BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ ոք հայամետ չէ

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ ոք հայամետ չէ

ԱՄՆ-ում ընթանում է նախագահական ընտրարշավի նախնական փուլը: Հանրապետականներն ու դեմոկրատները կընտրեն իրենց թեկնածուներին:  Նոյեմբերին ԱՄՆ-ում կկայանա  նախագահի ընտրություն: Ընտրարշավի ընթացքն ու նահանգներում մեկնարկած նախնական ընտրությունները հետաքրքրիր զարգացումներ են խոստանում 2016 թվականի նախագահական ընտրապայքարում:Չի բացառվում, որ այս տարվա նախագահական աթոռի համար պայքարը դիտարկվի երկու հակադիր գաղափարախոսությունների՝ ամերիկյան հանրությանը քիչ բնորոշ սոցիալիստական ու ազգայնական կապիտալիստական մոտեցումների բախման կոնտեքստում, եթե նախնական ընտրությունների արդյունքում որոշվեց, որ նախագահի թեկնածուներն են դեմոկրատ Բերնի Սանդերսն ու հանրապետական Դոնալդ Թրամպը:

Երկուսն էլ քաղաքական ձախակողմյան և աջակողմյան ճամբարների ծայրահեղական թեկնածուներ են:

Եթե ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպի նախընտրական կոչերում գերիշխում է ազգայնական հռետորաբանությունն ու ավանդական կապիտալիզմին բնորոշ գաղափարները, ինչպիսին է օրինակ հարկերի նվազեցումը, ապա Սանդերսն այսօր խորհրդանշում է ամերիկյան սոցիալիզմը, ուր գերիշխում է սոցիալական արդարության վերականգնումը, քաղաքականության մեջ նյութականի դերի նվազեցումը, սոցիալիզմին բնորոշ կրթության և առողջապահության ոլորտների կարգավորումն ու հարկերի բարձրացումը խոշոր կապիտալի համար:Անշուշտ խոսք չկա սոցիալիզմի խորհրդային, չինական կամ կուբական մոդելների մասին: Ամերիկյան հասարակությունը մերժում է այն:
Ուստի Սանդերսի «սոցիալիզմը» ավելի շատ նման է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, որն այնքան էլ օտար չէ արևմտյան քաղաքագիտական մտքին:

Օրինակները շատ են. Մեծ Բրիտանիայում առաջատար քաղաքական ուժերից է լեյբորիստական կուսակցությունը, Գերմանիայում՝ սոցիալ-դեմոկրատականը, Ֆրանսիայում` ներկայումս իշխող սոցիալիստական կուսակցությունը` նախագահ Հոլլանդի գլխավորությամբ: Արևմուտքի ամենազարգացած տարածաշրջանում՝ Սկանդինավիայում, վաղուց ի վեր գերիշում է նորդիկ մոդելը, հատկապես Շվեդիայում իր հայտնի շվեդական սոցիալիզմով: Այն շուկայական հարաբերությունների և սոցիալիստական կառավարման մոդելի միաձուլում է:


Արամ Ավետիսյանի այլ հոդվածներից`



Սանդերսյան սոցիալիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամերիկյան հասարակությունը ավանդաբար ավելի հակված է դեպի պետական կառավարման աջակողմյան մոդել՝ հիմնված շուկայական հարաբերությունների, մասնավորի գերիշխանության ու պետության դերի նվազեցման վրա:
Նախընտրական այս փուլում Սանդերսի հաջողությունները և բարձր վարկանիշը, հատկապես երիտասարդության շրջանում, անսպասելի էր:

Այն խոսում է հասարակությունում և հատկապես միջին խավի մոտ առկա պահանջարկի դեպի սոցիալական արդարության մեծացում և սոցիալական անհավասարության նվազեցում:
Միևնույն ժամանակ գործարար Դոնալդ Տրամպի հաջող ընտրաշավն ու հանրապետական թևում բարձր վարկանիշը կարող է պայմանավորված լինել դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականության նկատմամբ կուտակված դժգոհությամբ: Վերջինս ևս աչքի ընկավ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը բնորոշ որոշակի դրսևորումներով, որոնցից թերևս ամենահայտնին է Obamacare նախաձեռնությունը, որը նախատեսում է պետական բժշկական ապահովագրություն անապահով խավերին:
Հնարավոր է, որ աջակողմյան ճամբարը հենց Դոնալդ Տրամպի մեջ է տեսնում ամերիկյան ավանդական կապիտալիզմի և հեգեմոնիայի վերածնունդը, որն, ըստ հանրապետական շրջանակների, խարխլվել է վերջին տարիների ընթացքում:

