Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ. Գայլի որջը» գիրքը (թրեյլեր)
04/22/2026
Երազ մանկական մատենաշարը մայիսի 3-ին «Երազի գիրք» փառատոնին կներկայացնի բազմաթիվ մրցանակների արժանացած Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքը՝ «Գայլի որջը»: Կենդանական դետեկտիվը նախատեսված է 6–12 տարեկան ընթերցողների համար:
Հեռավոր անտառում հանգիստ օր չկա. ամեն արշալույս նոր հանցագործություն է, նոր կասկած, նոր ինտրիգ: Հենց այս անտառում են ապրում ու աշխատում փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրա ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն, ովքեր «Սաղարթ» խորտկարանում «Կոճղաբրդուճ» ուտելով ձանձրանում են մանր-մունր չարաճճիություններից ու սպասում իրական հետաքննության: Եվ ահա խոր ու մութ անտառում սպանություն է տեղի ունենում:
«Գայլի որջը. Գազան դետեկտիվ» գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ուղիղ երեսին ասել, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ ընթերցողներս:
Ժանրի բոլոր կանոնները պահպանված են. ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ զոհը, ով՝ գիշատիչը, հանցագործի ինքնությունը մինչև վերջին էջը մնում է առեղծված: Անսահման հումորն ու սուր հեգնանքը գիրքն առանձնացնում են սովորական մանկական դետեկտիվներից. կենդանիների արկածները մի պահ ստիպում են մոռանալ, որ նրանք գազաններ են, ոչ թե մեզ նման մարդիկ:
Գրքի հեղինակ Աննա Ստարոբինեցը ռուսական գրական աշխարհում չափազանց հայտնի անուն է, առաջին հերթին, մեծահասակների համար գրած իր ֆանտաստիկ մռայլ թրիլլերներով, որոնց համար արժանացել է «ռուսական հորորի թագուհի» կոչմանը:
Երեխաների հետ, սակայն, բոլորովին այլ ձեռագիր է ընտրել. նրանց համար գրում է հումորով լի հեքիաթներ ու դետեկտիվներ, և «Գազան դետեկտիվ» շարքը նրա ամենասիրելի մանկական նախագիծն է: Ստարոբինեցն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների. 2018-ին Եվրոպական գիտաֆանտաստիկայի ընկերությունը նրան ճանաչել է «Եվրոպայի լավագույն գրող», իսկ 2021-ին «Գազան դետեկտիվ» շարքն արժանացել է Էդուարդ Ուսպենսկու անվան «Մեծ հեքիաթ» մրցանակին:
Նրա գրքերը թարգմանվել են եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, հրատարակվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլ երկրներում: Հայերեն տարբերակը ռուսերենից թարգմանել է Անուշ Մուրադյանը:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երազ այգում՝ մայիսի 3-ին, 14:00–18:00, «Երազի գիրք» մանկական փառատոնի շրջանակներում: Համակազմակերպիչ՝ Երազ Փրոջեքթս։
Կարդա նաև
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր համարվող «Տագնապած սերունդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Career City Fest-ի շրջանակում տեղի ունեցավ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդեսը
Newmag-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են «Պուլիցեր» մատենաշարը
Newmag-ը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը» (թրեյլեր)