House of Cards. փոփ մշակո՞ւյթ, թե՞ քաղաքականության հայելի

House of Cards. փոփ մշակո՞ւյթ, թե՞ քաղաքականության հայելի

Քաղաքականության մեջ ճշմարտության բացակայության ստերեոտիպների ու քաղաքական դրամաների մասին է վերջին շրջանում չափազանց պոպուլյար «House of Cards» քաղաքական հեռուստասերիալի վերլուծականը:

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Փոլ Կրուգմանը իր մի հոդվածում գրել է. «Քաղաքականությունը որոշում է, թե ում ձեռքում է իշխանությո՛ւնը, այլ ոչ թե ճշմարտությունը»: Դժվար է չհամաձայնել այդ տեսակետի առաջին մասի հետ, քանի որ քաղաքականությամբ զբաղվելու հիմնական նպատակը աներկբա պետք է լինի իշխանության հասնելը: Սակայն պնդման երկրորդ մասը վիճելի է: Հարցն այն է, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում այդ իշխանությունը՝ Մաքիավելիի «նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքո՞վ, թե՞ Աստծո պատվիրաններով: Սա էլ արդեն չափազանց սուբյեկտիվ է և քաղաքական գործչի ընտրությունն է և իր խղճի թելադրանքը:

Քաղաքականության մեջ ճշմարտության բացակայության ստերեոտիպն ընկած է վերջին շրջանում չափազանց պոպուլյար դարձած «House of Cards» քաղաքական հեռուստասերիալի հիմքում: Հեռուստաշոուի հայտնի լինելը, որի ունկնդիր է նաև նախագահ Օբաման, թերևս կապված է այն հարցի հետ, թե որքան իրատեսական է այս քաղաքական դրաման, և մի՞թե այդքան «կեղտոտ» է այս ոլորտը: Որոշ մարդկանց համար այն նույնիսկ դարձել է քաղաքական կյանքի մասին պատկերացում կազմելու «ձեռնարկ»:

houseofcards

Երբ սկսում ես մտածել, թե այս ամենը, իրոք, կարող է արտացոլել իրականությունը, սարսափում ես, քանի որ սերիալի գլխավոր հերոս, քաղաքական գործիչ Ֆրենք Անդրվուդի համար չկան արժեքային, մարդասիրական կամ էթիկական նորմեր և սահմանափակումներ իր նպատակին հասնելու ճանապարհին: Հերոսը չի խորշում դառնալ մարդասպան, լինել կոռուպցիոներ, ցինիկ և բարոյալքված անձնավորություն:


Նարնիկո. Հռոմ. Ամառային հանգստի պլաստմասսայե օրերի քրոնիկոն

Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են

Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին


Անժխտելի է, որ Անդրվուդի կերպարը, իրոք, գոյություն ունի վաշինգտոնյան քաղաքական օլիմպոսում: Սակայն մի՞թե այդ կերպարը միակն է քաղաքական կյանքում: Հուսամ` ո՛չ: Չկան իդեալական գործիչներ, սակայն կան արժեքներ, իդեալներ և սկզբունքներ, որոնք սահմանազատում են չարը բարուց, սպիտակը` սևից, բարոյականը՝ անբարոյականից: Օրինակ՝ իր նախագահության օրոք Բիլ Քլինթոնը, որին դժվար կլինի դասել սրբերի շարքին, հրաժարվեց ռմբակոծել այն վայրը, որտեղ գտնվում էր ահաբեկիչ Օսամա բեն Լադենը, քանի որ անմեղ զոհեր էլ շատ կլինեին: Եվ նման օրինակներ շատ են միջազգային քաղաքական կյանքում:

Քաղաքական գործիչ լինելը, ի վերջո, մասնագիտություն է: Հասարակական ակտիվիստը և քաղաքական գործիչը համատեղելի չեն, թեև փոխկապակցված են և կարող են փոխվել տեղերով: Սակայն գոնե ԱՄՆ-ում նրանք հստակ տարանջատված են: Եվ ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ այստեղ կան գիշատիչներ և զոհեր, «մաքուրներ» և «կեղտոտներ», ուժեղներ և թույլեր, խարդախներ և ճշմարտության ջատագովներ, իդեալիստներ և սառնասիրտ նյութապաշտներ: Ո՞ր ճանապարհն ընտրել. «ճաշակի հարց է»:

Իրականում այս դրաման քաղաքական զարգացումների ընդամենը մեկ սցենար է, և դա բնական է, քանի որ անգամ բազմասերիանոց շոուի շրջանակում դժվար է ընդգրկել ամբողջ քաղաքականությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Դա այն սցենարն է, որ քաղաքական իշխանությունը քայլ առ քայլ կենտրոնանում է քաղաքական մեկ սուբյեկտի ձեռքում, և դա արտացոլված է հեռուստասերիալում: Արտացոլված են նաև քաղաքական իշխանության կոնսոլիդացիայի արատավոր մեխանիզմները: Սակայն դրանք նույնպես միակը չեն: «House of Cards» հեռուստասերիալը վավերագրական ֆիլմ չէ, այլ ընդամենը հետաքրքիր հեռուստաշոու, որը, իրոք, արժե դիտել՝ հատկապես հաշվի առնելով տաղանդավոր դերասանների փայլուն խաղը:

Գրել կարծիք