[Զինվորի օրագիր – 23] 5  ահասարսուռ իրապատում զինվորական սարսափների մասին

June 23, 2017

Ուրվականների մասին գրքերը հետաքրքիր են, արկածային, սև ու սպիտակ: Նույնն է նաև էկրանին: Սարսափ ֆիլմերն ինձ համար ծիծաղելի են, ցերեկն էլ, գիշերն էլ: Հոգիների մասին պատմությունները ավելի շատ հեքիաթային են, երևակայական ու անհավատալի: Իրատես եմ, առանց հուզականության: Մինչդեռ սնահավատներն այլ կարծիքի են, հավատում են հոգիներին, ուրվականներին, վախենում, խուսափում նրանցից: Կարծում եմ բանակի սնահավատներն ու իրատեսները հավասար են: Առաջին խմբում գերակշռում են ժամկետայինները, սպաներն ավելի ռեալիստ են:
Իրատես եմ, բայց այս անգամ կպատմեմ զինվորական ուրվականների մասին: 5 պատմություն՝ հազարավոր հերոսներով: Նրանք չկան, բայց նրանց մասին մանրամասն ու ականատեսի աչքերով պատմում են սերնդե րսունդ, զորակոչից զորակոչ, հերթափոխից հերթափոխ:  



Զինվորի օրագրից



Ի դեպ, այն ինչ կկարդաք, հորինվածք չէ, գրական ստեղծագործություն նույնպես, զորացրվածներին հարցրեք, կվկայեն: Այս պատմությունները երկու տասնամյակից ավելի վաղեմություն ունեն, մինչդեռ որևէ մեկն այդ մասին անցյալով չի խոսում, բոլորը համարում են, որ իսկապես ուրվականներ կան, տեղը մատնացույց են անում, նախորդներից փոխանցած հորդորներին հետևում՝ զինվորական ճշտապահությամբ:

  1. Հանրապետության հյուսիսային զորամասում ուրվականներ կան, ավելի ստույգ ձայներ են լսվում: Այդ մասին պատմել է զորամասի «խառոշին»: Ասել էր՝ տարածքի ամենավերջին շենքին չմոտենալ, առավել ևս չփորձել ներս մտնել, նույնիսկ հեռվից պատուհաններին չնայել: Մեկը լսել էր, սրտին մոտ ընդունել, մեկ ուրիշը չէր էլ կենտրոնացել այս «հրամանի» վրա: Եղել են զինվորներ, որ խորհուրդներն անտեսել են, արգելված պտուղն ավելի քաղցր համարելով ուղղություն են վերցրել դեպի լքված, կիսաավերակ շենքի կողմը՝ երկուսով, երեքով, այն էլ գիշերով, որ որևէ մեկը չիմանա իրենց արկածների մասին: Շենքի տարածքը զննել էին, մոտեցել կիսափակ, բայց շղթայված դռներին ու սարսափահար փախել: Ասում են, նույնիսկ հոգեկան խնդիրներ են ունեցել, երկար ժամանակ չեն խոսել, միայն կրկնել են լսած վնգստոցը:


Սա գուցե իրական է, նաև հավանական և դաս՝ նոր զորակոչվողների համար, որովհետև նույնիսկ եթե պատմությունը կեղծ է, ներշնչանքը կարող էր նրանց այդ օրը գցել: Հատկապես երբ ձայներ իրականում կարող են լսվել: Ադ տարածքում կիսաքանդ տներ կան, վեր խոյացող խողովակներ և քամին կարող է անցնել նրանց միջով, շվշվացնել և վախ սփռել, հատկապես ուրավականի հետևից եկածների շուրջ (Ապարանի մոտակայքում խողովակներից կառուցված խաչի նման, տեղացիներին հացրեք, կհաստատեն գիշերն անհանսգտացնող ձայների մասին լուրերը):


Զինվորի օրագրից



Իրականում այս ամենն իր նախապատմությունն ունի, որը երբեմն ստիպում է հավատալ այս միֆերին: Զորամասի տեղում խորհրդային տարիներին շրջանի հոգեբուժարանն էր, գժանոցը: Շենքերն էլ արտաքինից ու ճարտարապետությամբ վկայում են, որ համալիրը ծառայել է որպես հասարակական որևէ խմբի կացարան: Այստեղից էլ սերում են բոլոր սարսափ սթորիները՝ իբր սենյակներից մեկում մի կին է մահացել ու հոգին շրջում է հարկերով: Ասում են լամպերը երբեմն ինքնուրույն վառվում, մարում են, պատուհաններ են բացվում, ուժգին փակվում, ապակիներ են կոտրվում, թափվում: Հետքերը կան:
Այս առեղծվածը բացառելու համար գիտությունը փաստեր կգտնի, կհիմնավորի, որ դրանք թվացյալ են և իրական պատճառներ կան յուրաքանչյուր դետալի հիմքում, մինչդեռ դեռահասների, այն էլ զինվորների համար դրանք օրինաչափություն չեն, հակառակը՝ չհնացող, չմոռացվող չմեռնող լուրեր են:

