5 պատճառ` ինչու կարդալ Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը

August 11, 2023

Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Առանձնացրել ենք փաստեր՝ ինչու կարդալ գիրքը և ինչով է բացառիկ։

1.    Եթե սիրում եք պատմական վեպեր

«Անդրանիկի վերջին ձին» գիրքը պատմում է 100 տարի առաջ եղած դեպքերի մասին: Սևանի ափին թաթարները խաղաղության շուրջ բանակցելու ու հյուրասիրության համար հրավիրում են Սիլիկյան եղբայրներին ու սպանում նրանց:  

2.    Եթե ուզում եք իմանալ Հայի վրեժի մասին

Սիլիկյան եղբայրների սպանությունից հետո տեղի է ունենում մի փայլուն օպերացիա, որով հայերն իրենց վրեժն են լուծում սպանված հրամանատարների համար: «Զոդ օպերացիան» հայոց պատմության ամենադրամատիկ ու կարևոր դեպքերից է:  

3.    Եթե սիրում եք գեղարվեստական գրականություն

Վեպը սկսվում է պատմական իրադարձություններով, բայց այն գեղարվեստական պատում է մի գերդաստանի ու մի գյուղի մարդկանց մասին: Գրքում հերոս է մի ամբողջ գյուղ: Հերոսները շատ են, բազմաթիվ: Գյուղում ապրող բոլոր մարդկանց, ընտանիքների մասին կան անհավանական հետաքրքիր անձնական պատմություններ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքից մինչև սեր, դավաճանություն:

4.    Եթե սիրում եք քաղաքական վեպեր  

Վեպի իրադարձությունները սկսվում են 1918-ից՝ հասնելով մինչև մեր օրեր՝ 2020 թվական: 100 տարի տևող իրադարձությունների ընթացքում գործում տեսնում ենք կարևոր քաղաքական դեպքերը, որ եղել են. Խորհրդային կարգերի հաստատումից, կուլակաթափությունից, մինչև Անկախ Հայաստանում կատարվող դեպքերը: Վեպն ավարտվում է կորոնավիրուսի համավարակի շրջանով:

5.    Ինչ կապ ունի վեպի հետ Անդրանիկ փաշան ու նրա ձին

Անդրանիկ փաշան վեպում գրեթե առասպելական, էպիկական հերոս է: Իսկ նրա նժույգն այն կարմիր թելն է, որն անցնում է ամբողջ վեպի ընթացքում: Ոչ ոք չի տեսել, բայց լսել են, ինչպես է Անդրանիկն իր վերջին նժույգը նիրել վեպի հերոսներից մեկին: Նժույգը մնում է թշնամու մոտ ու 100 տարի գերդաստանին չեն ներում՝ Զորավարի ձին կորցնելու համար:  

Կարդացեք նաև