BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նրանք Եղեռնից փրկված սերնդից էին ու ստիպված էին «з

Նրանք Եղեռնից փրկված սերնդից էին ու ստիպված էին «за родину» ասելով` ռազմաճակատ մեկնել

Սպանել միայն նրա համար, որ դիմացինիդ


հագին քո համազգեստից չէ․․․


1


 Ցուրտն ահաբեկում էր, ցուրտը ճնշում էր, ցուրտն իր քամին էր ուղարկում ամեն փողոց ու բակ, ամեն շքամուտք ու ամեն կայարան, գնացքի ամեն վագոն ու կանգառի ամեն անկյուն, ամենուր ցուրտ էր, ամենուր ջերմության կարիք կարմարդկանց սրտերը ջերմություն էին փափագում, մարդկանց պակասում էր թեժություն, կիրք, կրակ, մարդկանց նաև ամենապարզ մարդկային անկեղծություն ու հանգստություն, անդորր ու սեր էր պակասում։
 1941 թվականի նոյեմբերն էր։ Ձմռան շունչը զգացվեց սպասվածից ավելի վաղ՝ մարդկանց ստիպելով արագացնել վառելիքի պաշարի կուտակումըհամատարած թանկացումներն ավելի էին դժվարեցնում մարդկանց՝ առանց այդ էլ անհուսալի դրությունը հիշեցնենք պատճառը՝ պատերազմ էր աշխարհում, ավելի կոնկրետ՝ արնախմության մրցավազք, սպանդի ու տանջանքի ցուցահանդես, դաժանության համեմատականներ, գերիշխանության մոլուցք։ Պետք էր սպանել, ամենուր ու ամենքին՝ ով չէր կրում քո համազգեստից։ Սպանել միայն նրա համար, որ դիմացինիդ  համազգեստը ուրիշ է՝ ձևով, գույնով, տեսքով․․․ «X» քաղաքի փողոցներում օր-օրի նվազում էր շարժը, պակասում աղմուկը, կենսական շատ քիչ հատկանիշներ էին օրվա ընթացքում փաստում, թե քաղաքն, այնուամենայնիվ, անմարդաբնակ չէ։ Քաղաքը կորցրել էր նախկին անհոգ տեսքը, քաղաքը կտրվել էր աշխարհից՝ շնորհիվ քաղաքակիրթ աշխարհի բարբարոսության։ Սակայն երբեմն տեղ-տեղ հանդիպող ու ցածրաձայն զրուցող մարդկանց, բացի համաքաղաքացիության փաստից, կապում էր մեկ ընդհանուր մտահոգություն՝ Drang nach Osten-ի կասեցումը, երկրի փրկությունը, որի հույսերը, գնալով, ավելի անիրատեսական էին թվում։ Սովետական աթեիստական դաստիարակություն տվող դպրոցներում կրթված խորհրդահայ մայրերի ու նրանց արժանի զավակների շուրթերն ակամա ու ծածուկ «Հայր մեր» էին արտաբերում, սակայն առանձնակի ուշադրության էին արժանանում քաղաքում եզակի հանդիպող արական սեռի անձինք՝ հիմնականում կես դարից ավելի կամ երկու տասնամյակից պակաս ապրած տղամարդիկ։ Առաջիններն ավելի քիչ էին, սակայն նրանցից ոմանց աչքերն ուղղակի հավիտենական թախիծ էին արտահայտումնրանք եղեռնից փրկված սերնդից էին, իսկ երկրորդներն ուղղակի դեռ չէին հասցրել ճաշակել կյանքի բարիքները, սակայն վտանգված էին դժվարությունների հորձանուտի մեջ ընկնելու, «За родину»՝ ռազմաճակատ մեկնելու։ Ստալինյան բռնություններն ուղղակի հանգեցրին նրան, որ Եվրոպան ջախջախած Ֆյուրերի սուրն ուղղակիորեն կախվեց Խորհրդային միության վրա, հասնելով նույնիսկ կայսրության հարավային շրջաններ։ Փրկության հույսի նշույլներ ստեղծվեցին միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անգլո-ամերիկյան ուժերի՝ Խորհրդային կայսրությանը սատարելով, սակայն աշխարհի երկրորդ կայսրության ճակատագիրը(առաջինը Բրիտանականն էր) դեռևս անորոշ էր․․․
Գուցե երկար էր պատմական մեկնարկը, սակայն հարկ էր ներկայացնել այն շրջանը, երբ տեղի են ունեցել ներկայացվելիք իրադարձությունները։
 Նոյեմբերի ձյունն աստիճանաբար ծածկում էր շենքի տանիքները, որոնց վրա տեղ-տեղ երևում էին անհանգիստ կատուների ոտնահետքերըթվում էր՝ նրանք էլ էին մտահոգված վաղվա օրով։ Որոշ տների պատուհաններց դուրս ցցված խողովակներց դուրս էին մղվում վառարանային սև ծխի թույլ շերտեր, որոնք, պայքարելով ներքև շտապող ձյան փաթիլների հետ, ցնդում էին օդում։ Երեկոյան օդն ավելի էր սառեցնում, եղանակն էլ մարդկային վայրագության դեմ էր բողոքում։ Մթնշաղի հետ շենքերի լուսամուտներից միայն տեղ-տեղ երևում էին լույսի աղոտ շերտեր, փողոցներում թափառում էին անպետք ու անտեր շները՝ անհանգստացնելով ուշ ժամերին կամա թե ակամա փողոցում հայտնված միայնակ մարդկանց։
 Կեսօր էմայթեզրով քայլում է գորշավուն վերարկուով, սև տաբատով ու նույն գույնի գլխարկը մինչև աչքերը քաշած մի երիտասարդ՝ վստահ, բայց դանդաղ քայլերն ուղղելով հանդիպակած փողոցը։ Մի ձեռքը գրպանում, մյուսում վառած սիգարետն աննպատակորեն պահած՝ նա աչքերով զննում է շուրջբոլորը պատահականորեն կամ ճակատագրի անակնկալով՝ նա դեռևս չէր նկատվել զինվորական տեսուչների կողմից, որոնք ուղղակիորեն մարդկային ռեսուրսների որս էին սկսել՝ համաշխարհային սպանդի մեջ ներքաշելու համար։ Երիտասարդի աչքերն արտահայտում են այն ամբողջ հիասթափությունը, որ անտարբերությունից էր առաջացել, սակայն հիասթափության մեղավորներն անուշադիր տեսուչները չէին, հիասթափության պատճառն ուղղակի ամփոփված էր  172սմ հասակ, երկար, ուղիղ մազեր, կրակոտ՝ սակայն այրող աչքեր ու հպարտ, անզուգական կեցվածք ունեցող Անիի հայացքի մեջ ընդամենը մի հայացքի։ Հերթական անգամ Աշոտի(այդպես էր երիտասարդի անունը) քայլերը տանում են թատրոնի շենքի շրջակայք, սակայն նպատակը բնավ էլ որևէ կատակերգության կամ ողբերգության դիտումով մտքերը ցրելը չէրնպատակն Անիի տան(որը վերոնշյալ շենքի հարևանությամբ էր) շուրջ պտտվելն էր, ու, գուցե բախտի բերմամբ, հերթական անգամ սիրելիին պատահականորեն տեսնելու բերկրանքն ապրելն էր։ Այս պատահականությունն ուղղակի երկու երջանիկ վայրկյան կպարգևեր Աշոտին, ով այդ վայրկյանների համար վտանգում էր բաղձալի ազատությունը, վտանգում էր, քանզի կարող էր նկատվել զինվորական տեսուչների կողմից, սակայն Անիին տեսնելու հաճույքն ուղղակի ստիպում էր ամեն օր նույն ժամին հայտնվել նույն տեղում։ Երջանիկ ու անմեղ պատահականություն։ Այսօր Անին սովորականից շուտ հայտնվեց պատուհանի մոտ, բարեբախտաբար, նաև երկար մնացճերմակ ձեռքում պահած նկարազարդ ջրամանից սնուցելով պատուհանագոգին դրված տնային ծաղիկները, որոնց, թվում է՝ չէր անհանգստացնում դրսի ճռճռացող ցուրտը, Անին պատահականորեն ներքև նայեց՝ տեսնելով ցրտից սառած, բայց համառորեն իր պատկերը տեսնելու ցանկությամբ զինված երիտասարդին։ Աշոտն ուղղակի վայելեց իր «մադոննայի» պատկերը՝ հրաշալի ու անկրկնելիՌաֆայելը, գուցե, կհավերժացներ այս պատկերը՝ հերթական գլուխգործոցը ստեղծելով, սակայն Աշոտն ուղղակի չափազանց ալարկոտ էր՝ իր մուսային երևակայականից իրական կտավին տեղափոխելու համար միակ բանը, որ երիտասարդն առանց ալարելու և մեծագույն նվիրումով անում էր՝ սեփական փառամոլությանը հագուրդ տալն էր, սեփական «ես»-ի մեծությունն ամենուր ներկայացնելն ու ինքնագնահատականի անսահման բարձրացումն էր։ Փառամոլությունից ելնելով էր սիրում, փառամոլությունից ելնելով էր փող շռայլում, կռվում, խաղում, մրցում, անգամ կսնանկանար հանուն փառամոլությանսակայն այս ամենը հոգնեցրին ճակատագրի հովանավորներին,  ու վերջիններս ուղարկեցին Անիին։ Անին դարձավ առաջինն, ում ուղղակի հաջողվեց կոտրել Աշոտի եսակենտրոնությունը՝ առանց ցանկանալու, առանց ջանքեր գործադրելու, առանց որևէ դիտավորության․․․