2. Զինվորները «կապտյորկայի» (սենյակ է, որտեղ անձնակազմը պահում է պայուսակներ, իրեր) լույսները երբեք չեն անջատում: Տարիների ընթացքում ընդունված մոգական ու համազինվորական այս կարգը խախտել են երկուսը: Նրանց պատժել են խիստ՝ հենց ընկերները ու վերադասից հեռու: Այդ սենյակի լույսերը մարելը՝ զորամասում նույնն է, ինչ քնելը խրամատում՝ մարտական հերթապահության ժամանակ: Յուրաքանչյուր նորեկ առաջինն այդ մասին է իմանում: Խախտողներն արժանանում են հայհոյանքի, ապտակի:


Երբ լույսները անջատում են, սենյակը տակնուվրա է լինում, պահարանները շրջվում են, գրքերը թափվում, վարագույրը պոկվում է, դուռը բացվում, կասկաներն անհետանում: Ներկայիս ծառայողներին պատմել են նախորդ սերնդի տղաները և այդպես մինչև անհիշելի տարիներ: Ընդ որում, երբ երկու զինվորները խախտել են կարգը՝  աղմուկ է բարձրացել, խառնաշփոթից արթնացել են քնածները, մի քանի օր մենակ չեն մնացել, միասին են քայլել, զրուցել, տառապել են անքնությամբ, մինչև որ հաջորդող գիշերներն անցել են, ամիսը փոխվել, սթրեսը դուրս եկել:


Զինվորի օրագրից



Ովքեր չեն հավատում, ասում են՝ գուցե ներսում կենդանի է հայտնվել: Եվ լույսերը մարելուն պես չորքոտանին վախեցել ու այս ու այն կողմ է վազել, խառնել ամբողջ գույքը, կեղծ աղմուկ է բարձրացրել: Վախեցողները նույնիսկ ստվերներ են նկատել, հետո համոզվել են, որ ընկերների շողքն է: Այնուամենայնիվ երկար ժամանակ չեն հանդարտվել:

3. Հանրապետության մեկ ուրիշ զորամասի շենքի նկուղի դռները չեն բացվում: Կողպված են ներսից: Ցանկացած մեկը միանգամից կգտնի պատասխանը. Մեկը ներս է մտել, դռները փակել, ինքնասպան է եղել: Ինչպես Զոհրաբ Հարոյանը կասեր. Իրականում՝ ՈՉ: Նկուղի այդ սենյակը դատարկ է, ապացույցները վկա: Դրսի կողմից փոքրիկ պատուհան կա, հետաքրքրվողները ժամանակին կոտրել են ապակին, ներս սողոսկել, զննել տարածքը, համոզվել, դուրս եկել:


