Կանայք, գիրք ու գինի ձևաչափով հանդիպում կին ընթերցասերների ակումբում (լուսանկարներ)

November 14, 2022

«Գրքասեր կանանց ակումբի» նախաձեռնությամբ գրող Սյունե Սևադան հանդիպել է ընթերցասերներին: Այս հանդիպումը նախատեսված էր միայն կանանց համար ու հենց ներկաներն էլ հնարավորություն ունեցան Newmag-ի գիրքը ձեռք բերել հատուկ զեղչով: Կին գրքասերները հնարավորություն ունեցան լսել Սյունեին, հարցեր հղել, շփվել ու հանդիպումից հեռանալ Սյունեի մակագրությամբ «Աղի թեյ»-ով:

Անկեղծ խոսոտովանություն Սյունե Սևադայից՝ ինչու և երբ որոշեց գիրք գրել: Այն օրվանից երբ կորցրեց ձայնը: Հենց համերգի ընթացքում ձայնը կտրվեց, այդ պահին իրավիճակը փոխել հնարավոր չէր, բայց որոշ ժամանակ անց ստեղծագործող աղջիկը հասկացավ, որ իր ապրումներն ու հույզերը կարող է մարդկանց հասցնել նաև բառերով՝ թղթին կամ էկրանին. «Այդ ժամանակ բլոգը դարձավ նորաձև, բայց քչերն էին այն գործածում: Բացեցի բլոգ ու սկսեցի գրել»:

  

Առաջին գրքում հավաքեց տարբեր տարիների պատմվածքներն ու անվանեց «Կախվածություն»՝ հենց պատմվածքներից մեկի վերնագրով: Հիմա արդեն երկու գրքի հեղինակ է՝ «Աղի թեյ»-ն առաջին վեպն է, որը հրատարակեց  Newmag-ն, ու գրողն այն ներկայացրեց հրատարակչության այս տարվա ամառային փառատոնին.  «Իհարկե, «Աղի թեյ» ավելի եմ հավանում, ու եթե 3-րդ գիրքն ավելի շատ դուրս չգա, ուրեմն դա խնդիր կլինի: Սովորաբար, ես իմ աշխատանքում փորձում եմ գտնել սեփական թերություններս, համարում եմ, որ միշտ աշխատելու տեղ ունեմ»:

   
«Աղի թեյը» գիրք է տարբեր տարիքի ու սեռի ընթերցողների համար: Իրեն ուղղված նամակներից էլ հասկացել է՝ գրքում ամեն մարդ կգտնի իր հերոսին, հատվածը, միտքը. «Իմ գրքերում մարդիկ միշտ նշումներ են անում, ու ես նամակներ եմ ստանում ամենատարբեր տարիքի մարդկանցից: Գրում են իրենց մանկական հիշողություններից, տրավմաներից, այն ամենը, ինչը կարդում են գրքում ու նույնականացնում իրենց հետ»:

  

Հանդիպման ձևաչափն է՝ վայելել զրույցը մեկ գավաթ գինով, շփվել գրողի հետ, հրաժեշտից առաջ էլ նկարվել գրողի ստորագրությամբ գրքով ու հեռանալ տպավորված՝ մինչև նոր հանդիպում:

Կարդացեք նաև