն էլ ընտանեկան, ընկերական ջերմ հարաբերությունների մասին են, սովորեցնում են վստահել, սիրել ու հասկանալ մարդկանց։ 

Գրքերը նաև կօգնեն ինքնաճանաչման հարցում, քանի որ այդ բարդ փուլում սա շատ կարևոր է։ Վիճակագրությամբ, մոտ 10 տարի առաջ հայ պատանիների  60 %-ն էր ակտիվ ընթերցում, իսկ այսօր՝ մոտ 35 %-ը։ Այսինքն, մեր գրքերը պետք է լինեն նաև գրավիչ ու հետաքրքիր, որպեսզի այս տարիքային շեմի երեխաները, պատանիները ցանկանան կարդալ»։

Գոհար Մանուկյանը կարծում է, որ շատ կարևոր է նաև գրքերի լեզուն։ Այն պետք է լինի պարզ, հասկանալի, կենդանի, բայց նաև շատ գեղեցիկ, աչք շոյող դիզայնով, որպեսզի գաջեթների, կարճ հաղորդագրությունների ու հոլովակների դարաշրջանում հնարավոր լինի գրավել պատանիների ուշադրությունը. 

«Փորձում ենք հասկանալ, թե ինչ է պետք այդ տարիքի երեխաներին։ Մենք առաջիկայում կներկայացնեք, օրինակ, իսպանական մանկական գրքեր, որովհետև դրանք շատ մեծ հետաքրքություն են առաջացրել միջազգային գրական շուկայում»։

Լատվիացի դրամատուրգ, գրող Ռասա Բուգավիչուտե-Պեցեի «Մթության մեջ տեսնող տղան» վեպը ներկայացրեց թարգմանիչը՝ Նաիրա Խաչատրյանը. «Գիրքն իրական դեպքերի հիման վրա է, հեղինակը գրել է իր ամուսնու մասին։ Պատմությունը հետաքրիքր է, բարդ, ուսուցողական։ Պատմությունն առաջին դեմքով է, տղան պատմում է, որ մեծանալով ստիպված դարձել է իր ծնողների աչքերը, ձեռքերը։ Ծնողներն ապրում են մթության մեջ ու այդ ամենը ներկայացված է շատ հուզիչ ու հետաքրքիր սյուժեյով»։

Գրքի թարգմանիչը պատմեց, թե ինչպես է Newmag հրատարակչության հետ ընտրել գիրքը. «Ես դպրոցական տարիքում երազել եմ դառնալ լրագրող, իսկ Newmag-ի անձնակազմը լրագրողներ են, մենք ընտրում ենք գրքեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև հրատապ ու ակտուալ թեմաներ են արծարծում։ Այս գիրքը ցույց է տալիս կույրերի խնդիրները։ 

Գրքի միջոցով պարզ կտեսնեք, թե ինչպես են ապրում կույր մարդիկ, ինչպես են դուրս գալիս տնից, ինչպես են կազմակերպում իրենց առօրյան, ինչ բարդությունների են հանդիպում, օրինակ եթե որևէ վարորդ իր մեքենան սխալ տեղում է կայանում, ինչ բարդություններ են առաջանում նրանց համար։ Շատ կարևոր է նաև հասարակության վերաբերմունքը։ Այս նուրբ խնդիրը նույնպես շատ լավ ներկայացված է գրքում»։

«Լիալուսնի գաղտնիքը» ներկայացրեց հեղինակը՝ Քրիստինա Սիմոնյանը։ Գիրքը բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար.

Հեռուստաշնորհանդեսին նա պատմեց, թե ինչու է գրել հատկապես խոհափիլիսոփայական ֆանտաստիկայի ժանրում. «Հենց դրա միջոցով կարողանում ես քողարկված իրողության մեջ իմաստնություն փոխանցել, քանի որ ընթերցողը ոչ միայն կարդում է, այլ նաև զգում է։ Դա ներթափանցում է նաև գիտակցություն, մենք սովորում ենք այդ պատմությունների միջոցով։ 

Իմ գրքի հերոսները տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ են, որոնք ինչ-որ փնտրտուքների մեջ են, ունեն չիրականացած երազանքներ ու անպատասխան հարցեր։ Իսկ գիքրը լի է խորհրդավոր կերպարներով, որոնք ընթերցողի առաջ կբացեն նորանոր գաղտնիքներ։ Գրքում կարմիր թելով անցնում է վերափոխման կամ փոխակերպման գաղափարը։ 

Գիրքն առանձնահատուկ է նրանով, որ ընթերցողը կարող է տեսնել շաղ տված մարգարտահատիկներ իմաստուն մտքերի տեսքով։ Ընթերցողը նաև կբացահայտի, որ հերոսի ճամփորդությունը վերաբերում է նաև իր կյանքին։ Եվ այս ճամփորդությունը դեպի դուրս է ու դեպի ներս։ Գաղտնիքն այն է, որ եթե ուզում ես ինչ որ բան փոխել դրսում, պետք է սկսես քո կյանքից»։

Քրսիտինա Սիմոնյանն ասում է, որ իր գիրքը տարիքային սահմանափակում չունի։ Վեպը ընթերցողին պետք է սովորեցնի կարևոր արժեքներ՝ խիզախություն, լսել հոգու ձայնն ու հետևել։ Գրքերը վաճառվում են newmag.am կայքում և գրախանութներում։

Կարդացեք նաև

Տարածել

Մթության մեջ տեսնող տղան
Մթության մեջ տեսնող տղան

Ռասա Բուգավիչուտե-Պեցե

5800 ֏

Նկարագրություն

Եկաբն անսովոր ընտանիքում ծնված տղա է։ Բայց ուզում է լինել բոլորի պես՝ Школьник հեծանվով պտտվել ամենուր, խաղալ Gameboy, խնամել փիսիկին, ընտիր բաճկոն հագնել, լողալ լճում և սիրառատ երկտողեր ուղարկել Լիենեին։ Եկաբը կույր ծնողների զավակ է, ուստի մեծ ընտրություն չունի. պետք է լինի պատասխանատու և հասկացող, արդարացնի ծնողների սպասելիքները: Ո՛չ, դա բնավ դժվար չէ, քանի որ գիտի, որ յուրահատուկ է. կույրերի աշխարհում միայն ինքն է կարող տեսնել: Եկաբը միակն է, որ կարող է տեսնել մթության մեջ: Դժվար է հատկապես դպրոցում։ Գիտակցում է, որ պարզապես ծնվել է կույր ծնողներից, և իր ամբողջ կյանքը մի անվերջ պարտականություն է: «Մթության մեջ տեսնող տղան» գիրքը հուզիչ, խոհաբեր և խորը սոցիալական շերտեր ունեցող ստեղծագործություն է։ Նախատեսված է պատանիների և նրանց ծնողների համար։

 Դա. նախատեսված է 12+ տարեկանների համար։

Լիալուսնի գաղտնիքը
Լիալուսնի գաղտնիքը

Քրիստինա Սիմոնյան

5800 ֏

Նկարագրություն

«Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։

 Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։

 «Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։

 Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։