 Անին Աշոտի կյանք մտավ միանգամից, մեկ արտահայտությամբ, մեկ օրումավարտական կուրսում Աշոտը սովորականից ավելի ցուցամոլություն էր դրսևորում՝ երբեմն մակարդակային բացակայություններով ցինիզմի գագաթնակետը գերացանցած երիտասարդը, ցինիզմի «Պառնասից» մի գլուխ բարձր գտնվող երիտասարդն ուղղակի երբեմն անցնում էր հնարավոր չափն ու սահմանըհամակուրսեցիներն ուղղակի չէին արձագանքում, քանզի դա ուղղակի կարող էր ուղղվել իրենց դեմ, սակայն ինքնագերազանցման պոռթկման օրերից մեկում, երբ Աշոտն ուղղակի պատմության դասախոսությունը հումորային բենեֆիս-ցերեկույթի էր վերածել, առջևի նստարանից հետ շրջվեց Անին ու կարմրելով, սակայն աչքերում անսպառ արհամարհանքի ու զայրույթի արտահայտությամբ խոսեց՝ «Կլռե՞ք Դուք վերջապես․․․»։ Անին ինքն էլ զարմացավ սեփական պոռթկումից, իսկ Աշոտն ուղղակի անելանելի դրության մեջ էր, սակայն չպատասխանեց՝ ոչ սեփական սխալի գիտակցումից, այլ աղջկա նկատմամբ հանկարծակի գիտակցած գերհարգանքից, սեփական անզորությունից ու  իր բառերի աննպատակությունիցսեփական «ես»-ը զիջեց Անիի նկատմամբ հարգանքինգուցե ո՞չ միայն․․․ Հաշիվը բացված էր, սակայն պատասխան գոլին սպասել պետք չէր Աշոտի ինքնագոլն ուղղակի վճռեց հարաբերությունների հետագա ընթացքը, բայց ոչ վերջնահաշիվը։ Համակուրսեցիների աչքում սեփական հեղինակությունը բարձրացնելու մոլուցքը փոխակերպվեց Անիի նկատմամբ բարոյական պարտքի։ Այդուհետ սկսվեց դրամատիկան ու հոգեկան տանջանքը։ Ամեն օր դասից ուշացող ուսանողն արդեն երկու ժամ շուտ էր հայտնվում համալսարանում՝ Անիից երկու բառ լսելու համար, օրվա մեջ երկու բառ, որոնք ընդամենը Անիի դաստիարակվածության ու բարեկրթության դրսևորումն էին՝ «Բարև Ձեզ», որոնցով, սակայն աղջիկը կարողանում էր անսահման բերկրանք ու խանդավառություն տալ համակուրսեցուն։ Անիի արտաբերած երկու բառն ինքնամոռացության էին հասցնում Աշոտինինքնամոռացություն, որ կտրում էր երիտասարդին աշխարհիկ կյանքից, տանում ապագայի երազների վրա կառուցված ամրոց, ուր երկուսով էին՝ ինքն ու իր սիրելին։ Սկսեց դասերից հետո անմեղ դիտավորությամբ հետևել աղջկան, ինչը սկզբում Անին չնկատելու էր տալիս, սակայն որոշ ժամանակ անց սկսեց բարկացնել աղջկան։ Անիի վերաբերմունքը փոխվեց ուղղակի այն ժամանակ, երբ նկատեց տղայի հետաքրքրվածությունն իր հանդեպորքան էլ աղջիկը հասկանում էր, որ սրամիտ ու մեծախոս համակուրսեցին ուղղակի դատարկաբանի մեկը չէ, այնուհանդերձ, նա ստիպում էր իրեն ավելին չտեսնել, արհամարհում էր երիտասարդի հետապնդումներն ու բացատրվելու հնարավորություն չէր տալիս։ Աշոտը սկսեց ուղղակի բավարարվել Անիի բարևով՝ հասկանալով, որ կարող է նաև ավելի վատ լինելամեն ինչում մաքսիմալիստ Աշոտը սկսեց ուղղակի բավարարվել սիրելիի մի խոսքով՝ դրանից էլ չզրկվելու անկեղծ մղումով։ Օրվա մեջ լսված մեկ-երկու բառն Անիի շուրթերից՝ երիտասարդին երջանկություն էր տալիս, Անիի թախծոտ կամ զայրացած հայացքը սպանում, ժպիտը՝ խելքահան անումորքան ասես կդատարկաբաներ Աշոտը՝ Անիից մի ժպիտ պոկելու համար, սակայն աղջիկը, զսպվածությունից կամ Աշոտին տանջելու միտված մղումով՝ հազվադեպ էր ժպտում, երբ ինքնատիրապետումն անհնար էր դրսևորելԱշոտը դարձավ ինքնամփոփ, սկսեց գործել՝ միայն Անիին դուր գալու անկեղծ մղումով։ Անիի հետ մշտապես շփման եզրեր փնտրող երիտասարդը շփոթվում էր ամեն անգամ, իրար էր խառնվում ու կորցնում սովորաբար դրսևորվող ավելորդ ինքնավստահությունը։ Ժպիտը՝ օրիորդների բարյացկամության այդ անմեղ վկայությունը, չէր լուսավորում Անիի դեմքը, և երբ նա բարձրացնում էր հայացքը, այնքան սևեռուն էր նայում երկրպագուին, որ վերջինս ակամա շփոթվում էր։ Ու մոմի նման, որ մի կողմից հաստատապես կանգնած էր հպարտ կեցվածքով, իսկ մյուս կողմից հալվում էր կրակի ազդեցությամբ՝ Աշոտը հալվում էր Անիի սիրո կրակից։
 Օրերն անցնում էին, Անին ամեն օրվա հետ ավելի ու ավելի էր սկսում նկատել Աշոտի գոյությունը, ով ամեն օր իրենց բակում հայտնվելով՝ կարծես մղձավանջ կամ ուրվական էր դարձել։ Անին ուղղակի չնկատելու էր տալիս Աշոտին, սակայն տղայի առկայությունն օր-օրի ավելի էր անհանգստացնում իրենայդ անհանգստությունը արդեն տհաճ չէր։ Որտե՞ղ էր ինքը սխալվել, ո՞ր քայլն է ստիպել այդ Ինքնասիրահարվածին՝ տարվել իրենով։ Աշոտն ամեն անգամ այնպես էր հայտնվում իրենց տան ճանապարհին, որ տուն վերադառնալիս աղջիկն ուղղակի այլ ուղի չէր գտնում անցնելու, քան Աշոտի կողքից անցնելն էրքայլելիս նրանց սրտերը միատոն ու միաձայն էին բաբախում, նրանց սրտերը միայն 5 վայրկյանով գտնում էին իրար, սակայն այս փաստն արձանագրելու համար աղջիկն ուղղակի չափազանց մեծ ինքնասիրություն ուներ, տղան՝ եսակենտրոնությունուղղակի մի հայացքով բավարարվելով, նա չէր շտապում զգացմունքները հայտնել Անիին, քանզի մերժման դառնությունն ուղղակի կանխազգալով՝ նախընտրում էր ուղղակի փոխվել Անիի աչքում։
 Հերթական քայլերը Աշոտին հասցրեցին կանգառվճռել էր այսօր գոնե խոսել Անիի հետ, գոնե հասկանալ աղջկա՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Անին արդեն կանգառում էր
-Բարև,- անվճռական սկսեց Աշոտը՝ ակամա շփոթվելովայստեղ նա մոռացավ իր սիրած սկզբունքը՝ «հաջողության հասնելու գլխավոր նախապայմանը սեփական հաջողության մեջ վստահ լինելն է, իսկ վստահությունը հավատից է ծնվում․․․» ։
 -Բարև Ձեզ,- անտարբեր պատասխանեց Անին՝ չնայելով տղային, որի աչքերի փայլն ամեն ինչ ասում էր իր փոխարեն։
-Լավ ե՞ս,- այնուամենայնիվ հարցրեց Աշոտը։
-Լավ,- ավելի չոր պատասխանեց Անին, ու մինչ Աշոտը պատրաստվում էր «ես նույնպես»-ին՝ աղջիկն անհամբերությամբ տրամվայի ժամանելու վայրկյանններն էր հաշվում։
-Ու դեռ երկա՞ր ես հայացքովդ սպանելու,- անսպասելի հարցրեց Աշոտը՝ սովորույթի համաձայն, հետո միայն զղջալով տված հարցի համար։