Ամեն ինչ սկսվել է 6 տարի առաջ: Զորամասի անհանգիստ զինվորներից մի քանիսը փիլիսոփայական զրույցներ են վարել, Աստվածաշնչյան թեմաներ քննարկել, հետո էլ անցել երկնային կյանքին ու հասել հոգիների գոյությանը: Տարակարծությունները բերել են մեկ կետի. Փորձել, հետո միայն համոզվել՝ հոգիներ կան, թե ոչ: Հավաքվել իջել են նկուղ, գիշերով ու մոմերով: Ձեռքի տակ ունեցել են բոլոր անհրաժեշտ իրերը, եթե չեմ սխալվում հայելի, կավիճ, փետուրներ:
Նստել են կլոր սեղանի շուրջ, մոմերը վառել, առաջին րոպեներին մեկը մեկի վրա ծիծաղել է: Լրջանալուն պես գործի են անցել, արտասանել են. մեդիում, մեդում, մենք կանչում ենք …..յանին: Մի քանի րոպե ձայն չեն լսել, փորձել են երկրորդ անգամ, էլի ապարդյուն: Երրորդ փորձը ստացվել է: Դռան թակոց են լսել, զգացել թույլ քամի: Մոմերից երկուսը հանգչել է, մյուսները տարուբերվել: Տղերքը լեղապատառ փախել են, ընկել ցայտնոտի մեջ:
Թաց ու դուրս թռած աչքերով,դողացող ձեռքերով, աջուձախ հայացքը փախցնող, կուչ եկած տուժածներին գտել են զինակիցները: Սկզբում մտածել են թմրանյութի ազդեցության տակ են, կորցրել են իրականության զգացումը: Ապտակել են, տարել պառկեցրել, ավելի ուշ զգացել են, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Անաղմուկ ձայն են տվել գնդերեցին՝ զորամասի հոգևոր սպասավորին: Սարսափահարներին միասին և դժվարությամբ տարել են փոքրիկ մատուռը: Առաջին րոպեներին երեքն էլ չեն կարողացել նայել սարկավագի խաչին, անընդհատ կախել են գլուխները, կկոծել են աչքերը, ոռնացել: Աղոթքից հետո միայն հոգեկանչ եռյակը ուշքի է եկել, խորը շունչ քաշել ու անցել ծառայության:
Այդ օրվանից հետո որևէ մեկը սարսափելի գիշերվա մասին հարցեր չի տվել, տղերքը մեկ-երկու անգամ են խոսել այդ մասին, կցկտուր և թռուցիկ պատմել, հետո լռել: Չեն հիշում մանրամասները կամ չեն ցանկանում հիշել: Հոգևորականը պնդել է, որ նրանք դիվահարվել են, ի վերջո դևը խաչի լույսից խույս տվել, լքել է զինվորներին: Սպաները համարել են, որ տեղի ունեցածը ինչ-որ մեկի չար կատակի հետևանքն է: Ասում են. Երրորդ փորձից հետո կլոր սեղանի մասնակիցներից մեկը որոշել է վախեցնել մյուսներին, սեղանի տակից խփել է փայտին, հետո փչել, հանգցրել մոմերը, զվարճացել, բայց խուճապն ու հետևանքները տեսնելով խուսափել է խոստովանել, որ իրեն չվնասեն: Հաշվեհարդարը պակաս դաժան չէր լինի:
Սա իրական պատմություն է, ականատեսն ընկերս է, միջադեպի մասնակիցները նրա զինակիցները: Հոգևորականը նույնպես ողջ առողջ է: Ժամկետայինները զորացրվել են, տուն գնացել, նրանց ճակատագիրը գոնե ինձ անհայտ է, մինչդեռ այս պատմությունը բոլորի համար իրական զգուշացում է: Լսում են, կիսվում նորեկների հետ, ներսից փակ դռների մասին խոսում են հազվադեպ ու ամեն եկվորի տեղեկացնում. Հեռու մնա նկուղից, ուրվականներ կան:

4. Հոգիների մասին պատմություններ կան նաև Արցախում, ավելի շատ՝ դիրքերում: Հիմա շփման գծի ամբողջ երկայնքը վերահսկելի է, բացի մեկ կետից: Առանց սկզբնաղբյուրի, բայց համոզիչ հղումներ կան, որ մեկ դիրք կա, որը չեն պահում՝ ոչ մերոնք, ոչ էլ ադրբեջանցիները: Լացող պոստեր են անվանում: Ստույգ տեղն այդպես էլ որևէ մեկը չգիտի, զինվորները վստահեցնում են, որ այդպիսի դիրք կա, սպաները հերքում են՝ սուտ է:


