[Զինվորի օրագիր – 9 ] Կինոյի տղեն, Եղիշե Չարենցն ու էրոտիկ պոեզիան

[Զինվորի օրագիր – 9 ] Կինոյի տղեն, Եղիշե Չարենցն ու էրոտիկ պոեզիան

Մեր զինվորի օրագրի այս հատավածում նրա հարսանիքն է, կինոյի տղեն ու չարենցյան պոեզիան:

Բանակում քչերն են այդ քայլին գնում, դժվար է հեռվից հեռու ծրագրել, գրաֆիկ կազմել, կոորդինացնել արարողակարգը, որ ամեն ինչ պատշաճ անցնի: Մանավանդ, երբ ռազմականի հետքն ամենից շատ նկատելի էր գլխիս, կարճ մազերով, սևացած դեմքով: Այդուհանդերձ գրեթե ամեն ինչ պատրաստ էր…

Հարսանիք էի գնում: Իմ հարսանիքին

Մինչև մեկնելս շատերին սա կատակ էր թվում: Հումորն ավելի էին գունավորում, ծաղկացնում: Այդպես է: Բանակում յուրաքանչյուր բառ, զրույց, հրահանգ և նույնիսկ ցավակցական գրկախառնությունն է երբեմն անեկդոտի վերածվում:

– Ասա, մենք էլ գալու ենք կորտեժիդ աղվեսը լինենք:

– Ֆորմի տակից գալստուկ ես կապելու էլի:

– Չխմես, ռազմականը, որ բռնեց, էլի տանելու է:

Մոտավորապես այսքանը: Մյուսները, մյուսներին չեմ հիշում, գուցե այնքան էլ ծիծաղելի չէին: Քաղաք էի գալիս շունչ քաշելու, վաստակած հանգիստը վայելելու, մինչդեռ հակառակը ստացվեց: Հարսանքից երկու օր առաջ սկսվեցին վազվզոցները, վերջին շտրիխները` հարսի շոր, տորթ, ծաղիկներ: Մի խոսքով: Սա այլ օպերա է:

Խմեցինք, պարեցինք, ուրախացանք: Մեղրամիսը իրականում մեղրօրեր էին, որ անցկացրինք Երևանից դուրս, բայց երկրում. ժամկետայինին արգելվում է հատել սահմանը, իրականում` միտք էլ չկար, այդ շրջանում` հնարավորություն էլ: 15 օրում կարևոր էր սիրելիներիս տեսնելը, ծրագիրս վերջնակետին հասցնելը, համազգեստս պահարանում խնամքով ու թարմ պահելը: 10 օր չսափրվեցի` դեմքս հանգստացավ: Թաղում դրան բուրժուական վայելքներ են անվանում: Վայելեցի, սելֆի արեցի, կինս պահում է:

Բանակն էլ, համազգեստն էլ կարոտեցի վերջին օրը` ստիպված ու արդեն հանգիստ խղճով: Կինս` ճամպրուկս պատրաստեց, մի քանի տարոսիկ խցկեց կապոցի մեջ, հարսանիքի նվեր-օծանելիքը ցանեց, ճակատս համբուրեց, բարի ծառայություն մաղթեց: Չէ, ճակատս չէ:

Ամուսնական վկայականը տանն էր, նվերներս, առաջին հերթին նաև մատանին: Բանակում արգելվում է զարդ կրել, թույլ են տալիս միայն փայտե վզնոց ունենալ, խաչով: Խորհրդանշական է, հատկապես մարտական դիրք բարձրացողների համար: Մյուսների զարդը` կրծքանշանն էր կամ լավագույն դեպքում ժամացույցը, որ շատ ցանկալի է: Օգնում է, որ ժամանակին հասցնես պարտականություններդ անել, սահմանված ժամերին վերադասին, հերթափոխին կամ ճաշարան ներկայանալ:


[Զինվորի օրագիր]


Զարդեր կրելու արգելքը պարզապես կանոն չէ, այն նաև անվտանգ է: Եղել են դեպքեր, երբ ժամկետայինները զինտեխնիկան նորոգելիս, բեռնատարը բարձրանալիս կամ մարտական առաջադրանք կատարելիս վնասել են մատը, ձեռքը` հենց մատանու և վզնոցի հետևանքով: Այն մնում է ինչ-որ բանի արանքում ու վերջ` արթնանում ես հոսպիտալում:

Շենքի մուտքի առաջ ընկերներս էին և տաքսին, որ պետք է տեղ հասցներ: Կարճահասակ պապիկ էր` տարիների փորձն ուսերին առած, ծխելուց ժանգոտած բեղ-մորուքով: Մինչև տեղ հասանք ամեն ինչ գիտեի իր ընտանիքի` վթարից տուժած որդու, Ֆրանսիայում ապրող դստեր, կնոջ դիետայի, թոռների պահանջած կինդեռների, հարևանի շան մասին: Լռեցի` բազմանշանակ ժպտալով, գլխով տալով, պատուհանին նայելով:  Խորհրդավոր ծերունին խոսեց, պատմեց, կիսվեց, անդրադարձավ քաղաքականությանը, վերադարձավ կոմունալներին, սահուն անցավ Ռուստաստանից ստացած հրավերներին ու վերջում զրույցը փակեց մեկ շիշ գարեջուրը գլուխը քաշելով:

Տեղ հասանք կեսօրին, նա հոգնած, ես շատ թարմ տեսքով` մոռանալով ուղեկցիս, նրա բազմերանգ մենախոսությունը: Դարպասների մոտ սպասում էին, միասին գնացինք զորանոց: Զրուցեցինք կես ժամ, ծիծաղեցինք ավելի երկար: Կարող էի և պատրաստ էի պատմել մինչև լուսաբաց, մինչև այդ կարևոր պրոտոկոլն էր սպասում: Մոտեցա շարային մասին: Այստեղ են գալիս ծառայության առաջին ու վերջին օրը, այստեղից են ուղեգիր ստանում և արձակման թերթիկ` մեկ բառով սա զորամասի արխիվն է:

Թղթերս ներկայացրի, ներկայությամբ վստահեցրի` ժամանակին եմ վերադարձել: Շարժվեցի հրամանատարի սենյակ: Միջանցքում ինձ համար տեքստ էի հորինել, բացում գրել, փակումը մտածել:

– Թույլ կտաք, պարոն գնդապետ:

Գրել կարծիք