-Որևէ արտասովոր բան հայացքից մեջ, առավել ևս քո նկատմամբ, չկա, միանաշանակու մի բան կա միայն արտասովոր՝ վերջերս, ինչ-որ շատ ես հայտնվում ճանապարհիս․․․ մի´ խաղա անվանս հետ,- երիտասարդի ամբարտավանությունից հուզված, պատասխանեց Անին ու շտապով բարձրացավ տրամվայ։ Մինչ Աշոտը կհասցներ ուշքի գալ Անիի խոսքերից՝ տրամվայը շարժվեց, ու նա մի կերպ հասցրեց նետվել դրա մեջ։ Կողք-կողքի կանգնած համակուրսեցիներն անծանոթների պես լուռ ու անտարբեր անցան ամբողջ ճանապարհը, սակայն, հիրավի, խոսուն էր լռությունը։ Մարդու սիրտն ուղղակի պայթում է, երբ հույսի ջերմ շնչից չափազանց լայնանալուց հետո, բախվում է իրականության սառնությանըայդ սառնությունը բարոյական ապտակի տեսքով Անին  հասցրեց Աշոտին, Աշոտին, ով մի վայրկյան նրան տեսնելը, նրա ժպիտը վայելելը համարում էր մի ամբողջ կյանք։
 Նույնաբնույթ հաջորդ մոտեցմանն ի պատասխան՝ Աշոտն ավելի չոր խոսքերի արժանացավ,  աղջիկն անդրդվելի էր, կամ՝ անսահման հիասթափված․․․  Մեկ շաբաթ անց կամավորական հերթական ջոկատը մեկնեց առաջնագիծկամավորներ, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ կամավորների պիտակի տակ ռազմի դաշտ ուղարկված  տասնյակ մարդկային հոգիներ, որոնցից շատերն, ուղղակի, չգիտեին էլ, թե ով, ում դեմ և ինչի համար են կռվում, թեև սովետական պրոպագանդիստներն ամենուր գովերգում էին հայրենական զինվորի բազկի ուժն ու կամքը՝ մատնանշելով սովետական ղեկավարության հանճարը։ Թեման քննարկվում էր ամենուր, թեման հետաքրքրում էր բոլորին, քանզի, յուրաքանչյուրն էլ որևէ մեկն ուներ ռազմաճակատում կռվող։
 Հերթական անգամ լսարան մտնելիս Աշոտն ուղղակի տարվեց պատերազմական խոսակցությամբ, սակայն այս անգամ նա սահմանափակվեց միայն լսողի դերովաղջիկները մտահոգված էին արդեն ձգձգվող ու անորոշ իրադրությամբ, Հասմիկը հիացած պատմում էր սիրելիի քաջագործությունների մասին (չմոռանալով որոշ չափազանցություններ մտցնել ու պատկերավոր երանգ տալ պատմածին),  Անին, բնականաբար, լսում էր ընկերուհու պատումը սիրելի Հրաչի մասին, ով, ի դեպ, նույն համալսարանից դուրս մնալուց հետո ընդունվել էր Մոսկվայի ռազմական ակադեմիա, իսկ հայկական 390-րդ կամավորական ջոկանտի կազմավորման մասին լսելուց հետո անցել էր դրա շարքերը և պատերազմի ընթացքում փայլում էր քաջաբար։ Հասմիկն ուղղակի սրտի թրթիռով ու ոգևորությամբ էր պատմում Հրաչի մասին, ակամա առաջացնելով նաև Անիի հիացական հայացքը։ Եսակենտրոն ու փառամոլ Աշոտն ուղղակի նոր ավանտյուրա մտածեց՝ եթե ինքը լիներ Հրաչի փոխարեն, այժմ Անին իրենով կհպարտանարիսկ ինչո՞ւ ոչ։ Դեռևս ուշ չէ։ Սակայն բարոյական ազդակը թույլ չտվեց նույն պահին մտածածը բարձրաձայնել։
 Հասմիկը տանջվում էր կարոտից, ինքն իրեն մեղադրում սառնության մեջ, հիանում իր ընտրյալով։ Հրաչը Հասմիկենց շենքից էր, հարևան մուտքերից մեկիցերկար ժամանակ աղջկանով հիացող երիտասարդը դասվում էր սիրելիի կողմից մերժված սիրահարների թվին, սակայն օր-օրի ուժգնացող զգացմունքը ստիպում էր միայն լուռ տանջվել։ Իսկ Հասմիկն, իրոք, հիանալի էր։ Արտաքնապես նման էր անգլիական թագուհիներին՝ ոսկե մազեր, կանաչ աչքեր, կաթնագույն-ճերմակ մաշկբնությունից օժտված հատկանիշները լրացնում էին համեստությունն  ու գրքամոլությունը։ Հրաչի նվերների, հայացքների, հաճոյախոսությունների կողքով նա թվացյալ անտարբերությամբ էր անցնում՝ կանացի բնավորությունից անբաժան սեթևեթանքով։ Գնահատեց Հրաչին միայն այն ժամանակ, երբ տղան մեկնեց Մոսկվա, ու հետագայում Հասմիկի մխիթարանքը միայն  սիրելիից ստացվող նամակներն էին, որոնք, լավագույն դեպքում, 2-3 ամիսը մեկ էին հասնում աղջկան ու կարդալուց հետո  խնամքով պահում էր Հրաչի նվիրած զարդատուփի մեջ։ Հասմիկի հիացմունքը կիսող Անին լուռ լսեց, սակայն դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, երբ լսարանում նկատեց Աշոտի կերպարանքը։ Երիտասարդն ուղղակի դուրս գնաց՝ մտքերը ժողովելու։ «Ավելի լավ է խառնել աշխարհը, քան ոտնահարված ինքնասիրությամբ ապրելընկել եմ մի աղջկա ետևից, ով ուղղակի ամեն բան անում է՝ ինձ բարոյապես ոչնչացնելու համար, ԻՆՁ, ինչքա՞ն կարելի էիսկ գուցե ինքս էլ կամավոր դառնամ, գուցե դա կբարձրացնի ինձ նրա աչքում․․․չէ, չարժե, հաստա´տ չարժե։ Խրամատներով փոխեմ փափուկ բազմոցն ու քաղաքային կյանքը, որ հաճոյանամ մի աղջկա, որ ցուցադրվեմ, որ նկատվեմ այլ հարթության վրա։ Ախր այստեղ էլ ցրտին մի կերպ եմ դիմանում, ռազմաճակատ, քամիո՞ւմ համար։ Աշխարհում հիմա մեծերը կուլ են տալիս տալիս փոքրերին, և ոչ ոք մեծերին չի դատում, մեծերին, որոնք հաճախ եղբայրություն ու հավասարություն քարոզելով, սիրաշահելով կամ բռնանալով վերցնում են իրենց անհրաժեշտը։ Դե արի ու ասա, որ Հիտլերին ավելի եմ հավանում, քան մեր վերևներում հանգրվանածներին կբռնեն ու կփակեն, կմեկուսացնեն, կսառեցնեն Սիբիրում․․․»։ Հռետորությունն ավարտվեց, երբ միջանցքում փայլեց Անին նրանց հայացքներն օդում հանդիպեցին, մեկն արհամարհանքով փախցրեց հայացքը, մյուսի աչքերը փայլեցին՝ մտածելով «որքան անթերի կլիներ աշխարհը, եթե բոլոր կանայք հավասարապես կատարյալ լինեին»։ Երկուսն էլ տանջվում էինԱշոտը՝ թվացյալ անպատասխանությունից ու անհուսալի անորոշությունից, Անին՝ ներքին «ես»-երի ահեղ բախումից, որոնք ակամա ստիպում էին կենտրոնանալ Աշոտի վրա։ Արդեն նախկին արհամարհական հայացքը փոխարինվել էր մեղմ հայացքով, աչքերի փայլն ավելացել էր, սովորականից ավելի շփվող էր դարձելակամա ժպտում էր, ցրված էր, մտազբաղ։
Օրը փոքր ինչ արևոտ է, բայց դեռևս զգացվում է ձմռան շունչը։ Ռադիոն ցնծագին պարծանքով ու հույսով հայտարարում է Հակահիտլերյան կոալիցիայի ստեղծման ու դաշնակիցների խոստումնալից հայտարարությունների մասին, հայտնում ԽՍՀՄին տրվելիք ահռելի ռազմական օգնության մասին, չմոռանալով ամեն խոսքից հետո փառք տալ ԽՍՀՄ ղեկավարին։ Ռադիոյի ձայնն ամենուր էր, սակայն մարդկանց այլ լուրեր էին պետք, մարդիկ պատերազմի ավարտն ազդարարող լուր էին ուզում լսել։

 Սենյակի սառը պատերը չէին տաքանում վառարանի ջերմությունից։ Թեժացնել կրակը՝ կնշանակեր սպառել վաղվան հատկացված վառելափայտի պաշարը, իսկ վաղվա եղանակն անկանխատեսելի էր՝ երկրի ապագայի նման։