Առեղծվածային դիրքը լեռնային հատվածում է, հակառակորդից ոչ հեռու: Չեզոք գոտին ձոր է՝ հայկական ու ադրբեջանական շփման գծի միջև: Այդ հատվածից մանկան ճիչ է լսվում, ամեն գիշեր, մութն ընկնելուն պես: Թվում է, մի երեխա աղիողորմ լալիս է ու մինչև վաղ առավոտյան չի հանգստանում: Լույսը բացվելուն պես ձայները մարում են, ակտիվանում հաջորդ կեսգիշերին:
Գլխավոր վարկածը հետևայլն է. Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մի հայ հղի կնոջ են գերեվարել, տանջամահ արել, նետել ձորը: Մահամերձ կինը ծննդաբերել է ու շունչը փչել, երեխան էլ երկար չի ապրել, մի քանի րոպե: Այդ օրվանից էլ լսվում են մանկան աղաղակները: Հակառակորդից այսպիսի քայլ սպասելի է, մինչդեռ զարգացումներն այնքան էլ իրական չեն, հատկապես երբ կենդանի ականատեսներ չկան, տեսագրություններ նույնպես, ոչ թե դեպքի, այլ գիշերային ձայները հիմնավորելու համար: 2000-ականների սկզբին այդ ձայներից զինվորներ են շոկի մեջ հայտնվել, հետո որոշվել է դիրքը չհսկել: Ընդ որում ադրբեջանական կողմից նույնպես խուսափում են այդտեղ մարդ ուղարկել, իրենց մոտ այդ մասին նույնիսկ խոսելն է մահացու:
Գիտականորեն կարելի է մեկ բացատրություն տալ: Ձորակում սաղարթախիթ ծառեր ու միջատներ կան: Գիշերը, երբ ուժեղ քամի է սկսվում, տերևները խշշում են, ճյուղերը ճռռում, միջատները սկսում են ձայներ արձակել: Գուցե զինվորներին սա լաց է թվում,  մյուսներն էլ չեն համարձակվում ստուգել տեղեկությունը՝ գիշերով, առեղծվածային դիրքում:
Ընդ որում այս դիրքի աշխարհագրությունը որևէ մեկին հայտնի չէ: Մի մասն ասում են Արցախի հարավում է, այնտեղ ինքս հարցրել եմ, հերքել են: Հյուսիսում նույնպես տեղյակ չեն, կենտրոնում առավել ևս՝ ձորակները գրեթե չկան, հարթավայր է: Հետևաբար կամ սա հորինվածք է կամ էլ մի վայր է, որի մասին գիտեն շատերը, բայց լռում են, հասարակական հետաքրքրությունը չարթնացնելու համար:

5. Արցախի գերեզմանատներից մեկը դիրքերին մոտ է, չեզոք գոտուն նույնպես: Այդտեղ նաև ադրբեջանցիներ են թաղված: Այս գերեզմանատունը որևէ մեկը պատահական օրերին չի այցելում: Դիտարկվող հատվածում է, վտանգավոր է կամ գուցե հանգուցյալների հարազատները չկան՝ հանգուցյալ են: Բայց գերեզմանատան կենտրոնում մի շիրմաքար կա, որը մաքուր է միշտ: Առաջին հայացքից թաղված է ադրբեջանցի: Տապանաքարը մյուսների համեմատ ամեն օր փայլում է, անձրևի հետքեր չկան, փոշին չի երևում, թռչունները չեն կեղտոտում: ԵՎ գլխավորը՝ ամեն առավոտ շիրմաքարին թարմ ծաղիկներ են խոնարհված:


Հակառակորդի կողմից որևէ մեկը չի կարող հատել սահմանն ու ամեն օր ծաղիկներ բերել: Կնկատեն, կձերբակալեն, հարցը կփակվի, կվերականգնվի գերեզմանատան նկատմամբ անտարբերությունը: Հետևաբար այդ գերեզմանին այցելում են հայերը: Զինծառայողները հերքում են սա: Պնդում են, որ ծաղիկներ կան, բայց թե ինչպես են հայտնվում հայտնի չէ, հաստատ է, որ այդտեղ մարդ չի գալիս, իրենք օրուգիշեր հսկում են:


Զինվորի օրագրից



Ծաղիկների հայտնվելու գլխավոր վարկածը որևէ քողարկված հայի այցելությունն է՝ մթնշաղին՝ գաղտնի ու անտեսանելի արահետով: Պատճառը կարող է լինել մեկը: Կամ թաղված ադրբեջանցին իր մտերիմն է եղել կամ ադրբեջանական վերտառությամբ շիրմաքարի տակ հայ է թաղված: Պատերազմի տարիներին գուցե այդպես են արել, որ հակառակորդը չպղծի գերեզմանը: Ով գիտե:
Սրանք այն պատմություններն են, որոնց մասին խոսում են զինվորները, ամեն անգամ մի փոքր ուռճացնում կամ մեղմացնում, խառնում իրենց երևակայության հետ կամ թերի վերապատմում: Ամեն դեպքում՝ բանականության սահմանում չտեղավորվող այս պատմությունները չեն անհետանում, ամեն անգամ թարմանում են, մնում ունկնդիրների հիշողության մեջ: Ինքս չեմ հավատում կամ չէի հավատում այս ամենին, մինչև որ օրագիրը գիշերը գրելիս չլսեցի դռների ուժեղ փակվելը, զինակիցներիցս մեկի բարձրաձայն կռիվը երազում և երեկ գնածս գրիչի վերջանալն այս պահին: Գուցե նախախնամություն է, բայց որոշեցի այսքանով ավարտել օրագիրը, հուսով եմ գիշերը խաղաղ ու առանց տհաճ անակնկալների կանցնի: Մինչև հաջորդ ուրբ…