[Զինվորի օրագիր-7] Ալիևի ծնունդի ծանոթն ու ամեն ինչ Ռազմական Ոստիկանության մասին

[Զինվորի օրագիր-7] Ալիևի ծնունդի ծանոթն ու ամեն ինչ Ռազմական Ոստիկանության մասին

Բանակային օրագրի 7-րդ մասում newmag-ի զինվորը զգում է Ռազմական ոստիկանության ուժն ու նշում Ալիևի «ծնունդը»:

Իմ նախավերջին 6-ամսյակը, սպասված ու երազած ուրբաթը դիմավորեցինք ռազմական ոստիկանությունում: Վաղ առավոտյան, զորամասի դարպասների մոտ, բարձրահասակ մայորը, ցմփոր կապիտանն ու շարքայինը (ինձանից կոչումով ցածր, բայց վստահ պաթոսով) բոլորիս նստեցրին ավտոբուս:  Զինգրքույկները հավաքեցին, առանց բառ ասելու տարան ՌՈ կարգապահական վաշտ: Ամբողջ օրվա ընթացքում զինվորներից որևէ մեկը չդժգոհեց ու չհրաժարվեց անդադար շարայինից, ճռճռան արևի տակ վազելուց, ծխելու արգելքից, նույն հրամանն առնվազն 32 անգամ կատարելուց: Բոլորիս հարցական հայացքները` մեկ պատասխան էին փնտրում…Ինչո՞ւ:

Ռազմական ոստիկանությունը պատկերացրել եմ սարսափելի խցերով, դաժան դեմքերով, ծեծուջարդով` ճիշտ բանտի պես: Գուցե ծանր դեպքերում այդպես է: Ինքս չտեսա: Սևազգեստ ոստիկանները բարի չէին, բայց զգուշավոր էին: Որևէ մեկին չվնասեցին: Պատժեցին առանց դիպչելու: Զինվորները շատ էին, շատերն անծանոթ, շատ դեպքերում առանց շփվելու ցանկության: Ընկերացանք անկախ մեր կամքից:

Սաքոյին հիշում եմ` մի քիչ ատելությամբ, ավելի շատ խեղկատակ համարելով: Նա նորակոչիկ Սարգիսը չէր, որի մասին պատմել եմ, սա մեր գնդի, բայց մեզ անծանոթ զինվոր էր: Մի ամբողջ օր շարայինից քրտնելուց հետո իմացանք. նրա պատճառով են բոլորիս տանջում: Չէր ենթարկվել վերադասին, նկատողություն էին արել, երկրորդ ու երրորդ անգամ: Իրավիճակը սրվել էր, երբ գնդապետին պատվի չէր առել: Ավելին, եռաստղանի սպայի դիտողությունն ընդունել էր քմծիծաղով, պատասխանել հեգնանքով, հեռացել առանց վախի ու խղճի խայթի:


[Զինվորի օրագիր]


Նրա պատճառով բոլորիս էին բերման ենթարկել, որ Սաքոն հասկանա. խնդիր կունենա ոչ միայն ու գուցե ոչ այնքան իրավապահների հետ, որքան զինակիցների: Ապուշի նման ժպտում էր, անընդհատ, չտեսնելու տալիս եռացող հայացքները, աչքերով փոխանցվող անեծքները, քթի տակ լսվող հայհոյանքները:

Արդեն կարևոր էլ չէր պատճառը, անհանգստացնում էր հետևանքը: Զինվորները 3 րոպեանոց դադարներին իրար մեջ պլանավորում էին, ինչպես պատժել մեղավորին, ապտակել, թե ծեծել: Խոսակցության թեման ու բոլորի ցավոտ կողմը մեկն էր, ամեն շարայինից հետո Սաքոյին «ոտնատակ տալու» սթորիներն ավելի էին լրջանում, թեժանում: Կարճատև բրիֆինգների ժամանակ մեկն անընդհատ սթափեցնում էր.

– Տղերք, վերջը լավ չի լինելու, անցած լինի, կխոսենք, կհասկանա:

Երեկոն դիմավորեցինք շարահրապարակի սպիտակ գծերով անցուդարձ անելով: Վերջապես գնացինք ճաշարան: Տղերքից մի քանիսը վախեցած` հաջորդ օրն էին կանխատեսում.

– Երևի սա դեռ փորձն է, գլխավոր բեմադրությունը կսկսվի վաղը:

-Տեղին են ծանոթացնում, վաղը երևի կսկսի իսկական չարչարանքը:

Ճաշեցինք ոստիկանների ուղեկցությամբ, աջից մեկական: Սովորական ճաշերը կերանք քաղցած թշվառականի նման: Մի ամբողջ օրվա վազքից հետո բոլորիս լեզուն դուրս էր ընկել: Ճաշարանի կողքին բնակելի շենքեր կան: Երբ գլխիկոր վերադառնում էինք, մեզ հետևում էին բնակիչների երեխաները: Ձեռքով էին անում: Ժպիտներից զգացվում էր, որ ցանկանում են մեր կողքին կանգնել, քայլել, նկարվել, զինվորի համազգեստ հագնել: Ի՞նչ իմանային, որ մեր կյանքի ու ծառայության ամենաձախողված օրն է:

Ռազմականի տղերքն ամեն ինչն էին կարգավորում, շարքը, շարժը, նույնիսկ քնելն ու քնելու տեղը: Ցուցակով էլ պառկեցինք: Զորանոցն ուղղանկյուն սենյակ էր, մաշված, քրքրված ու փորագրված պատերով: Ով այստեղ ընկել էր, գնալուց առաջ հետք էր թողել. Վլե 2014/1, Ծոյիկ 13/2: Կոտորակից  առաջ գրում են զորակոչման տարեթիվը, հետո ավելի ստույգ` ամիսը: Բանակում զորակոչն անցկացվում է տարին երկու անգամ` հունվարին և հուլիսին, այդ պաճառով էլ գրում են …./1, այսինքն ձմեռային կամ …./2 ամառային призив:

Վերջին շարքերում էի, ընկերներով կողք կողքի պարկեցինք: Առաջին րոպեներով մտածում էի, տեսնես ինձնից առաջ ով է այս մահճակալին քնել` գող, ավազակ, հանցագործ, մարդասպան, դասալիք: Անտեսեցի այդ ամենը, երբ հիշեցի գլխիս եկած պատուհասը: Հետս Հայկն էր, մի օրվա տարբերությամբ ենք ծառայության եկել: Ծրագրավորող է, համեստ ու խեցալի տղա: Մեր վաշտից նաև նորակոչիկներն էին այս փորձանքի մեջ հայտնվել` Արմանը, Սաքոն ու հները` Ալիկն ու Եղիշը:

Գրել կարծիք