Սյունե Սևադա. «Գրելու մեջ ամենակարևորն անկեղծությունն է» (լուսանկարներ)

April 26, 2023

Սյունե Սևադան «Աղի թեյի» շուրջ էր հավաքել ընթերցասերներին։ Newmag-ի ամսվա շրջանակում «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ գրողի հետ հանդիպում։ Գրական երեկոյի ընթացքում Սյունեն պատմել է՝ ինչու է սկսել գրել, պատմվածքից վեպի անցնելու սահուն ուղու, գրականության ժամանակակից խնդիրների, իր գրական հերոսների մասին ու պատասխանել է ներկաների հարցերին։ Հանդիպումը վարել է գրականագետ Աստղիկ Օհանյանը։

Գրական առաջին ու փոքր գործերը Սյունե Սևադան նախ գրել է իր բլոգում, հետո արդեն  2019-ին տպագրեց առաջին գիրքը՝ «Կախվածությունը» պատմվածքների ժողովածու, որը վերահրատարակվեց մի քանի անգամ։ Երեք տարի անց լույս տեսավ նրա երկրորդ գիրքը, բայց արդեն վեպ` «Աղի թեյը»«Պատվածքից անցումը դեպի վեպին մի քիչ բարդ է, բայց իմ դեպքում բավականին հարթ եղավ։ Եթե զգայի, որ վեպ գրելը չի ստացվում, հանգիստ կսկսեի նորից պատմվածք գրել։ Գուցե մի քիչ բախտի հարց է, մի քիչ տեխնիկայի, նայած թե ինքդ ինչպես ես քեզ վերաբերվում»։    

  

Պատմվածքների իր ժողովածուն ներառում է 24 գործ։ Թիվը պատահական չէ, քանի որ հրատարակման տարում գրողը հենց 24 տարեկան էր։ Ստեղծագործելը դարձավ նրա համար ապաքինման միջոց. «Ես առհասարակ սկսել եմ գրել որպես բուժման միջոց։ Գրելը թերապևտիկ գործիք է, գիտեմ, որ հոգեբաններն էլ են մարդկանց խորհուրդ տալիս գրել, օրագիր պահել և այլն։ Այդ ալտերնատիվ իրականությունը գրելով՝ դու հասկանում ես իրականում քեզ ինչ է պետք»։  

  

Ըստ Սյունեի, գրողը պետք է անդրադառնա նաև ժամանակակից խնդիրներին, այն իրականությանը, որտեղ ապրում է, փոխանցի այն ցավը, որը զգում են մարդիկ, միայն թե շատ զույշ. «Այսօրվա խնդիրները պետք է գրվեն որակյալ, չպետք է պարզապես լինի պաթոսով գրառում։ Պետք է զգալ պաթետիզմի և իրական զգացմունքների սահմանը հայրենասիրական թեմայով գրելիս։  Ընդհանրապես գրականությունը պետք է անդրադառնա երկրի խնդիրներին, բայց պետք է անել շատ զգույշ, պետք է լինել շատ անկեղծ, որ ընթերցողին սփոփի, լավատեսություն հաղորդի, հույս տա»։  

 

Վերջում խորհուրդ երիտասարդ ու սկսնակ գրողներին. «Եթե գրելուց նպատակդ միլիոնատեր դառնալն է, պետք չէ, մեր նպատակը պատմելը պետք է լինի։ Գրելը մասնագիտություն է, և միայն ժամանակը կարող է ցույց տալ ով է գրող, ով՝ ոչ։ Գրելը բավականին ծանր աշխատանք է։ Չպետք է տրվել ալիքին, որ աստղ ես, բեսթսելլեր ես. դրսնք ժամանակավոր բաներ են»։  

       

Գրքի ու գրողի հաջողությունը ոչ թե ժանրն է, ոճը կամ թեման, այլ անկեղծությունը, ինչն էլ հենց առաջինն է զգում ընթերցողը։ 

Կարդացեք նաև