Վախթանգ Հարությունյան. Կորցրել ենք փարոսները և դեգերում ենք բաց օվկիանում
կիթառը
Ամենահավատարիմ կինս է: Ինքնադրսևորման ժամանակահատվածում` 15-16 տարեկանում, ի՞նչ էի գրում: Գրում էի այն, ինչ հուզում էր: Հուզում էր հիմնականում սերը: Ներքին փնտրտուքներ էին, հակառակ սեռի ներկայացուցչի միջոցով ինքնաբացահայտման քայլեր: Ինքնաբացահայտման այդ ընթացքում կիթառը բավական լավ օգնական էր: Օգնում էր գրածս «ոռնոցի» տեսքով դուրս հանել: Հետո «ոռնոցը» սկսեց կամաց-կամաց կատարելագործվել, և գնացի դասական կիթառ նվագել սովորելու, որպեսզի կարողանամ մտքումս հնչածը մատուցել, ինչպես հարկն է:
իմ տառապանքը
Փորձ չի բերում: Մի կողմում իմ պրակտիկ տեսակն է, մյուս կողմում` իդեաներ, որոնք ժամանակ առ ժամանակ միս ու արյուն են ստանում: Եթե շատ կարևորում եմ իդեան, սկսում եմ ուղիներ փնտրել իրագործելու համար: Այդ առումով ես ռոմանտիզմի գրկում մնացող տեսակ չեմ:
Եթե միտքը իրականություն չի դառնում, ապա դատարկություն է: Երազներով ապրող մարդ չեմ:
«Ակումբը»
Փախուստի մի փոքրիկ տարածք է: Ասում են` առանց բարիք չկա չարիք: 2008-ի ճգնաժամը նպաստեց «Ակումբի» ստեղծմանը: 1992-ին նմանատիպ ակումբներ Հայաստանում եղել են: Ցանկացած ճգնաժամային իրավիճակում հայտնվում է մի միջավայր, որտեղ էական չէ` էլեկտրականություն կա՞, թե՞ ոչ, շատ ավելի կարևոր է դառնում հոգևոր արմատը, որին մարդը հենց ծայրահեղ իրավիճակներում է անդրադառնում: Այդպիսի վայրերից մեկն է «Ակումբը»: Առաջին համերգը 2008-ից հետո էր: Էդիկ Զորիկյանի հետ համերգ տվեցինք: Հետաքրքիր հանդիպում էր: Հետո կազմակերպեցինք Ռաֆայել Պապյանի համերգը: Նա Բուլատ Օկուջավայի միակ թարգմանիչն է: Այնքան լավ է հայերեն հնչում Օկուջավան, որ բնագրից չի տարբերվում: Դրանից հետո որոշեցինք ամեն ուրբաթ հավաքվել:
մտահոգ եմ
Ինչ-որ սպառողական մտածելակերպ է ձևավորված մեզանում: Ինձ դա շատ է մտահոգում: Մենք արարչագործության տարրերը կորցրած ժողովուրդ ենք: Կորցրել ենք փարոսները և դեգերում ենք բաց օվկիանում:
ՄՈՆՈԼՈԳ
- Յուրի Շևչուկ. Պատմությունը պոռնիկ է, ղեկավարներն՝ ագահ, «երգող վիբրատորներն»՝ անցողիկ
- Սերգեյ Սմբատյան. Մենք երևի այն վերջին սերունդն ենք, որ բակ է իջել
- Արեգ Նազարյան. Հեղափոխությունները միայն փողով են արվում
ինքնաճանաչում
Մենք ինչո՞ւ ենք գնում եկեղեցի: Լսում ենք ուրիշին, բայց շատ հաճախ մեր մեջ առաջադրանք ենք դնում՝ այդ արձագանքը գտնել, պատասխանը ստանալ: Եվ պատասխանը ստանում ենք այն ժամանակ, երբ ունակ ենք լռել: Հաճախ իմ ընկերենրի խոսքերի անկեղծության մեջ եմ այդ պատասխանը ինքս ինձ համար գտնում:
երգս
Շատ նուրբ, բարակ է այն սահմանը, որն առանձնացնում է արտիստին: Ամեն մեկը պետք է կարողանա ինքը զգալ այդ սահմանագիծը: Խոսքի փոխանցումը շատ անմիջական է, և որևէ շինծու բան գոյություն չունի: Ավելորդ պաթոս գոյություն չունի:
newmag #43