 Սենյակի անկյունում դրված բազմոցին նստած աղջկա աչքերն ուղղակի սահում են գրքի սև տողերի վրայով։ Ծածկոցը փոքր-ինչ ջերմացնում է նրան։ Սենյակի կենտրոնում դրված սեղանին հնաոճ ծաղկամանի մեջ դրված սպիտակ վարդերն անգամ մրսում էինցուրտ էր։ Պատին հենած գրապահարանում հարկ-հարկ շարված էին հաստափոր գրքեր։ Վերևում Լենինի, Մարքսի ու Էնգելսի հատորներն էին, մնացած հարկերում՝ համաշխարհային գրականության մեծերից որոշ պատառիկներ։ Պահարանի վրա դրված էր Ստալինի արձանիկը, որը, մարքսիստական գրականության նման, սովետական ընտանիքների կահույքի բաղկացուցիչ մասն էր կազմում։ Անին չէր կարդում, նրա աչքերն ուղղակի սահում էին էջերի վրայով, քանզի միտքը նրան մղում էր դեպի պատուհանը։ Դանդաղ, համրաքայլ նա մոտեցավ պատուհանին, նուրբ ձեռքով հեռացրեց վարագույրը ու հպարտ հայացքը նետեց ամենօրյա դիտակետ, սակայն ամենօրյա պատկերն այսօր փոխվել էրԱշոտը չկար նայեց ժամին, կեսօրն անց էրգուցե հոգնել է, կամ հասկացել է, որ անօգուտ է իրեն հետապնդելը։ «Այնուամենայնիվ, թուլամորթի մեկը դուրս եկավ, չդիմացավ իր «ես»-ի անտեսվածությանը»։ Սակայն Անին ինքն էլ չէր հավատում սեփական եզրակացությանը՝ հոգու խորքում սպասելով տղայի հայտնվելուն։ Սպասման վայրկյանները փոխվեցին րոպեների, րոպեներն աննկատ երկու ժամ դարձան։ Անին դեռ կանգնած էր անշարժ, սպասումի անհանգստությամբ։
 Աշոտն աննպատակ քայլերով թափառում էր քաղաքի փողոցներումվերջապես ինքն էլ էր նկատվել, դուրս էր եկել անտեսվածությունից, երևացել էր աչքերին, սակայն այնտեղ, որտեղ ինքն ամենաքիչն էր ուզում երևալ, որտեղ ուղղակի չէր ուզել ցուցադրվելճիշտ է, մի անգամ մտածել էր այդ ուղղությամբ, սակայն այժմ ամենաքիչն էր ուզում դա, այժմ ամենախանգարող հանգամանքն էր դաԱշոտը զինկոմից ծանուցում էր ստացել, Աշոտին տանելու էին ռազմաճակատ։ Թեև միանգամից մարտի դուրս չէր գալու՝ քանի որ անպատրաստ էր դեռևս, անգամ զենք բռնել չգիտեր, սակայն պատրաստությունը ժամանակի օրհասական դրություն մեջ մեկ-երկու ամսվա գործ էր։ Սա տղան ընդունեց մեծագույն դժկամությամբ, սակայն երկար մտածելուց հետո որոշեց ընդունել մարտահրավերը։ Պատերազմի դաշտ դուրս գալու համար նախ ուժ է հարկավոր, հետո միայն զենք, իսկ քաջությունն Անիի հիացմունքը կհարուցի․․․ կրկին ցուցամոլություն։ Պատերազմն ուղղակի առիթ էր մեկուսանալու, ինքնաքննադատվելու, գուցեև ցուցադրվելու։ Որքան էլ հայրը հորդորեց տանը մնալ՝ հավատացնելով, թե ինքն ամեն ինչ կկարգավորի, Աշոտն անդրդվելի մնաց։ Նրա կամակորությունը, նրա անհեռատեսությունը, նրա փառամոլությունն անգամ այստեղ երևացին Հասմիկի հիացմունքը հիշելիս երևակայությունն արթնանում էր, միտքը թռչում էր, մտահորիզոնը լայնանում էրեթե միայն Անին էլ իր մասին նույն հիացմունքով խոսի․․․․ եթե միայն։
 Երեկո էր, լուսինն անորոշ դիրքում կախված էր երկնքիցդեմքը կնճռոտ էր ու մտազբաղ, գուցե լուսինն էլ էր մտածում՝ դեռ որքա՞ն։ Աշոտի թափառումները նրան կրկին հասցրին սիրելիի տան մոտ պատուհանից ճառագող լույսերը նրան երկնային լուսատուներ էին թվում, ցանկությունը մեկն էր՝ տեսնել սիրելիին գոնե մի վայրկյան։ Գլխում մի միտք հայտնվեց՝ գրել Անիին ու հայտնել զգացմունքները, խոսելն անհնար էր, Անին առիթ չի տա, իսկ նամակը կկարդա՝ գոնե հետաքրքրությունից։ Մեկ շաբաթ հետո մեկնելու է ռազմաճակատ, ժամանակը պետք էր ճիշտ օգտագործել։ Ժամանակը միակ բանն է, որ չի սիրում ժամանակ կորցնել։
 Հաջորդ առավոտն Աշոտն ուղղակի շուտ հայտնվեց ամենօրյա պահակակետում, սակայն չսպասեց Անիի հայտնվելուն պատուհանի մոտ՝ կիրակի է, գուցե երկար կքնի։ Պատուհանի արտաքին ճաղավանդակի ներսի կողմից  դրեց սպիտակ ծրարն ու վարդը և վերադարձավ դիտակետ։ Սրտի համազարկն արագանում էրԱնին հայտնվեց պատուհանի մոտ։ Այս անգամ ծաղիկները ջրելու չէր եկել, այս անգամ հոգու կանչն էր բերել, սրտի կանխազգացումը։ Տեսավ Աշոտին, աննկատ ժպտաց ու մինչ կհեռանար պատուհանից՝ նկատեց պատուհանագոգի  արտաքին կողմում դրված ծաղիկըանսպասելի էրհասկացավ՝ ումից է։ Աշոտը նկատեց, թե ինչպես բացվեց պատուհանը, Անին վերցրեց նամակն ու ծաղիկը, հայացք շնորհեց երկրպագուին ու հեռացավ, կորավ վարագույրից այն կողմ։ Աշոտի հոգին տակնուվրա եղավերջանկություն էր Անիի բարեհաճ հայացքը, դժբախտություն՝ դրանից զրկվելու մոտալուտ վտանգը։ Երջանկության ամեն մի րոպեն պարունակում էր ապագայի տագնապը․․․
 Աղջիկն անհամբեր նետվեց դեպի մահճակալը՝ ընթացքում բացելով ծրարըի՞նչ պատահեց, ինչը ստիպեց այսքան փոխվել, ինչո՞ւ Աշոտի նամակն այսքան ոգևորեց իրեն։ Սիրտը թրթռում էր, աչքերը փայլում էին, ժպտում էր
 «Գիտե՞ս, դու երևի, չէ´, հաստատ, միակն ես, ում նկատմամբ հարգանքս ծնվեց ավելի վաղ, քան սերս, ում սիրեցի՝ չպլանավորելով, չտրամադրվելով, բայց հարգեցի՝ պարտադրաբար։ Օր-օրի համոզվեցի, որ ընտրությունս ավելի քան ճիշտ է, ավելի քան տեղին ու սկզբունքային։ Ես կորցրել եմ մեկ, երկու․․․չէ´, երեք անգամ կորցրի սեփական անիմաստ ամբիցիաներիս, սկզբունքներիս ու հպարտությանս պատճառով։ Կյանքիս ամենամեծ սիրուց ուղղակի հրաժարվեցի՝ նրա ձեռքն ուրիշի ձեռքում տեսնելովհպարտությունս ոտնահարել թույլ տալ չէի կարող․․․ես, ես, ես։ Մեկ անգամ չէր, որ իմ «ես»-ը հաղթեց «մենք»-ին, սակայն այժմ քո շնորհիվ մոռացա այդ ամենը, հրաժարվեցի որոշ սկզբունքներիցս ու հալվեցի մի ժպիտիցդ։ Ասում են՝ անընդհատ կաթող կաթիլն անգամ ժայռը կծակիհիմա փորձում եմ այնքան կաթել, մինչև հոգուդ դարպասները կժանգոտվեն, կդառնան հասանելի ու կնվաճեմ սիրտդ։ Քո միայն մի ժպիտը  թուլացնում է ինձ, ու ամեն կերպ ջանում եմ գոնե մի ժպիտ պոկել քեզնից։ Օրվաս ընթացքում քսան ժամ քո մասին եմ մտածում, ու երբ հաջողվում է գոնե չորս ժամով քնել՝ քեզ երազումս եմ տեսնում։
Ու եթե միայն թույլ տաս անձիս՝ իր զգացմունքները միայն հայտնել քեզ, դա էլ կբավարարի ու երջանկության ցոլք կտա հոգուս։ Մի բան ընդունիր՝ առանց քեզ ապրելն ուժերիցս վեր է, արհամարհանքդ տեսնելն անկարելի։ Եթե կարդում ես սա ու չես բարկանում՝ արդեն, իմացած եղի´ր, որ երջանիկ եմ․․․․ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ։»:
 Նամակը տակնուվրա արեց Անիի՝ առանց այդ էլ փոթորկված հոգինի վերջո խոսեցանհամարձակ, բայց խոսեց, անձայն, բայց խոսեց․․․ ազդեց։
 Մարտը սկսվեց անձրևներովբնությունն անվերջ որոտ ու կայծակով բողոքում էր՝ դժգոհելով մարդածին արհավիրքներից։ Աշոտը պատրաստվում էր մեկնել, բնությունը կիսում էր նրա հոգու խռովքը։ Կուրսում արդեն բոլորը գիտեին, որ Աշոտը մեկնելու է։ Վերջին օրերին բախտը ժպտաց՝ Անիի մայրն ուղարկվեց գործուղման ու աղջիկը տանը մենակ մնաց (հայրը պատերազմի սկզբից ճակատում էր)։ Աղջկա արագ քայլերը տուն էին տանումԱշոտը կանգնած է ճանապարհին։ Աղջկա հայացքից համարձակություն ստացած՝ սիրահարը բարևեցպատասխանը գոտեպնդեց ու ստիպեց քայլել աղջկան զուգահեռ։
 - Ու եթե մինչև այժմ միայն հիանում էի քո կամքի ուժով, այժմ վստահ եմ՝ սիրում եմ ամբողջ հոգով, - սկսեց Աշոտն ու ի զարմանս իրեն՝ ի պատասխան, լուռ ժպիտ ստանալով, շարունակեց, - գիտեմ, որ հիմար ու անմիտ եմ եղել, հավատալով, որ սառույցը կկենդանանա, ջերմություն կտա, սակայն, ինչ արած, երբ սիրում ես՝ շատ հեշտ է հուսալ փոխադարձը ստանալ։ Ու թեկուզ միայն այն, որ քո համար նվազագույնը կարողանամ անել, արդեն իսկ մեծագույն երջանկություն կհամարեմպատերազմ եմ գնում՝ քեզ համար որևէ բան արած լինելու երջանկությունն ունենալու համար․․․
