[Պանելային քննարկում] «ՏՏ ոլորտը Հայաստանում». փառահեղ անցյալն ու խոստումնալից ապագան (լուսանկարներ, տեսանյութ)

March 12, 2022

Ձմեռային փառատոնի ընթացքում տեղի ունեցավ պանելային 5 քննարկում՝ նվիրված ամենատարբեր ոլորտներին: Քննարկումներից մեկը վերաբերում էր մեր երկրում ՏՏ ոլորտին՝ փառահեղ անցյալը, վերածնվող ներկան և խոստումնալից ապագան թեմայով: Newmag-ի նախաձեռնած քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերություններ, և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Պանելային քննարկմանը մասնակցող DataArt Հայաստանյան ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանի խոսքով, մեր երկիրն ունի հարուստ ժառանգություն, որը ստացել է անվանի գիտնականներից, պարզապես պետք է այդ ամենը զարգացնել: Հատկապես որ 1990-ականներին տասնամյակների աշխատանքը, ներդրումները փոշիացան. «Աշխարհով ցրվեցին այն մարդիկ, որոնք ներգրավված էին ՏՏ ոլոտի զարգացմանը: Մի շրջան նույնիսկ թևաթափ եղան, բայց վերջին երկու տասնամյակում, ոլորտը կարծես սկսել է վերածնունդ ապրել: Ինձ համարում եմ ոլորտի հնաբնակներից»:

  

ՏՏ կորիզ սերունդը, որ լքել էր երկիրը, գենետիկական հիշողությամբ, կարողացավ տարբեր երկրներում իր ներուժով ստեղծել փոքր ու միջին ՏՏ ընկերություններ, որոնք տարեցտարի համալրվեցին լուրջ մասնագետներով: 1950-60-ականների սերունդը նրանց համար դարձան մենթորներ՝ հավելում է Բաղդասարյանը. «Հավաքվեց սերունդ, որը հիմա հաջողել է: Այս վերածնունդի համար կա երկու պատճառ՝ մեկը գենետիկ հիշողությունն է, մյուսն էլ այն մենթորները, ովքեր 1950-ականներին կերտեցին Հայաստանի ՏՏ պատմությունը»:

  

Իսկ 1950-ականներին Ալիխանյան եղբայրների, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Մերգելյանի ու շատ շատերի շնորհիվ էր, որ մեր երկիրը համարվում էր Խորհրդային շրջանի սիլիկոնային հովիտ: Մեծ ներդրումներն էլ հենց մեր հանդեպ վստահության արդյունքն էին՝ նկատում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը. ««Մարդիկ և մեքենաները» գիրքը մեծ իրադարձություն է մեր ոլորտի համար: Այն ժամանակ Պոլիտեխնիկական ինստիտուտն այնքան մեծ համբավ ուներ, որ 25.000 ուսանող ուներ: Հիմա 7000 է: Պետք է գրքերի, պրոպագանդայի միջոցով նոր սերունդին ներգրավել ՏՏ ոլորտ»:

 

   

Newmag Winter Fest-ի գլխավոր գործընկեր Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանի խոսքով, հաշվի առնելով նաև երկրի ՏՏ մեծ պոտենցիալը՝ իրենց կառույցը ցանկանում է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություն՝ իր շուրջ հավաքելով նոր սերունդին. «Լինելով երկրում առաջին հեռահաղորդակցական ընկերությունը՝ մենք այսօր ունենք 6000 աշխատակից: Անհրաժեշտ է լուրջ տրանսֆորմացիա՝ սկսած կադրային քաղաքականությունից: Որակյալ կադրերի կարիք կա այսօր՝ ռադիոինժեներների, ծրագրավորողների, ՏՏ մասնագետների: Շուտով մեր ընկերությունը ամբողջությամբ կդառնա հայկական, ինչն էլ հենց վկայում է գենետիկ հիշողության մասին: Պարզապես այս դաշտում հարկավոր է ոգեշնչում, ինչպես օրինակ, այս գիրքն է»:  

 

Newmag-ի հրատարակած «Մարդիկ և մեքենաները» ևս մեկ ապացույց է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում ունեցել է լուրջ ներուժ, ու որ ժամանակն է իրագործել 1960-ականների երազանքը՝  երկիրը վերածել սիլիկոնային հովտի: Հատկապես որ ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանում մեր նոր սերունդը ՏՏ-ում գրանցում է հեղափոխական արդյունքներ:

 

   

Կարդացեք նաև