Ինչպես ամրացնել ծնող-երեխա կապը ու միաժամանակ լինել ոչ նյարդային, հոգատար ծնող (տեսանյութ)

October 30, 2023

«Կարգապահություն առանց դրամայի» գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով։ Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները և ամրապնդել ընտանեկան կապերը: Այս ուղեցույցով աշխատում են նաև հայ հոգեբաններն ու մանկավարժները։ Հենց նրանք էլ առանձնացրել են այն կարևոր ուղերձնեը, որոնք հեղինակները ցանկացել են փոխանցել ծնողներին։

Դենիել Սիգելի ու Թինա Փեյն Բրայսոնի ծնողավարման ու կարգապահության մասին հեղափոխական ուղեցույցի մեթոդները «Կանա» կենտրոնի մասնագետներին ծանոթ են: Կարդացել են ու նաև կիրառում են։ Ըստ Ուսումնական-հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբան Էլիզա Մանուկյանի, գիրքն ունի շատ առավելություններ. «Շատ հավանեցի ուղեցույցը, քանի որ զուտ գործնական խորհուրդներ են։ Կցանկանայի, որ ծնողները կարդան, որովհետև քայլառքայլ խորհուրդ է տալիս՝ ինչպես ստանձնել ծնողավարման այդ մեծ առաքելությունը»։

Ինչպես «Կարգապահություն առանց դրամայի» գրքի հեղինակներն են խորհուրդ տալիս, նախ պետք է հուզական կապը գտնել երեխայի հետ, հետո սովորեցնել կարգապահություն։ Հոգեբան-մանկավարժներն այս նույն հմտությունները փոխանցում են ծնողներին ու ի սկզբանե բացատրում՝ կարգապահությունը պատիժը չէ, ճիշտ հակառակը. «Դիսցիպլինան խառնում են, թե ինչպես երեխային պատժել։ Դիսցիպլինան ոչ թե պատժի, այլ սովորեցնելու համար է։ Համալսարաններում անցնում ենք տարբեր դիսցիպլինաներ, նույնը ծնողավարումն է»։

Գրքի գլխավոր միտքը հաստատում է նաև ուսումնական-հոգեբանական կենտրոնի հոգեբան Մանյա Ասլանյանը՝ անսովոր վարքն ու կամակորությունը ծնողին հուշում են ուշադրության ու սիրո պակասի մասին: Իսկ պատիժը՝ միայն ագրեսիա ու բարդույթներ է առաջացնում. «Վախի զգացում ենք տալիս, կոմպլեքսներ, բարդույթներ, որը հետագայում սոցիալիզացվելու հետ կներդրվի»:  

Կարգապահությունն այն իմաստով, ինչպես բացատրում ու սովորեցնում են կիրառել «Կարգապահություն առանց դրամայի» գրքի հեղինակները, ծնող-երեխա կապն ամրացնելու, առողջ հոգեբանությամբ ու ինքնավստահ երեխա դաստիարակելու ու ոչ նյարդային, հոգատար ծնող լինելու մասին է: 

Կարդացեք նաև