 - Իսկ եթե չվերադառնա՞ս,- հուզմունքը չզսպեց Անին՝ ինքն իր խոսելուց զարմացած։
 - Իսկ ո՞վ է հետո քո մոտ  քաջագործություններս պատմելու,- գոռոզացավ «Ռոմեոն»։
 - Առանց գնալու էլ՝ ամբողջ ժամանակ միայն դրանով ես զբաղված,- հեգնեց Անին։
 -Հենց դրա համար էլ ինձ անլուրջ ես վերաբերվում։
 - Նման բան չասացի։
 - Գուցե, այնուամենայնիվ, սրճե՞նք միասին։ Չնայած ինչ եմ հարցնում, համոզված եմ՝ կպատասխանես «Իհարկե´ ոչ»
 -Չէ, քանի որ արդեն հասանք մեր տուն՝ ներս կհրավիրեմեթե չհրավիրեմ՝ ամբողջ օրը սառելու ես մայթեզրին կանգնած,- ծիծաղեց Անին։
 -Ուրեմն նկատե՞լ ես,- միամտացավ Աշոտն ու ներքին հրճվանք ապրեց։
 -Ինչպես կարելի է չնկատել մեկին, ով ամեն օր արձանի պես տեղադրված է այստեղ։
 - Երջանիկ եմ։
 - Ինչի համար, որ պատերա՞զմ ես գնում։
 - Իսկ մի՞թե երջանկություն չէ քեզ հետ դասերից բացի այլ թեմայի շուրջ խոսել, մի՞թե երջանկություն չէ զգացմունքներս քեզ արտահայտել կարողանալս․․․
 - Մի´ շարունակիր, արդեն զղջում եմ հրավերիս համար։
 - Բայց տեղում ենք արդեն,- երեսուներկու ատամ ցուցադրեց տղան։
Սուրճը պատրաստ էր արդեն։
 - Ստալինի երկրպագու ես հա՞, - ծիծաղեց Աշոտը՝ մատնացույց անելով գրապահարանը։
 - Գիտեի, որ չես դիմանա լրջության դիմակի տակ երկար, չէ, ուղղակի խորհրդային կահույքի մաս է, ուղղակի։  
 - Մենք չունենք սրա նկարիցինձ մնա՝ Հիտլերինը կպահեմ։
 - Ցուցամոլ, պարտադիր պիտի տարբերվե՞ս։ Ու ինչպես ես կռվելու ֆաշիստների դեմ, եթե հիտլերամոլ ես,- շարունակեց հեգնել Անին։
 - Բայց չէ՞որ ցուցամոլությունս էր, որ ստիպեց քեզ՝ նկատել ինձ։
 - Ես կասեի՝ համառությունդբացի այդ՝ եթե հրաժեշտ տալու չլինեի՝ այստեղ չէիր լինիի վերջո, գուցե․․․
 - Մի´շարունակիր, գալու եմ, հաստա´տ, գալու եմ, որ քեզ ինչ-որ բան ապացուցած լինեմ։
 - Նախ՝ ինքդ քեզ ապացուցիր, ես որևէ ապացույցի կարիք չունեմ։
 - Սիրում եմ քեզ․․․
 - Մի´շարունակիր։
 - Սիրում եմ կյանքիցս շատ, հալվում եմ քո տեսքից, մեռնում ժպիտիդ համար․․․ թույլ տուր ասել, ի վերջո, թեկուզ վերջին անգամ։ Ես սիրում եմ քեզ, սիրում եմ միթե կա դրանից մեծ երջանկություն՝ ունենալ քեզ։
 - Մի´ գնա․․․
Աշոտը բռնեց Անիի ձեռքը, որը դողում էր՝ անկախ տան ջերմությունից աղջիկը ցնցվեց ու լարվեց։ Աշոտը գրկեց աղջկանվերջինս փորձեց ճչալ, բայց համբույրը խլացրեց ճիչը,  Անին զգաց էլեկտրահարվածի պես, նրան առաջին անգամ էր զգացողությունների ու էներգիայի այսքան մեծ հոսանք հարվածում, նա առաջին անգամ էր տղամարդկային գրկում, առաջին անգամ էր համբուրվում, առաջին անգամ էր ընդունել սիրո մարտահրավերն, այն էլ՝ այսքան անսպասելի։ Համբույրի ջերմությունը հալեցրեց սառույցն ու բորբոքեց կրքի կրակը։ Սիրահարները գրկախառնվեցինկյանքի ու տենչանքների սարսուռներով ջերմացրին մարմինները, գրկախառնությունը լցրեց նախկինում եղած անդունդը։ Սիրո մարտահրավերն ընդունված էր՝ առանց հետևանքների մասին մտածելու։
 Առավոտ էր։ Աշոտն արթնացավ, մեկ անգամ ևս հայացք գցեց Անիի հրեշտակային դեմքին, համբուրեց ճակատը, շուրթերը, հագնվեց, ինքն իր համար սուրճ պատրաստեց՝ նախանձելի անհամեստությամբ, զգալով ինչպես սեփական տանը։ Սրճեց։ Ժամն արդեն 8։30 էր, կես ժամից զինկոմիսարիատ պիտի ներկայանար։ Վերջին անգամ նայեց Անիին, չզսպեց համբուրելու ցանկությունը, մոտ գնաց, համբուրեց։ Անին քնած էր՝ անմեղ, մանկական քնով, անրջային քնով։ Աշոտը դուրս եկավ, փակեց դուռ անաղմուկ ու հեռացավ։
 Գնացքը հասավ Թիֆլիս։ հաջորդ կանգառը Դոնի Ռոստովն է լինելու։ Ամբողջ ճանապարհին սև վերարկուով երիտասարդը քնելու անիմաստ փորձեր էր կատարում, ամբողջ ճանապարհին նրա միտքն ու բանականությունը չէր ենթարկվում, ինքն էլ չէր հասկանում՝ ինչպես հայտնվեց այստեղ, ինչքան պլաններ թողեց օդումփոշմանելու կամ հետդարձի տարբերակ չուներ, ԻՐԱՎՈՒՆՔ չուներ,  Անիին խոստացել էր վերադառնալ, սակայն վերադարձը պիտի հաղթական լիներ։ Բացի այդ՝ չլիներ պատերազմ գալու խենթ գաղափարը, Անին այդքան մոտ չէր թողնի իրեն, չէր փափկի։ Աշոտի պատկերացումները ռազմաճակատի մասին ուղղակի ծայրահեղ պրիմիտիվ էին։ Հաջորդ կանգառը Ռոստովն էր լինելու՝ Խորհրդային Ռուսաստանի հարավային դարպասը։ Ռոստովը նոր էր ազատագրվել վերմախտի զորքերից, սակայն վտանգ դեռևս կար, ուղղակի այն համեմատաբար հարմար էր նոր անձնակազմը պատրաստելու համար։ Ճանապարհին գրեց առաջին ու միակ նամակը ծնողներին․x քաղաք, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 45 հասցեով։ «Սիրելինե´րս, գուցե կմեղադրեք ինձ հիմա, գուցե լուռ կտանջվեք, չնայած՝ հայրս ամեն բան հիմա կփորձի անել՝ թեկուզ ճակատից  ինձ հետ բերելու համար, սակայն պիտի ասեմ, որ չեմ փոշմանել։ Ուղղակի ինձ կռիվ է պետք, կռիվ ինքս ինձ հետ, կռիվ՝ կարծրատիպերիս հետ, կռիվ՝ ինքնադրսևորմանս խնդիրների հետ։ Ես աչքի ընկնել եմ ուզում, ես առաջ գնալ եմ ուզումուղղակի չեմ կարող թույլ տալ, որ տարիներ անց ընկերներիս քաջագործությունների մասին պատումների կողքին իմն ավելի տպավորիչ չլինի։ Գուցե, եթե ժամանակին ինձ ամեն բանում չընդառաջեիք, այսքան երես չտայիք, ինձ ինքնուրույնություն տայիք ամեն որոշումս կայացնելիս, այժմ չէիք անհանգստանա այսքան։ Ես նաև Ձեզ եմ ուզում ապացուցել, որ կարող եմ ինքնուրույն հասնել ինչ-որ բանի։ Սիրում եմ Ձեզ, կգրեմ անընդհատ։ »
 Գարունը զարթոնքի մեջ է, բնությունը ցնծում է, ցնծում է նաև արիական ռասսայի պրոպագանդիստ  ֆյուրերի զորքը։ 1942 թվականի մայիս ամսին նրանք գրավեցին Ուկրաինական որոշ շրջաններ՝ Կերչը, Ղրիմը, Խարկովը։
 Հասմիկը համալսարան հասավ սովորականից վաղ։ Չշպարված, ուռած աչքերով ու անտարբեր մտավ, բարևեց, նստեց տեղում, նկատեց միայն Անիի բացակայությունը։ Այժմ ամենաշատը հենց Անիի կարիքն ուներ։ Երկար ժամանակ Հրաչից լուր չունենալուն հավելվել էր առավոտյան լսած անհանգստացնող լուրերը՝ թաղամասից երեք զոհ կար, երեք ընդհատված ճակատագիր ուղղակի կապված էին այն թաղի, այն բակի հետ, որտեղ ինքն էր ապրում, որտեղից իր Հրաչն էր, որտեղից բազմաթիվ հերոսներ էին կռվում հիմա եվրոպական գրեթե բոլոր ճակատներում, որոնք ժամանակի հերոսներն էին։ Այդ հերոսներից մեկից երկար ժամանակ լուր չունենալուց հետո, աղջիկն առավոտյան ուղղակի վատ լուրերի ու անորոշության մեծ չափաբաժին ստացավ։ Երանի գոնե հիմա Հրաչից մի լուր գար, երանի անորոշությունը ցրվեր, անորոշություն, որ բոլոր պատիժներից ավելի դաժան էր։ Հասմիկն ուղղակի չդիմացավ երկար, դասը չսկսված՝ դուրս եկավ միջանցք, որն այնքան անսովոր էր՝ առանց  Աշոտի սպասողական հայացքների, իսկ Անիի ուշանալն ուղղակի ստիպեց ընկերուհուն՝ չմնալ դասի։ Թափառեց փողոցներում, թափառեց՝ գլխիկոր ու մտազբաղ, տխուր ու աննպատակ թափառեց ու հոգնելով երկար թափառումներից՝ գնաց տուն։  