Անցած նախագահի ընտրությանը, ի դեպ, նախագահ Օբամայի մրցակիցն էր նորից մեկ այլ խոշոր գործարար Միտ Ռամնին:
Թեկնածուների մինչև վերջնական ընտրություն դեռևս կա ժամանակ: Կան այնպիսի թեկնածուներ, ինչպիսիք են դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, հանրապետականներ Թեդ Կրուզը, Մարկո Ռուբիոն, ովքեր կարող են հաղթել նախնական ընտրարշավում: Նախկինում ամենահավանական թեկնածու համարվող հանրապետական Ջեբ Բուշը` նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, չնայած այս պահին ունեցած թույլ դիրքերի, ևս մնում է թեկնածուների շարքում: Նյու Հեմփշիր նահանգում կայացած հանրապետականների նախնական ընտրություններին անսպասելիորեն երկրորդ տեղը զբաղեցրեց Օհայո նահանգապետ և դրանից առաջ ոչ այդքան ակտիվ Ջոն Կասիչը:
Կա կարծիք, որ եթե ընտրություններում հաղթեն «ծայրահեղականներ» Սանդերսն ու Տրամպը, չի բացառվում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի մասնակցությունը, որպես անկախ թեկնածու:

Նա կարող է իր շուրջը համախմբել «չափավորներին» ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների շարքերից:
Հայկական հարցերի ու ամերիկահայ գաղութին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ դեռևս չկա հստակություն: Ընդգծված հայամետ կամ հայատյաց թեկնածու չկա: Բոլոր առաջատար թեկնածուները առնչվել են հայկական խնդիրներին:
Ամենաշատը հայկական խնդիրներին ծանոթ է, թերևս, Հիլարի Քլինթոնը, որը պետքարտուղար եղած ժամանակ տարածաշրջանային այցի շրջանակում եղել է Հայաստանում, մասնավոր այցելություն է կատարել Մեծ Եղեռնի հուշահամալիր

Թեև որպես սենատոր և որպես 2008 թվականի նախագահական ընտրությունների նախնական թեկնածու Հիլարի Քլինթոնը  ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, բայց պետքարտուղար նշանակվելուց հետո խուսափել է արտաբերել ցեղասպանություն եզրույթը:  Նա նաև անձամբ ակտիվորեն մասնակցել է 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացին:
Մյուս դեմոկրատ թեկնածու, Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը նախկինում հանդիպել է հայկական կառույցների հետ, ինչպես նաև աջակցել 2012 թվականին ԱՄՆ Սենատում առաջ քաշած Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին:
Հանրապետականների ճամբարից Հայաստանում է եղել Ջեբ Բուշը: Նա1988 թվականի երկրաշարժից հետո այցելել է Հայաստան:

Իր հերթին Բուշի հիմնական մրցակից և նախընտրական պայքարում հիմնական թիրախ Դոնալդ Տրամպը հայկական խնդիրների առումով ավելի հայտնի է բացասական տեսանկյունից՝ հաշվի առնելով իր գործարար կապերը Ադրբեջանի տրանսպորտի նախարար և այնտեղ հայտնի օլիգարխ Զիա Մամեդովի ընտանիքի հետ:
Հայտնի է, որ Տրամպը իր հյուրանոցային բրենդը տրամադրել է Զիա Մամեդովի որդուն՝ Անարին՝ Բաքվում «Տրամպ» հյուրանոց կառուցելու համար:

Հանրապետական մեկ այլ թեկնածու, տեխասցի սենատոր Թեդ Կրուզը անցած տարվա ապրիլին Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների ջարդերը որպես ցեղասպանություն, իսկ մյուս հանրապետական թեկնածու, Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն այն սենատորների շարքում էր, ովքեր ստորագրել էին ԱՄՆ նախագահին ուղղված անցած տարվա նամակը, որում  կոչ էր  արվում երկրի ղեկավարին օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը:
Հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի դառը փորձն ու հատկապես նախկին պետքարտուղար Քլինթոնի ու նախագահ Օբամայի հետ կանգնումը իրենց խոստումներից՝ ցավոք, նախընտրական շրջանի կամ նախկինում արված հայտարարություններն ու ստորագրությունները չեն կարող երաշխիք հանդիսանալ, որ թեկնածուներից յուրաքանչյուրը ընտրվելուց հետո, նախկինների օրինակով, չի դրժի իր խոստումը:
Ուստի որևէ թեկնածուի համարել հայամետ այս պահին և, թերևս, ընդհանրապես, բավականին դժվար է:

Թե ով կպայքարի 2016 թվականին նոյեմբերի ընտրություններին Սպիտակ տուն տեղափոխվելու համար ցույց կտա ժամանակը: Սակայն այս «ծայրահեղական» ընտրությունները կարևոր են նաև համաշխարհային անկայուն իրավիճակի և բազմաթիվ գլոբալ խնդիրների առումով, ներառյալ ծայրահեղ իսլամիստների ահաբեկության դեմ պայքարը, պատերազմը Մերձավոր Արևելքում, միգրանտների ճգնաժամը, նավթի գների անկման տնտեսական հետևանքները և այլ: Դրանց վերաբերյալ ԱՄՆ որդեգրած դիրքորոշումն ու քաղաքականությունը չափազանց կարևոր է՝ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար:

Տարածել