 Տրամվայը հասավ կանգառ։ Շիկահեր գեղեցկուհին իջավ ու քայլեց մինչև շենքի բակ՝ դանդաղ, չուզելով։ Շենքի բակում հավաքված ամբոխը մահվան թափորի էր նմանվում, թափոր, որ հավաքվել էր Հրաչենց մուտքի դիմաց։ Գուցե պատահականություն է «երանի պատահականություն լինի»։ Անհանգիստ հայացքով աջ ու ձախ նայեց, սիրտը դուրս էր թռչում կրծքից, ներքին ահը սպանում էր։ Կորցնելու վտանգը, կորցնելու ահը, կորցնելու տագնապը շփոթեցրին աղջկան, ակամա երրորդի փոխարեն հինգերորդ մուտք մտավ, բարձրացավ մինչև չորրորդ հարկ, ուժերը դավաճանեցին, հասկացավ, որ բոլոր հույսերն անիմաստ էին, պարզ է, երեքից մեկը Հրաչն է, հասկացավ, որ պատրաստ չէ սպասած սթրեսին։ Չորրորդ հարկում երեք հարևան բնակարաններ կային, սակայն հենց Հրաչենց տան դուռն էր բացներսից լսվող լացի ու ողբի ձայներն ազդեցին հոգեկանի վրա։ Հասմիկը ներս մտավ, առաջ գնաց ու հյուրասենյակում միայն Հրաչի զինվորական հագուստն ու նկարն էին դրված, հարազատները ողբում էին՝ հնարավորություն չունենալով վերջին հրաժեշտը տալ Հրաչին։ Հասմիկի ինքնազգացողությունը վատացավ, հեծկլտաց  ու դուրս վազեց, արագ իջավ աստիճաններն ու մտավ երրորդ մուտք, տուն բարձրացավ, բացեց դուռն ու նետեց դեպի մահճակալը։ Հեծկլտոցը ողբի փոխվեց, ամեն բան իր համար ավարտվեց, անցյալն իր արժեքն էր կորցրել, ապագան՝ իմաստը․․․ Ծնողները տանը չէին ու հույզերին ազատություն տվեց, ողբաց լիաթոք՝ չճաշակած երջանկության ու չիրականացած սպասումների համար․․․ ողբաց անմնացորդ՝ կորցրած անմնացորդ սիրո համար։ Միայն կորցրած մարդը կհասկանա կորստի դառնությունը, միայն կորցրածը կիմանա կորցվածի արժեքը, կորցված, որ չի վերագտնվի ու չի փոխարինվի, կորցված, որի արժեքն այնքան մեծ է, երբ հասկանում ես, որ իրականում չես էլ հասցրել ունենալ։ Հասմիկի ողբն ընդհատեց դռան զանգը, որն ամենաանպատեհ պահին զանգեց։ Հասմիկը դժկամությամբ հասավ դռանն ու բացեց՝ զարմանքով նայելով դռնից այն կողմ գտնվող երիտասարդի զարմացած տեսքին։ Իսկ երիտասարդն ուղղակի հիացած նայում էր իր առջև կանգնած մարմարե դեմքով ոսկեհերին՝ մոռացած իր առաքելությունը։  
 -Կխոսե՞ք վերջապես, - անհամբեր հարցրեց աղջիկը՝ ավելի շփոթեցնելով անծանոթին։
 -Հասմիկ Պողոսյա՞ն,- կցկտուր արտաբերեց երիտասարդը,- Դո՞ւք եք։
Դրական պատասխան ստանալուց հետո երիտասարդը  Հասմիկի տվեց նամակ՝ Հրաչից ուղարկված, որն, ավաղ, միայն հիմա էր տեղ հասել։ Վերջին նամակը Հասմիկն ուղղակի խլեց տղայի ձեռքից ու անգամ «շնորհակալություն» չասելով՝ փակեց դուռն ու կրկին նետվեց իր սենյակ։ Փոստատարը ևս մի քանի րոպե սպասեց աղջկան, որն այնքան էր տպավորվել իր մոտ, որ Միքելանջելլոն լինելու դեպքում ինքը նոր Պիետա կկերտեր՝ Հասմիկի պես բնորդուհի ունենալով։
 Հասմիկը գրկեց նամակն ու դեռ երկար լալիս էր, լալիս՝ չկարողանալով այն բացել։ Բացել՝ կնշանակեր նոր հույսեր արթնացնել իր մեջ, մի քանի րոպեով կյանք վերադառնալ։ Երանի նամակն առավոտյան ստացած լիներ, երանի տուն չգար այսօրբայց ճակատագրի դաժան նվերները հենց նրա համար են, որ հիշենք «երանի» բառը։ Ամեն բան փոխվեց, փոխվեց իր համար, գլխիվայր շուռ եկավ՝ 180° հետ շրջվելով։
Հրաչը մահացել էր մեկ ամիս առաջ՝ Կերչի մատույցներում։ 390-րդ դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի կողքին մինչև վերջ կռված ու թրծված լեյտենանտը շարունակել էր կռիվն՝ անգամ Զաքյանի մահից հետո, սակայն Կերչի գրավվելուց հետո զոհվել էին Հրաչն ու իր երկու ընկերը՝ Գևորգն ու Տիգրանը։ Այս երեքը նույն թաղից էին, նույն բակում մեծացած, նույն ամսում զորակոչված ու նույն հայկական դիվիզիայում հերոսացած։ 1942-ի մայիսին դիվիզիան գլխովին ոչնչացվեց։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրերով հեռու հերոսացող ընկերներից ավագի քսաներկուսը նոր էր բոլորել, երեքն էլ ունեին սեփական նպատակներն ու երազանքները, սակայն նացիստներն ուղղակի չխնայեցին նրանցնացիստները, ովքեր առանձին - առանձին ջախջախեցին ողջ ցամաքային եվրոպան, մարդասպանության ամենադաժան ձևերն էին փորձարկում հակառակորդի վրա։ Սակայն Հրաչի պարագայում դաժանություն իրականացնել չհաջողվեցկռվելով մինչև վերջին փամփուշն ու փռելով հակառակորդի տասներեք դի, Հրաչն ուղղակի ընկավ շրջափակման մեջ՝ տասնհինգ նացիստների կողմից։ Իրեն չկորցնելով՝ նա ուղղակի հաղթական ծիծաղով որոշեց ինքն իր կյանքին վերջ դնել՝ քանի դեռ հակառակորդը չի արել։ Շրջափակման օղակն աստիճանաբար նեղացնող նացիստներին ուղղակի անհասկանալի էր սպայի ծիծաղը, սակայն Հրաչը պայթեցրեց իր մոտ եղած միակ նռնակը՝ նահատակվելով ու իր հետ տանելով ևս տասնհինգին։ Մարմինը այդպես էլ չգտնվեց, կամ, որ ավելի հավանական էր, չճանաչվեց։
 Հասմիկն այս ամենը չիմացավ, կողքին կռվողներից ոչ մեկը տուն չհասավ, իսկ ռադիոն հերոսացրեց միայն Զաքյանին, այն էլ՝ պատերազմի ավարտից հետո։ Նամակը բացեց
«Բարև իմ Սեր, իմ միակ, իմ կամակո´ր․․․ Որքան երկար է ձգվում այս մարդամորթը, այնքան շատ եմ սկսում քեզ կարոտել, այնքան շատ եմ զգում կարիքդ։ Բայց չխաբեմ՝ սրա վերջը չի երևում։ Մի կողմից լավ է՝ որքան շատ սպասես, այնքան ավելի կգնահատես ու կկարոտես, սերդ ավելի կմեծանա իմ հանդեպ։ Սպասիր՝ գալու եմ անպայման, քեզ խոսք եմ տվել։ Կարոտում ու սիրում եմ շատ․․․»։
 Հասմիկը կարդաց ու հեծկլտաց, լալիս էր ու կոծում, ողբում, տառապում, կրկին կարդում նամակը՝ բարձրաձայն, ճչալով։ Դարակից հանեց Հրաչի նվիրած կանաչ զարդատուփը, որի մեջ խնամքով պահված էին սիրելիի գրած բոլոր նամակները, համբուրեց բոլորը, կարդաց մեկ առ մեկ, իսկ վերջում՝ կրկին կարդաց վերջինը «Մի կողմից լավ է՝ որքան շատ սպասես, այնքան ավելի կգնահատես ու կկարոտես, սերդ ավելի կմեծանա իմ հանդեպ․․․» «ուրեմն հավերժական սպասմա՞ն ես դատապարտում ինձ՝ հավերժ սիրո ակնկալիքով։ Ու որքան շատ ես սպասում մի բանի, այնքան ավելի մեծ է լինում հիասթափությունդ․․․»,- եզրակացրեց աղջիկն ու շարունակեց ողբը։ Հոգեկան գերլարվածությունից նյարդերը տեղի էին տալիսշուրջ չորս ժամ անդադար լալուց հետո, երբ արցունքներն էլ դավաճանեցին, Հասմիկը լռեց, աչքերը փակվեցին ու հանդարտվեց։ Ուշագնաց էր եղել կամ քնել էր՝ անխռով քնով ու խռովված ապագայով։
 Անձրևը ծեծում էր պատուհանը։ Թվում էր՝ բոլոր որդեկորույս մայրերի արցունքները, այրիացած  կանանց ու սիրող աղջիկների արցունքները, որբացած երեխաների  արցունքները հավաքվել ու կանգ առնելու կոչ էին անում։ Լալիս էր երկինքը, լալիս էր և արևը մեռնում էր երկիրը․․․
 Պատերազմի հետագա ընթացքն ուղղակի շրջադարձային եղավ դեմոկրատական ուժերի համարթեև 1942-ի կեսերին ֆաշիստական ուժերը հասան Ստալինգրադ, որի գրավումը բացելու էր Կովկասի դարպասները, այդուհանդերձ, վերմախտի զորքերը միայն այսքանն ի վիճակի եղան անելուեզրագիծը Ստալինգրադն էր, բեկումն ու շրջադարձը Ստալինգրադից պիտի դրվեր։

2


Ձմեռ էհերթական մեկը վերջին ձմեռներից, որոնք ատելի էին ոչ միայն  ցրտի, այլև ընդհատված ճակատագրերի, կորցրած սիրելիների ու անավարտ պատմությունների պատճառով, հերթական ձմեռը, որից հետո նոր կյանքի ակնկալիքներ կային, սակայն դրանք միայն ակնկալիքներ էին։ Սառույցն ու ցուրտը, օդի սառնությունը, ձյան առատությունը դժվարեցնում էին ռազմաճակատայինների դրությունը։ Վոլգան սառել էր։ Մայր գետը սառել էր այնքան, որ  հակառակորդի տեխնիկան ու մեքենաները հանգիստ անցնում էին սառույցի վրայով։ 1942-43-ի ձմեռը անտանելի ցուրտ եղավ, նացիստների համար՝ անսպասելի, դաշնակիցների համար՝ աննպաստ։ Բնությունը երես էր թեքել կոմունիստներիցսովետական, խորհրդային կամ չգիտեմ՝ ինչպես անվանել պատերազմի «անմեղ» կողմին, մարդասպանների «արդար» թևին։ Օրվա ընթացքում օդի սառնությունն էլ թույլ չէր տալիս կռիվը թեժացնել։ Մառախուղը, միախառնված պայթած արկերի, կրակված փամփուշտների ու ռազմատեխնիկայի շարժից առաջացած ծխին, անտեսանելի էր դարձրել շուրջբոլորը։ Փամփուշտները տեղում էին՝ անսպասելի ուղղություններից ու անկանխատեսելի արագությամբ։
 Վոլգայից մոտ մեկ կիլոմետր հեռավորությոն վրա՝ քաղաքի ու գետի միջև հաստատուն կանգնած մի շենք կար՝ բազմահարկ, որպես խրամատ կամ հարմար թաքստոց ծառայող։
 
Անընդհատ կրակի տակ պահվող աղյուսաշեն շենքի դեմքը փոխվել էր լիովին՝ պատուհաններին ապակի չէր մնացել, դռներին՝ դռնափայտ։ Միակ  մխիթարանքը շենքը շրջապատող անանցանելի բարիկադներն ու ինժեներական արգելափակոցներն էին։ Մոտ 2000 զինվորներ կողք-կողքի կռվում էին երկրորդ, երրորդ ու չորրորդ հարկերից, հինգերորդում էլ վիրավորներն էին։ Երկրորդ հարկում գնդացրորդներն էին, երրորդում ավտոմատավորները, իսկ ամենասահմռկեցուցիչն առաջին հարկն էր, որտեղ պահեստավորել էին իրար վրա դարսված անկենդան մարդկային մարմինները, որոնցից մեռելահոտ էր տարածվել՝ անկախ սառը եղանակից։ Շենքն ուղղակի գլխացավանք էր դարձել ինքնավստահ ֆաշիստական ուժերի համար, որոնք ամբողջ ուժն այստեղ կենտրոնացնելով՝ թիկունքն էին աչքաթող արել։ Երրորդ հարկի դիպուկահարների մեջ ավտոմատը ձեռքին փայլում էր մի ամրակազմ երիտասարդ, ով թեև հասարակ մի սերժանտ էր, սակայն ուղղակի փայլում էր՝ կենդանի թիրախների խոցման վարպետությամբ։ Գնդակները, ասես Աստծո հովանավորությամբ, նրան շրջանցում էին դեռևս, ինչն ուղղակի օր-օրի ավելացնում էր սպանված նացիստների թիվը։ Կրակային պատրաստությունն անցնել էր Ռոստովում, այնուհետ տեղափոխվել Ստալինգրադ ու սկսել փայլել։ Այսպիսին է հայը՝ փայլում է պատերազմում, կռվում, ամենուր, ամեն  տեղ, սակայն ոչ սեփական հողի ու պետականության համար։
 Կրակելով ու խոցելով ամեն նոր թիրախ՝ երիտասարդն ուղղակի չէր զլանում ավելորդ անգամ լսել զինակիցների գովեստի խոսքերը, որոնք լրացուցիչ խթան էին հանդիսանում իր համար՝ թեև որոշներն ուղղակի ավելորդություն կհամարեին։ Մարդասպանության մրցավազքում նա առայժմ առաջատարներից էր։ «Որքան կհիանար Անիս ինձնով»,- մտածում էր Մեծախոսը, երբ ներքևի հարկից գնդացրի կրակոցը կանգնեցրեց հակառակորդի հերթական մեքենան։ Քսան րոպե չէր անցել, երբ տարածվեց լուրը, որ գնդացրորդը տասնչորսամյա Սաշան էր՝ Վոլժսկ ավանից։ Ռուս պատանին, կամ ավելի շուտ՝ տղամարդ-երեխան կանգնեցրել էր հակառակորդի մեքենան։ Աշոտից մի քանի քայլ հեռու միակ մարտական ընկերն էր՝ Հայկը։ Հասուն ու խելամիտ, սառը դատող, իր տարիքի համար մազերի մեջ բավական շատ արծաթե թելերով, թխամորթ, բարձրահասակ երիտասարդը հատուկ սաստում էր ընկերոջ մեծամտության ամեն պոռթկում։
 - Դատարկ բան, ես արդեն նշան էի բռնել հակառակորդի ճակատին, ուղղակի չէի կողմնորոշվում՝ քանի կրակոցով սպանեմ,- մեծախոսեց Աշոտը, ում, թվում է՝ պատերազմն էլ չէր ստիպել հրաժարվել պոռոտախոսությունից։
 - Դե ուրիշ հումանիստ ես դու,- հեգնեց Հայկը հայերենով։
 -Հայ ենք չէ՞-, ոգևորվեց Աշոտը, - հիշի´ր, եղբա´յր, ինձ փառքի դափնիներով են տուն տանելու։   
- Ավելի լավ է՝ ուշադիր եղիր՝ դափնիների փոխարեն վիրակապված գլխով չտանեն։
Գնդակը սուրաց Աշոտի գլխավերևով։ Զինվորը կենտրոնացավ, ուժերը լարեց ու սկսեց հերթական փամփշտատուփը դատարկել սվաստիկայով դրոշակներ կրող մեքենաների ու նույն պատկերով թևկապեր կրող զինվորների ուղղությամբ։
 Արկերի պայթյուններն ու փամփուշտների տարափը չեն դադարումանհասկանալի, գերբնական կամքի ուժով զինվորները չեն քնում։ Մի կողմից կրակոցներն ու պայթյունները, մյուս կողմից՝ թշնամու վտանգն ու լարված դրությունը ստիպում էին մոռանալ ու անտեսել քնելու ցանկությունը: Քնել հնարավոր էր ամեն ժամի, քնել կարելի էր անսահման, սակայն այժմ պետք չէր մտածել քնի ու հոգնածության մասին, քանզի ավելի կարևոր էր սեփական գոյության, ապրելու, ապագայի հույսերի մասին մտածելը։ Կային նաև գերհոգնած, գերլարված ու գերտանջված զինվորներ, ովքեր ուղղակի չէին դիմադրում քնելու գայթակղությանըգայթակղություն, որ հավերժական քուն էր պարգևում՝ թշնումու բազկի անմիջական ազդեցությամբ։
 Գարնանային թարմ օդը զով զեփյուռի հետ խփեց դիտակետից թշնամու շարժ ակնկալող զինվորի դեմքին։ Թշնամու հերթական կենդանի թիրախին սպասող երիտասարդը, որի ճակատին առաջին կնճիռներն էին երևում, արդեն նախկին խանդավառության մեջ չէր, հերթական անգամ տունդարձի մասին էր մտածումչէ՝ վախկոտ չէր, ուղղակի արդեն չափազանց երկար էր տնից, սիրելիներից, ընկերներից հեռու մնացել, արդեն բավական շատ էր սպանել, տրվել խելահեղ սպանդի գայթակղությանը, ու իր համար, ինչպես սրամտում էր երբեմն՝ արդեն փակել էր դրախտի դռները, իսկ դժոխք, առայժմ, չէր շտապում գնալ։ Արդեն մեկ տարուց ավելի՝ Ստալինգրադում է, նույնիսկ սկսել է տանջվել քաղաքի ամեն ավերված շենքի ու գործարանի համար, արդեն ընկերների քաջալերող կամ գովաբանող խոսքերին էլ նախկին ոգևորությոմբ չէր սպասում կամ արձագանքում, շատերն էլ իր նման կորցրել էին ոգևորությունը։ Գիշերային դիտումներից արդեն աչքերը վարժվել էին ամեն բան տեսնելուն, իսկ լուսնի լույսն այսօր ավելի էր հեշտացնում գործը։ Լուսինը թախծոտ աչքերով նայում էր դիտորդի դեմքին, նրանց հայացքները հանդիպեցին օդում։ Ու ինչ-ու մի տեղ, հեռվում, նույն հայացքով լուսնին նայում էր անքուն մի աղջիկ, նայում էր հենց այն պահին, երբ զինվորի ու լուսնի հայացքները հանդիպեցինտղայի հայացքը կորոտ էր արտահայտում, լուսնինը՝ գույժ էր կանխատեսում, խղճալով էր նայում․․․ Աշոտին։
 Մոտակա պարսպի համեմատաբար լավ պահպանված մասի հետևից խլրտուք նկատվեց։ Աշոտի համար սա նոր մարտահրավեր թվացկրակել պարսպին՝ անիմաստ է, քանզի պատի հաստությունից փամփուշների անիմաստ կորուստ է ունենալու միայն, իսկ եթե թվացել է՝ ավելորդ ուշադրություն կգրավիզարմանալի է, բայց այս անգամ տարօրինակ կերպով Աշոտին չգրավեց ուշադրության կենտրոնում հայտնվելու գաղափարը։ Քամին էլ չարամտորեն ոռնում էր՝ սատարելով դավադիրներին։ Թիկունքից լսված ոտնաձայներից Աշոտը մեխանիկորեն ու վայրկենաբար շրջվեց՝ մատը ձգանին։
 - Սըսս,- մատը շուրթերին տարավ Հայկը,- խմիչք եմ բերել՝ տաքանաս։
 - Այ թե ձեռքովս էիր գնացել ,- ծիծաղեց Աշոտը։
 - Չե՞ս ուզում մի փոքր քնելկփոխարինեմ քեզ, արդեն քանի գիշեր չես քնել։
 - Ցավոք, խորհրդիդ հետևելու համար շատ բան է պակասում՝ մահճակալ ու տանիք։
 - Դու դժոխքի կրակների վրա էլ կսրախոսես,- Դյումային հիշեց Հայկը։
 - Զարմանում եմ, թե գրքերդ թողած՝ ինչը ստիպեց քեզ հայտնվել էստեղ։
 - Դե, էստեղ շատ ավելի  կարևոր դասեր եմ ստանում, իսկ հետո կգրեմ մի հետաքրքիր գործ պատերազմական թեմայով։
 - Չմոռանաս՝ գլխավոր հերոսիդ ինձ նման կկերտես՝ իդեալական ու կատարյալ։
 - Մեծախոս, փառամո՜լ։
 - Գիտես, հոգնել եմ արդեն էստեղ մահվան սպասելուց․․․
 - Մի´ փիլիսոփայիր, շուտով տանը կլինենք, սրանց առաջընթացն արդեն կասեցրել ենք։ Ինչ մահվան մասին ես մտածում, երբ փառքդ առջևում է,- ծիծաղելով հեգնեց Հայկը։
- Դե, կյանքը, առավել ևս պատերազմի դաշտում, մահվան մշտական սպասում է։ Ուղղակի առավել համբերատարներին ավելի ուշ է այցելում, - տարօրինակ լրջությամբ շարունակեց Աշոտը։
- Դե դու էլ սպասիր,- հարմար խոսք չգտավ Հայկը։
- Սպասել․․․ ես դրա վարպետն եմ․․․ ես մի ամբողջ հավերժություն սպասեցի մի ժպիտի, որն ինձ տրվեց մի պահ ու խլվեց ավելի արագ, քան տրվել էր։ Զգում ես՝ շեղվում ենք դիտարկումիցս, գուցե էսօր սրանք մի ներկայացում տան անակնկալ կերպով։
- Գնում եմ, խմիր՝ լավ գինի է․․․- գնալիս եզրափակեց ընկերը։
Ընկերների զրույցի ընթացքում պարսպի հետևում հավաքվել էր 10 հոգանոց մահապարտ նացիստների ազգայնամոլական խումբը՝ երեքական ռումին, հունգար և գերմանացի զինվորներից ՝ «արիացի» ղեկավարի առաջնորդությամբ։ Հնարավորինս անաղմուկ ու աննկատ գործելու՝ պաշտպանական շենք (մեր նկարագրած բազմահարկ շենքը) մտնելու համար նացիստները հարմար առիթի էին սպասում։ Նրանց առաջնորդ գերմանացի Հերմանը բարձրահասակ էր ու սուր աչք ուներառաջին հատկանիշը խանգարում էր լավ ծպտվել տեղանքում, երկրորդն օգնում՝ տեղանքում կողմնորոշվելիս։ Պարսպի ներսի կողմում ժամապահներն ուղղակի պարապուրդի էին մատնված՝ նացիստների նահանջից հանգստացած։ Աշոտը դեռևս դիտում էր տեղանքը՝ ներքին անհանգստությամբ։ Որոշեց ինքն իջնել ու ստուգել, թե ինչ է կատարվում։ Եթե յուրային ռուսներ լինեն՝ կպատժի անուշադրության ու խմածության համար, եթե լինի թշնամի՝ լավագույն հարվածը մոտ տարածությունից կամ թիկունքից թշնամուն հասցված հարվածն է։ Իջավ աննկատ, անցավ առաջին հարկի զազրելի տեսարանի մոտով, հասավ բակ, գնաց պարսպի ուղղությամբ։ Պարսպի մոտ ձայները հստակեցանԱշոտի զգուշավորությունը կրկնապատկվեց։ «Գրո´ղը տանի․․․ սրանց գերմաներենից բան չեմ հասկանում․․․»,- մտածում էր, երբ առաջին ռումինն  անցավ պատը։  Աշոտը անշարժ մնաց պարսպի մոտ՝ թողնելով, որ ռումինն առաջանա։ Պարսպի ստվերն օգնում էր իրեն, լուսնի արծաթը՝ լուսավորում թշնամուն։ Տգեղության մենաշնորհը չարաշահած զինվորը, չհասած շենքի առաջին աստիճաններին, ավտոմատի ստացավ անակնկալ հարված ծոծրակին, որից հետո անձայն փռվեց։ Առաջին թիրախը ոչնչացավ։ «Ուրեմն այս մարդաբանական առարկաների հավաքածուն պիտի ինչ-որ բանի հասնե՞ր»,- մտածեց Աշոտն ու հաղթական ժպտաց, սակայն շարունակում էր անհանգիստ մնալ։ Խոսակցությունը, թեև չէր հասկացել, բայց պարզ էր, որ ամենաքիչը երեք հոգի են։ Սպանվածի մարմինը քարշ տվեց աստիճաններով վերև ու իր համար կրակից պաշտպանվելու պատսպարան սարքեց։ Առաջինի ուշանալուց անհանգիստ՝ Հերմանը երկրորդին ուղարկեց, որը ևս սպանվեց ու տեղավորվեց ընկերոջ դիակի վրա։ «Պետք է տղերքին իմաց տալ», - մտածեց Աշոտը, երբ հանկարծակի մի քանի քայլ հեռու երևացին հակառակորդի մնացած մահապարտները՝ շրջափակելով սերժանտին։
- Տարօրինակ է։ Չսպասեցիք՝ առանձին- առանձին սատկացնեի,- անգլերենով գոռաց Աշոտը՝ փորձելով նախ իր վրա հրավիրել ընկերների ուշադրությունը, հետո՝ գոնե մի քանի րոպե շահել լեզվակռվով։ Մեծախոս, պարծենկոտ ու ցուցամոլ երիտասարդի հաշվարկները, ցավոք, չարդարացան՝ անգլերենը չհասկացվեց։ Չսպասելով հակառակորդի գործելուն կամ օգնական ուժերին՝ կրակ բացեց։ Ձայները հասել էին շենքի անձնակազմին։ Սաղավարտը խանգարում էր, սաղավարտը ծանրանում էր։ Կրակեց մեկին, տապալեց նաև երկրորդին՝ անտեսելով ուսի վերքը։ Վիրավորվեց նաև ծունկը՝ մինչև կտապալեր երրորդին։ Վերևից կրակի տարափի տակ պառկեցին ևս երեքը։ Սաղավարտը պահելն այլևս անօգուտ էր՝ պաշտպանվել չէր կարող։ Վերևից իրեն նայող հայացքների տակ մի ոտքի վրա կանգնեց՝ չէր ուզում ընկերները ծնկած տեսներին։ Հերմանին տապալելուց հետո զգաց՝ ձեռքերը թուլացան, մի ծունկն էլ ծալվեց ու ընկավ։ Հորիզոնն ազատ էր՝ նացիստները տապալվել էին։ Աչքերը հառեց լուսնինԼուսինը թախծոտ ժպտաց։ Աշոտն ընկավ՝ դեմքին զգալով անձրևի կաթիլները։ Լուսինը լալիս էր․․․
 Ներկայացումն ավարտվեցթատրոնի շենքի բակում սկսված ու Վոլգայի մատույցներում եզրափակված ներկայացումն ուղղակի կատարյալ էր։ Հերոսի արարքը, հերոսի խաղը դարձավ համընդհանուր քննարկման նյութ, հերոսի խաղը տպավորեց, հերոսի խաղն ուղղակի արդարացրեց իր իսկ փառամոլության սպասելիքները։ Անգամ Լուսինն էր հուզվել, հուզվել էր հորդառատ հուզմունքով․․․

Ահա և վերջ․․․ Վերջ հարաժամ և հարատև


Իբրև վերջին, փակվող մի էջ։


ԵՎ վերադարձ չկա արդեն․․․


Հեղինակ` Աբրահամ Ավագյան

Տարածել